Հոկտեմբերի 5-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնվորթը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման գործում:
Դեսպան Ֆարնվորթը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-բրիտանական հարաբերությունների խորացման նպատակով:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պարբերական անցկացումը, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությունը։
Կարդացեք նաև
Նախարար Նալբանդյանը և դեսպան Ֆարնվորթը անդրադարձան Հայաստան -Եվրոպական միություն համագործակցությանը և դրա իրավական նոր հենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներին։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ։
ԱԳՆ հաղորդագրություն