Իսկ Նաիրա Զոհրաբյանը հանրապետությունում չէ
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր չմասնակցեց սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությանը: ԲՀԿ-ից քվեարկությանը չմասնակցեցին նաեւ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը: Հայկ Խաչատրյան էլ ԱՄՆ-ում է գտնվում, բուժման նպատակով :
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տիկին Զոհրաբյանի բացակայությունը ոչ թե քաղաքական ենթատեքստ ունի, այլ պայմանավորված է աշխատանքային գործուղումով: Նա Հայաստանում չէ: Վահե Էնֆիաջյանը որեւէ խնդիր չի տեսնում, քանի որ Նաիրա Զոհրաբյանն իր դիրքորոշումը քանիցս հայտնել է, կուսակցությունն էլ վաղուց հայտարարել էր իր որոշման մասին:
ԲՀԿ-ում վաղուց խնդիր էին առաջացնում Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Հայկ Խաչատրյանը: Էլինար Վարդանյանը եւ Հայկ Խաչատրյանը օրերս հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու: ԲՀԿ-ն էլ հայտարարեց, որ խմբակցության եւ կուսակցության որոշումը բոլորի համար պարտադիր կատարման է ենթակա: Թե ի՞նչ է սպասվում ԲՀԿ խմբակցության այս պատգամավորներին, ովքեր չմասնակցեցին սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությանը` պարզ կդառնա առաջիկայում: Վահե Էնֆիաջյանն ասաց, որ օրերս հավաք կանեն եւ կքննարկեն այդ հարցը:
Կարդացեք նաև
Տարօրինակ է, բայց քվեարկությանը չմասնակցեցին նաեւ ՀՀԿ-ական պատգամավորներ Լեւոն Մարտիրոսյանը եւ Վարդան Այվազյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նրանց չմասնակցությունը զուտ տեխնիկական խնդիր է` քվեարկությունը տեւել է ընդամենը 15 վայրկյան, իսկ Լեւոն Մարտիրոսյանը եւ Վարդան Այվազյանը ուշացումով են մտել դահլիճ:
Թեպետ նրանք քարտուղարությունում հետո բացատրել են եղելությունը, բայց քվեարկության արդյունքների վրա, դա, բնականաբար, որեւէ ազդեցություն չի կարող ունենալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ