«Հիմա արձանագրություն են կազմում վարչական իրավախախտում կատարելու մասին»,-Aravot.am-ի հեռախոսազրույցում ասաց
Արաբկիրի ոստիկանությունում գտնվող «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը` նշելով, որ ոստիկանները միանգամից հարձակվեցին ու բերեցին բողոքի ակցիայի մասնակիցներին Ազգային ժողովի շենքի մոտից` խանգարելով իրենց խաղաղ ցույցը:
«Մենք ընդամենը պաստառներն էինք պահել ու ոչ մի անկարգություն չէինք անում: Մեր մեքենայի մեջ մի 10-13 հոգի էինք, բոլորիս էլ ուժով մտցրեցին մեքենաները: Տղաներ կան, որ բիրտ ուժ կիրառելու դեպքում թեթեւակի վնասվածքներ են ստացել»,-ասաց Հրայր Մանուկյանը:
Նրա խոսքերով` եթե անգամ գործը դատարան ուղարկեն, բնականաբար, վիճարկելու են. «Սա մանր բան է մեր պայքարի մեջ` ինչ-որ էական բան չի եւ նման բաներ շատ են եղել ու լինելու են: Սա չի խանգարելու մեզ մեր ուզածին հասնելու համար`դուրս ենք գալու նորից պայքարենք»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ընդունվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը: «Չեք անցկացնի» նախաձեռնությունն այս առնչությամբ բողոքի ակցիա էր կազմակերպել ԱԺ-ի շենքի դիմաց, որի ընթացքում բերման ենթարկվեցին շուրջ երկու տասնյակ անձինք:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարը՝ Հրայր Մանուկյանի ֆեյսբուքյան էջից: