Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանին ձերբակալել են, որ իմանան` ի՞նքն է, թե՞ իր զույգ եղբայրը. դատավորը ծիծաղը չկարողացավ զսպել

Հոկտեմբեր 05,2015 16:13

ՀՀ Վարչական դատարանում (նախագահող դատավոր Ալեքսանդրա Հարությունյան) շարունակվեց վերլուծաբան, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի դեմ արդեն 9-րդ դատավարությունը, որը վերաբերվում է 2015թ. հունվարի 15-ին Պերմյակովին Հայաստանին հանձնելու պահանջով ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային։

Հիշեցնենք, որ hունվարի 15-ին Արգիշտի Կիվիրյանը բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանություն ՀՀ գլխավոր դատախազության մոտից։ Այս գործով առաջին դատավարությունը մեկնարկել է մայիսի 19-ին, որի ժամանակ Արգիշտի Կիվիրյանի պաշտպանները հակընդդեմ հայց ներկայացրին` վիճարկելով ոստիկանների գործողությունների օրինականությունը։

Այսօր դատարանում շուրջ երկու ժամ տևող նիստն այնքան հարուստ էր զավեշտներով, որ անգամ դատավորի ծիծաղն էլ էր գալիս: Մասնավորապես ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը փորձում էր ամեն կերպ համոզել, որ Արգիշտի Կիվիրյանը միայնակ փակել է գլխավոր դատախազության մուտքը` այդպիսով խոչընդոտելով ելումուտին:Կամ ոստիկանության ներկայացուցիչը ընդունեց, որ վարչական վարույթ իրականացնելու համար ցանկացած խաղաղ հավաքի ընթացքում իրավախախտման դեպքում քաղաքացուն պետք է ազատազրկեն, ինչը ըստ ոստիկանության ներկայացուցչի` անձի ազատության իրավունքի սահմանափակում չէ:

Սոնա Մելիքյանը այդպես էլ չկարողացավ հիմնավորել, թե ինչու են Արգիշտի Կիվիրյանին ձերբակալել ու տարել բաժանմունք, այն դեպքում, երբ և՛ ինքը, և՛ ոստիկանության մյուս ներկայացուցիչները ճանաչել են Արգիշտի Կիվիրյանին: Սոնա Մելիքյանը որպես հիմնավորում նշեց, թե օրինակ` ինքը զույգ քույրեր ունի, և Արգիշտի Կիվիրյանն էլ կարող է զույգ եղբայր ունի, դրա համար տարել են, որ պարզեն, թե ինքը Արգիշտի Կիվիրյա՞նն է, թե՞ նրա զույգ եղբայրը:  Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց` ինչպե՞ս են պարզել դա, և ոստիկանական բաժանմունքում արդյոք Արգիշտի Կիվիրյանը Սոնա Մելիքյանի հետ զրույցե՞լ է, քանի որ վարույթի նյութերում Սոնա Մելիքյանի անունը չի շոշափվում: Այս առիթով Սոնա Մելիքյանը վրդովվեց ու պատմեց. «Ես որ Արգիշտի Կիվիրյանին իր իրավունքներն ու ազատություններն էի իրազեկում, նա ասաց` իմ տանձին չէ, որ դու խոսում ես: Ասում էր, թե  սուս մնա, այ Սոֆի Լորեն»: Ծիծաղով միջամտեց նախագահող դատավորը, թե դա որպես կոմպլիմե՞նտ է ընկալել:

Դահլիճից արձագանքեց Արգիշտի Կիվիրյանը, թե  ո՞նց կարող էր ինքը մենակ փակել դատախազության մուտքը ու հայտարարեց. «Մեծ երևակայություն է պետք ունենալ, տաղանդավոր ռեժիսոր լինել, որ կարողանալ նման սցենար գրել»:

Դատական նիստը հետաձգվեց. հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 12-ին, ժամը՝ 11.30-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Լուսինե Սահակյանը նշեց, որ ՀՀ-ի համար լուրջ խնդիր է այն, որ  ոստիկանությունն այսօր  բացահայտեց, որ ցանկացած դեպքում, երբ անձը կատարում է իրավախախտում, վարչական արտաքին ծառայություն  իրականացնող ոստիկաններն իրավունք չունեն արձանագրություն կազմելու, և ցանկացած դեպքում անձը պետք է  ազատությունից զրկվի, տարվի ոստիկանություն, որպեսզի այնտեղ բաժնում համապատասխան աշխատակիցները, որոնք իրավունք ունեն վարչական վարույթ իրականացնելու, անեն դա և կազմեն արձանագրություն:

Լուսինե Սահակյանը ևս մեկ հակասություն է նկատում. «Ոստիկանության ներկայացուցիչը մի դեպքում պնդում էր, որ Արգիշտի Կիվիրյանին մի դեպքում տարել են բաժին արձանագրություն կազմելու, մյուս դեպքում իրավախախտում կատարելու համար»:

Լուսինե Սահակյանը նշեց, որ Արգիշտի Կիվիրյանի գործով ցանկացած վարչական դատավարություն լի է նման զավեշտներով, ուղղակի ցավալին այն է, որ այդքանով հանդերձ, անգամ այն դեպքում, երբ այդ զավեշտները դատավորների ծիծաղն են առաջացնում, դատարանները կազմում են հօգուտ ոստիկանության դատական ակտեր:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031