Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օսիպյանը ՀԱԿ պատգամավորին բերման ենթարկելու փորձի ժամանակ ասել է՝ իջեք, պատգամավորը հրաժարվել է

Հոկտեմբեր 05,2015 17:10

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը այսօր ԱԺ-ի շենքի առջեւից շուրջ երկու տասնյակ ցուցարարների բերման ենթարկելու գործողությունները բացատրեց իրավիճակը կառավարելու հանգամանքով:

Նրա խոսքով, ցուցարարները խախտել են հավաքների ազատության մասին օրենքի դրույթները՝ «Ոչ» գրությամբ պաստառը խորհրդարանի շենքի ճաղավանդակներին փակցնելով. «Վարչական վարույթ է իրականացվում բերման ենթարկվածների նկատմամբ, իրականացնելուց հետո բոլորին էլ ազատ կարձակեն: Ոստիկանությունը մշտապես հանդուրժողականություն է դրսեւորել, բայց այդ հանդուրժողականությունը երբեմն անօրինականությունների կողմնակիցների մոտ դիտվում է աշխատելաոճ: Փոքր պաստառները անտեսեցինք, բայց տեսեք, մտածեցին ամբողջ լայնքով պաստառ կարող են փակցնել: Հարցը պաստառի գրությունը կամ չափսերը չեն, թող համապատասխան թույլտվություն ստանային, հավաքի կազմակերպիչները նշեին, որ պաստառ են փակցնելու ճաղավանդակներին»:

Պարոն Օսիպյանից հետաքրքրվեցինք, իսկ ոստիկանները չգիտե՞ն, որ պատգամավորի չի կարելի բերման ենթարկել ու պատգամավորին բերման ենթարկելու փորձ կատարած ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն կնշանակվի՞, ի պատասխան Երեւանի փոխոստիկանապետը շարունակեց. «Ոչ մեկը բերման չի ենթարկել: Բացի դա, ոստիկանները պարտավոր չեն ճանաչել բոլոր պատգամավորներին, եթե պատգամավորը դուրս է եկել ԱԺ-ից ու կանգնել ցուցարարների կողքին, թող իր մոտ տարբերանշան լիներ, որ պատգամավոր է:

Այ, խոսեք նրա մասին, որ տեւական ժամանակ խնդրանքով դիմում էինք այդ նույն պատգամավորին, իսկ իրենք պայման էին դնում՝ պարոն Օսիպյան, հինգ րոպե, տասը րոպե»:

Պարոն Օսիպյանը նաեւ պատմեց, որ երբ թյուրիմացաբար ՀԱԿ պատգամավորին նստեցրել են բերման ենթարկվածների համար նախատեսված ոստիկանական մեքենա, ինքը մոտեցել է ու ասել՝ իջեք, բայց պատգամավորը հրաժարվել է՝ ասելով՝ չեմ իջնում:

Հիշեցնենք, որ «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի երթ էին անցկացրել Ազատության հրապարակից մինչեւ ԱԺ: Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների ու ցուցարարների միջեւ սկսվեց քաշքշուկ, արդյունքում բազմաթիվ ցուցարարներ բերման ենթարկվեցին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031