Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան. «Ես քաղաքապետի կողմնակիցը չեմ, մարզպետներն էլ լիքը փող ունեն»

Հոկտեմբեր 05,2015 18:05

Երեւանի տոնը նշելու թեման չի սպառվում: «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն այն մարդկանց թվում է, որոնք կողմ են տոնակատարությանը:

Aravot-am-ի հետ զրույցում պարոն Գինոսյանը շեշտում է.

«Նույնիսկ Երկրորդ աշխարհամարտի տարիներին մարդիկ հատուկ համերգային խմբեր էին կազմում, որպեսզի բարձրացնեն տրամադրությունը եւ ժողովրդի, ե՛ւ ռազմաճակատում կռվող մարդկանց, որովհետեւ մարդը նաեւ պետք է ոգի ունենա այդ կռվին մասնակցելու: Այլ խնդիր է, թե ինչ ձեւաչափով ենք այդ ամենը պատկերացնում: Եթե մենք կազմակերպում ենք միջոցառում, որը ե՛ւ ժողովրդի ե՛ւ հատկապես զինվորների ռազմահայրենասիրական ոգին է բարձրացնում, ուրեմն պետք է միանշանակ լինեն նման միջոցառումներ, որովհետեւ ազգն ի վերջո սգալու ոչ մի պատճառ չունի, ազգը այն իրադարձությունների շրջանառության մեջ չէ, որ նստի եւ ողբա, բոլոր միջոցառումները հետաձգի: Այլ բան է, որ կարելի է նաեւ բյուջեից ինչ-որ գումարներ հայթայթել կամ կողքի դնել ոչ թե կոնկրետ ինչ-որ գյուղերի ու քաղաքների օգնության, այլ ամենալարված վիճակում գտնվող սահմանային կետերը ժամանակակից սպառազինության, նորագույն տեխնոլոգիաներով զինելու, ավելի մոբիլ կառույցներ ստեղծելու համար: Ինչ վերաբերում է միջոցառումներին, եթե նրանք ազգային բնույթ են կրում եւ ազգային ոգի են բարձրացնում, ավելի քան վստահ պետք է նման միջոցառումներ իրականացնել»:

Մեր հարցին՝ մի՞թե երեւանյան տոնի զգացողությունը հասու է, օրինակ, Տավուշի մարզի սահմանին ապրող մարդկանց, Գագիկ Գինոսյանը պատասխանում է. «Նույնիսկ 1941 թվականին, երբ Խորհրդային Միության մի մեծ հատվածը ֆաշիստական Գերմանիայի վերահսկողության ներքո էր, Կարմիր հրապարակում անցկացվում էր շքերթ, տոնախմբություն եւ այդ շքերթից զինվորները գնում էին ռազմաճակատ: Պետք չէ ամեն ինչ այն տեսանկյունից նայել, որ եթե մի տեղ մի տուն կամ տասը տուն քանդված է, ուրեմն բոլորս պետք է նստենք ու լաց լինենք, մենք խնջույք չենք անում, մենք տոնում ենք մեր երկրի լինելիությունը, անկախության առհավատչյա մայրաքաղաքի տոնը, որը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից է»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ կարծեմ 3 մլն դրամ միայն հրավառության վրա է ծախսվում, մեր զրուցակիցը պատասխանում է. «Չգիտեմ՝ ֆինանսական էկվիվալենտով դա շա՞տ է, թե՞ քիչ, բայց, կարծում եմ, որ եթե տոնախմբությունն արվում է, ուրեմն պետք է այնպես արվի, որ տոնական տրամադրություն ապահովվի, եւ ամեն ինչ պետք է տրամաբանության սահմաններում լինի: Այս ամենի կողքին իմ կոչն եմ ուղղում քաղաքի իշխանություններին՝ որպեսզի նրանք կարողանան բյուջեից գումարներ հատկացնել ամենախիստ ռմբակոծությունների եւ ռազմական ագրեսիայի թիրախ դարձած սահմանային կետերում ավելի հզորացնելու մեր անվտանգությունը»:

Մեր մյուս դիտարկմանը, որ ըստ «Հետքի» մի հետաքննության՝ Երեւանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետերի ունեցվածքներն աճել են պաշտոնավարման տարիներին, ի՞նչ երաշխիք, որ տոնակատարությունների համար ներկայացվող գումարները կծախսվեն ամբողջությամբ, արվեստագետը պատասխանում է. «Ես ոչ դատախազ եմ, ոչ էլ հետաքննող, որ նման բաներ պարզեմ»:

Նա նաեւ հավելում է. «Ո՞ր օղակում թերացումներ չկան, ո՞ր օղակում շորթումներ չկան՝ ֆինանսների նախարարությունո՞ւմ, հարկային ոլորտո՞ւմ…Ուրեմն ի՞նչ՝ սահմանները փակենք, ասենք ոչ մի ապրանք չմտնի», դուրս չգա, որովհետեւ շորթումնե՞ր են լինում»:

Մեր պնդմանը՝ մի՞թե երեւանյան շուքուփայլը հասու է սահմանին, Գագիկ Գինոսյանը պատասխանում է հարցով. «Երեւանում այսօր ապրող երիտասարդը վաղը չի՞ գնալու բանակ, թե՞ միայն էսօր սահմանին կռվող տղան է այնտեղ պայքարում: Չէ՞ որ նոր զորակոչին նոր տղաներ են բանակ կոչվելու ու գնալու սահման»:

Ինչ վերաբերում է մարզերի անխնամ մանկապարտեզներին ու այլ հաստատություններին, Գագիկ Գինոսյանը կոչ է անում նրանց ունեցվածքն էլ նայել. «Ես դեմ չեմ, որ սահմանամերձ գյուղերի մանկապարտեզներն ու դպրոցները վերանորոգեն, բայց այդ գործընթացն անվերջ է, ինչքան էլ վերանորոգեն, էլի կգտնվի մի շենք, որ վերանորոգված չէ, այսինքն ի՞նչ՝ ոչ մի տոն չնշե՞նք, ամեն ինչ պետք է համամասնության մեջ դիտարկել…Ես քաղաքապետի կողմնակիցը չեմ, չթվա, թե իրեն եմ պաշտպանում, բայց ամեն մեկն իր գործառույթը պետք է անի: Իսկ մարզպետների հայտարարագրած ունեցվածքն ու շորթած գումարները չե՞ք նայում, այն մարզում, որտեղ որեւէ մանկապարտեզ չի կայացել, ինչո՞ւ այդ մարզպետին չեք ասում, թե իր համայնքում ինչո՞ւ այդ խնդիրը լուծված չէ: Էնտեղ էլ լիքը գումարներ կան, էնպես չի, որ փող չկա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031