ԱԺ-ում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրեց Երեւանի քաղաքային լուսավորության վարկային ծրագիրը վավերացնելու հարցը:
Նա ասաց, որ ՎԶԵԲ-ը տրամադրելու է 4 մլն դոլար վարկ: Ծրագրի կապիտալ արժեքն է 7 մլն դոլար, 2 մլն-ը տրամադրել է Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ գործընկերության միջազգային հիմնադրամը, մնացածը՝ ՎԶԵԲ-ի հիմնադրամը:
Այս ծրագրի արդյունքում էներգախնայող արտաքին լուսավորություն են խոստանում: Պետք է փոխեն ամբողջ մալուխը, էներգախնայող լամպեր տեղադրեն, կառավարման ավտոմատացված համակարգ ստեղծեն 28 փողոցներում:
ՕԵԿ պատգամավոր Լեւոն Դոխոլյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով են ընտրել այդ 28 փողոցները եւ որքա՞ն գումարի խնայողության մասին է խոսքը:
Կարդացեք նաև
Կամո Արեյանը պատասխանեց, որ հիմնականում խոշոր փողոցներն են ընտրել, այն փողոցները, որոնք ունեն առավել ծանրաբեռնվածություն մալուխային ցանցի տեսանկյունից: Խոսքը, մասնավորապես, Աճառյան, Սայաթ-Նովա, Բաղրամյան, Հերացի, Խանջյան, Չարենց, Նար-Դոս, Լեոյի, Ագաթանգեղոսի, Աբովյան պուրակի, Վարդանանց, Պարոնյան, Գրիգոր Լուսավորիչ, Նալբանդյան, Ամիրյան, Իսահակյան, Տերյան, Կորյուն, Թումանյան, Տիգրան Մեծ, Արգիշտի, Մոսկովյան, Սարյան փողոցների մասին է:
Վարկային ծրագրի իրականացման արդյունքում, ըստ փոխքաղաքապետի, տարեկան 282 հազար դոլարի տնտեսում պետք է անեն էլեկտրաէներգիայի ծախսի վրա:
Կամո Արեյանը նշեց, որ ահռելի ծավալ է կազմում ներդրումային ծրագիրը: 800 կմ-ը արդիականացնելու համար անհրաժեշտ է 57 մլն դոլար, այս 28 փողոցների համար 7 մլն է պետք:
Հարակից զեկուցող Խոսրով Հարությունյանն ասաց, որ երբ նայում ենք երկինք, սարդոստայն ենք տեսնում. «Տհաճ, բոլորիս համար զարհուրելի թվացող սարդոստայն ենք տեսնում: Հիմա այդ սարդոստայնը վերացնելու հնարավորություն ունենք»:
Նա հույս հայտնեց, որ մի ծրագիր էլ կիրականացնեն՝ վերելակների խնդիրը լուծելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ