Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իմաստ ունի սահմանադրական փոփոխություններ կատարելու, դրա ժամանա՞կն է, եւ մի՞թե այն չի արվում իշխանությունների վերարտադրման համար, ինչպես որ պնդում են «Ոչ» ճակատի ուժերը:
«Նախ վերարտադրվելը ընդհանուր առմամբ հասարակությունում ընդունված գործառույթ է թե՛ քաղաքականությունում, թե տարբեր տեսական գործելաձեւերում… Ես չեմ ուզում առանձին մարդկանց պատասխանել, բայց որ ասում եք՝ ժամանա՞կն է սահմանադրական բարեփոխումների, մենք բոլորս ե՛ւ ես, ե՛ւ դուք, ե՛ւ հասարակության մյուս անդամները ուզում ենք զարգացումներ, ուզում ենք առաջընթաց, ուզում ենք բարելավում, ուզում ենք օրենսդրական այնպիսի նախաձեռնություններ ու փոփոխություններ, որպեսզի ավելի քաղաքակիրթ ու ժողովրդավարական երկիր ունենանք, զարգացած քաղաքացիական հասարակություն ունենանք: Բայց երբ հերթը հասնում է փոփոխությանը, փորձում են ակամայից, ի սկզբանե պիտակավորել, վերագրել այս կամ այն անձի շահավետությանը եւ տանել ձախողման:
Ես մեկ անգամ եւս ուզում եմ մի խնդրի անդրադառնալ՝ հարգելի դիմադիրներ եւ ընդդիմադիրներ, թախանձագին խնդրում, հորդորում եւ պահանջում եմ՝ առանձին քաղաքական խնդիրները մի՛ փորձեք լուծել համազգային նշանակություն ունեցող խնդիրների ձախողումով կամ թերարժեքումով»,- ասաց Սահակ Մինասյանը:
Մենք հետաքրքրվեցինք, թե Շիրակի մարզում «Այո» ճակատի ներկայացուցիչնե՞րն են շատ, թե՞ «Ոչ» ճակատի: «Ես հարցում չեմ արել, բայց վստահաբար կարող եմ ասել «Այո»-ն, ճակատների մի բաժանեք էլի ժողովրդին, ասեք փոփոխությունների կողմնակիցներ, ճակատի, խրամատի այս կողմ, այն կողմ…Մենք մի հատ ենք, միասին ենք բոլորս, մենք քանի դեռ այդ միասնության գաղափարը էապես չենք ընկալում եւ չենք դարձնում մեր սեփականը, դիտում ենք քաղաքական այլ հայացքներ ունեցողներին ճակատի այս կողմում, այն կողմում, իհարկե, սահմանադրական ցանկացած փոփոխություն հետեւանքը չի տա…Բոլորս մտածելու ենք, որ կերտելու ենք վաղվա նոր, ավելի լավ օրը, քան այսօրն է, այս դեպքում եւ «Այո», եւ «Ոչ» ճակատի մարդիկ միասին, միատարր կմտածեն մեր երկրի զարգացման, բարգավաճման խնդիրների շուրջ, ավելի պրագմատիկ ու ավելի օպերատիվ»,- կարծում է ՀՀԿ կառույցի ղեկավարը:
Կարդացեք նաև
Իսկ Գյումրիում «Ոչ» ճակատի ուժերի կողմից կազմակերպված հանրահավաքը չի՞ վկահում այն մասին, որ գյումրեցիների մեծ մասը դեմ են սահմանադրական փոփոխություններին: «Եթե նայենք վիճակագրությունը եւ փորձենք հանրահավաքի պատկերն արտատպել գյումրեցիների մտադրության մեջ, ես չեմ ուզում լինել էմոցիոնալ ու մատնացույց անել հանրահավաքի սակավաթվությունը, բայց սա էլ չի նշանակում դեմ լինել, ես չեմ ուզում հանրահավաքով դատել, ես դատում են դուրս գալով գյումրեցիների ողջախոհությունից, որովհետեւ հանրապետության տարածքներից առավել զարգացման կարիք ունի Գյումրին»:
Դիտարկմանը՝ մի՞թե սահմանադրական փոփոխություններն են նպաստելու Գյումրու զարգացմանը, հնարավոր չէ՞ առանց սահմանադրություն փոփոխելու տեր լինել այս տեղանքին, մեր զրուցակիցն ասաց. «Անտարակույս, Սահմանադրությունը կնպաստի առավել արհեստավարժ Ազգային ժողով ունենալու, Սահմանադրությունը միտում ունի իշխանությունների տարանջատման խնդիրը վերջնականապես լուծելու, Սահմանադրությունը խնդիր ունի ի վերջո ժողովրդավարությունն ավելի զարգացնելու: Այս առումով, նորից եմ ասում, գյումրեցիները Հյուսիսային Հայաստանը ներկայացնող անձիք են, եւ իրենց ճիշտ որոշումը կկայացնեն»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ