Վարչական դատարանում հոկտեմբերի 5-ին դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում էր Կարեն Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու գործով դատաքննությունը:
Դատական նիստի ընթացքում ամփոփիչ ճառով հանդես եկավ ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը: Ըստ նրա՝ Կարեն Հարությունյանը Երեւանի քաղաքապետարանի անցագրային ռեժիմն է խախտել՝ ցանկանալով մասնակցել Երեւանի ավագանու նիստին: Նա ընդգծեց, որ քաղաքապետը գրություն է ներկայացրել, որ Կարեն Հարությունյանը խանգարել է քաղաքապետարանի աշխատանքը: Ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ կողմի ներկայացրած տեսաերիզը մանրամասն ներկայացնում է եւ բացահայտ ցույց է տալիս, թե քանի անգամ է Կարեն Հարությունյանը հետ բերվել մուտքի դռներից, քանի անգամ է ճեղքել ոստիկանության շղթան: Վերջինիս պահանջ է ներկայացվել չճեղքել ոստիկանության շղթան, սակայն Կարեն Հարությունյանը չի կատարել այն եւ իր գործողություններով խոչընդոտել է քաղաքապետարանի մուտքն ու ելքը:
Սոնա Մելիքյանը նշեց, որ ինչքան էլ հրապարակային լինի Երեւանի ավագանու նիստը, այնտեղ հաշված տեղեր կան, համապատասխանաբար՝ հաշված մարդիկ կարող են մասնակցել նիստին:
Նա ընդգծեց, որ ոստիկանները Կարեն Հարությունյանին բերման են ենթարկել մայթից, ըստ նրա՝ ինքնանպատակ չի եղել նրան բերման ենթարկելը. ոստիկանները նրան մի քանի անգամ զգուշացրել են, եւ Սոնա Մելիքյանի կարծիքով՝ եթե եւս մեկ անգամ Կարեն Հարությունյանը չհեռացվեր մայթի եզրից, նրա հաջորդ քայլը քաղաքապետարանի մուտքի դռներին մոտենալը կլիներ:
Կարդացեք նաև
Կարեն Հարությունյանի ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանը իր ամփոփիչ ճառում նշեց, որ ոստիկանությունը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք կազմվել են ոստիկանություն տանելուց հետո: Նա նկատեց, որ նշվել է՝ իբր Կարեն Հարությունյանը խոչընդոտել է քաղաքապետարանի բնականոն աշխատանքը եւ չի կատարել ոստիկանության օրինական պահանջը, սակայն որեւէ տեղ չկա նշում, թե Կարեն Հարությունյանը ընդհանրապես ինչ է կատարել, եւ ընդհանրապես թիվ 211 արձանագրությունը ինչի հիման վրա է կազմվել:
Գործով դատաքննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 22-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ