Հոկտեմբերի 3-ին մի խումբ երիտասարդներ ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ մեկ օր անցկացրին հայ զինվորի կողքին:
Օրեր առաջ, երբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր Մայր բուհ, ուսանողներն առաջարկել էին նախարարին իրականացնել «Մեկ օր զինվորի կողքին» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում էր մեկ օրվա ընթացքում բարձրանալ դիրքեր, մարտական հենակետեր, հանդիպել զինվորների հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսին են մեր սահմանի անառիկությունն ու բարոյահոգեբանական ոգին:
ԵՊՀ ուսանողական խորհրդի, «Նժդեհ» երիտասարդական կառույցի անդամների ու համալսարանի տարբեր ֆակուլտետների 17 ուսանողներ հնարավորություն են ունեցել երկու ժամ զինվորական մեքենայով բարձրանալու դիրքեր, տեսնելու ու զգալու այն ամենը, ինչով երկու տարի շարունակ ապրում է զինվորը: Համալսարանականները հանդիպել են զինծառայողների հետ, զրուցել ու միասին մի շարք հարցեր քննարկել:
Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը նշեց, որ ծրագիրը շարունակական է լինելու, և այն ուսանողները, ովքեր դեռ չեն ծառայել Հայոց բանակում, պետք է հասկանան, թե ինչպիսի մարտական դիրքերում են պատրաստվում իրականացնել իրենց զինվորական պարտքը:
Մարտական հենակետում ուսանողներն իրականացրել են նաև մշակութային փոքրիկ միջոցառում: Ասմունքի, հայրենասիրական երգի ու պարի միջոցով նրանք գոտեպնդել են սահմանում ծառայություն իրականացնող տղաներին: Համալսարանականները դիրքեր դատարկաձեռն չէին գնացել. նրանք զինվորների համար վերցրել էին առաջին անհրաժեշտության իրեր և այլն:
Կարդացեք նաև
Վահագն Վարագյանը համոզված է նաև, որ բանակ-հասարակություն կապը ստեղծվում է նմանաբնույթ այցերի արդյունքում. «Հայ զինվորն արդեն հասկանում է, որ իր թիկունքում կանգնած է մի հասարակություն, ով պատրաստ է ցանկացած պահի աջակցել իրեն: Մեր երիտասարդներն էլ հասկացան, որ մեր սահմանին կանգնած են զինվորներ, ովքեր յուրաքանչյուր վայրկյան պատրաստ են թշնամուն արժանի հակահարված տալ»:
ԵՊՀ