«Հայաստանի գործատուների միության նախագահ» Գագիկ Մակարյանը դեմ է, որ հոսանքի թանկացած հատվածի համար կառավարությունը փոխհատուցի, քանի որ կարծում է` այդ գումարները կարելի է ուղղել Շիրակի մարզում բնակարանաշինությանը: Պարոն Մակարյանը հաշվարկել է եւ պարզել, որ մոտ 40 միլիոն դրամ ծախսվելու է փոխհատուցման վրա, մինչդեռ այդ գումարներով Շիրակի մարզում, որտեղ երկրաշարժից հետո դեռեւս օրակարգային է բնակարանների հարցը, կարելի է 600-700 բնակարան կառուցել:
Ըստ տնտեսագետ Գագիկ Մակարյանի, հոսանքի թանկացած հատվածը էական ազդեցություն չի ունենա բիզնեսի վրա: Նրա հաշվարկներով, ամսեկան 3 եվրոյի չափով է գումարն ավելանալու, տարեկան` 50 դոլարի:
Պարոն Մակարյանն անդրադառնալով ՀԷՑ-ի` Տաշիր գրուպին վաճառելուն, ասաց, որ «վերջապես կառավարությունը մի լավ գործարք կատարեց եւ գնորդը մեր սրտով է»:
Նրա խոսքերով, «Տաշիր» գրուպի սեփականատերերն իրենց ծրագրերով ու գործունեությամբ դրական իմիջ ունեն. «Նրանք կգնան համակարգի առողջացման ճանապարհով, այլ ոչ թե միայն օգուտներ կքաղեն ու համակարգը կշահագործեն: Ժողովուրդը դրանից միայն կշահի, հաճախակի թանկացումներ չեն լինի, մատակարարվող էլէներգիայի որակը կբարձրանա: Ինչպես գիտենք որակի առումով մինչ այս փայլուն չի եղել»:
Կարդացեք նաև
Գագիկ Մակարյանը ձեռքբերում է համարում նաեւ, որ «մենք ազատվեցինք ռուսական ատկատներով աշխատող ընկերությունից»: Ըստ նրա, նավթարդյունաբերության մեջ էլ կան այդպիսի ընկերություններ. «Էլցանցերի առումով չենք կարող հպարտանալ` որ աչքի է ընկնում կորպորատիվ ծառայություներով»:
Aravot.am-ի հարցին, թե կառավարությունը չգիտե՞ր որ այդ գումարները, իսկապես կարելի էր օգտագործել աղետի գոտու բնակարանաշինության համար, կամ մեկ այլ սոցիալական ծրագրի, հատկապես` երբ բյուջեն սղություն է անում, թե, պարզապես, փոխհատուցելու որոշումը սոցիալական նոր ընդվզումներից խուսափելու համար արվեց, պարոն Մակարյանն ասաց. «Կարծում եմ ընդվզումներից որոշակի անհանգստանալու պատճառ ունի կառավարությունը, բնականաբար, եւ փորձում են դա կանխատեսել»:
Գագիկ Մակարյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում
Տնտեսագետը կարծում է, որ Տաշիր գրուպը պետք է կատարի, առաջին հերթին ներդրումներն ուղղի համակարգում վթարային վիճակների կանխարգելմանը, ինչը տնտեսական վնասներ է պատճառում սպառողներին. «Պետք է փոխվեն ցածր արդյունավետությամբ աշխատող կայանները, տրանսֆորմատորների հզորությունը մեծացվի, բիզնեսի համար որոշակի կանխատեսում տրվի: Բիզնեսը վարկեր է վերցնում, բիզնես է պլանավորում եւ այլն: Տաշիր գրուպը ուշադրություն պետք է դարձնի այս հարցերին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ