ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը «կողմ» է քվեարկել սահմանադրական բարեփոխումների նախագծին, քանզի քաղաքացիական հասարակությանը վերաբերվող իր արած առաջարկներն ընդունվել են, իսկ ինքը քաղհասարակության կողմից է ներկայացված խորհրդարանում. «Պատրաստ եմ, հասկանում եմ, գիտակցում եմ, բայց նաեւ վստահ եմ, որ նաեւ ժամանակի ընթացքում աշխատանքը եւ աշխատանքի արդունքն է լինելու ճիշտ գնահատականը, ոչ թե մի անձի արտահայտած վիրավորանքը»:
Aravot.am-ի դիտարկմանը, որ քվեարկությունից հետո, դահլիճում արդեն Զարուհի Փոստանջյանը ինչ-որ բաներ էր բղավում «կողմ» քվեարկած պատգամավորների հասցեին, ասաց. «Ես «Ժառանգություն» կուսակցության անդամ չեմ, խմբակցության անդամ եմ, եկել եմ այստեղ այն ծրագիրն իրականացնելու, որը եղել է, բնականաբար, իմ աշխատանքը կատարելու եմ: Բոլորդ գիտեք, որ խմբակցությունում կա մի յուրահատուկ իրավիճակ, որտեղ կուսակցությունից միայն Զարուհին է: Ինձ թվում է, ուշ թե շուտ կձեւավորվի տարբերակ, որտեղ աշխատանքները համատեղ կշարունակվեն: Ամեն մեկն իր ճանապարհը հարթելով իր պարտավորությունները պիտի կատարի»:
Թեւան Պողոսյանը գտնում է, որ Սահմանադրության այս տեքստով, որը եթե կյանքի կոչվի, ՀՀԿ-ն վերարտադրության ավելի քիչ հնարավորություններ ունի, քան գործողով էր: «ՀՀԿ-ականները երբեւէ 30 տոկոսից ավելի չեն վերցրել, օգտագործել են այլ մեխանիզմներ, ինչի մասին մեկ անգամ չէ, այդ թվում նաեւ «Ժառանգություն» խմբակցությունն է ասել: Խոսքը 41 տոկոս մեծամասնականի մասին է: Հիմա, այս հարցերը հնարավորություն են ստացել լուծելու: Ինչպե՞ս կլինի, ու՞ր կգնանք`կախված է ամեն մեկիս աշխատանքից»,-ասաց նա` հավելելով, որ ամեն մեկն իր ճանապարհը պիտի գնահատի, այլոց պիտակավորելու փոխարեն: Իր պատգամավորության երեքուկես տարիները ապացուցել է, որ քաղաքականությունում կարելի է լինել բարոյական, պարկեշտ, օրինապաշտ ու քո սկզբունքներին հավատարիմ առաջ գնալ եւ ոչ թե մեղքն ուրիշի վրա գցել:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ