Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ ճնշումները և հետապնդումները դադարեցնելու վերաբերյալ

Հոկտեմբեր 05,2015 15:07

Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անթույլատրելի ենք համարում Հայաստանում իրավապաշտպանների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումների ենթարկելու փաստերը, ինչպես նաև այդ առնչությամբ դատական համակարգի ոչ պատշաճ արձագանքը։

Մասնավորապես մեր մտահոգությունն ենք հայտնում «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ ճնշումների և հետապնդումների սաստկացմամբ:

«Վելես» ՀԿ-ն գրանցվել է 2014 թվականի փետրվարին և պայքարում է կոռուպցիայի, ստվերային տնտեսության, խարդախության եւ վաշխառության դեմ: Տարբեր քաղաքացիներ, ովքեր որ կոռուպցիայի, խարդախության և վաշխառության զոհ են, դիմում են կազմակերպությանը` իրավաբանական աջակցություն ստանալու համար: Կազմակերպության գրանցումից շատ չանցած սկսվում է կազմակերպության և կազմակերպության նախագահի նկատմամբ ճնշումները և հետապնդումները, որոնք շարունակվում են մինչ օրս:

Մասնավորապես` 2014 թ. մարտի 17-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայակիցները այցելել են Վելես ՀԿ-ի շահառուներից մեկի բնակարան՝ ընտանիքին վտարելու նպատակով: Շահառուներին իրավաբանական օժանդակություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են ժամանել Մարինա Պողոսյանն ու կազմակերպության փաստաբանը: ԴԱՀԿ ծառայակիցները ստորացումների եւ ֆիզիկական բռնության են ենթարկել Մարինա Պողոսյանին, ժամանակավոր զրկել են նրան ազատությունից՝ փակելով տան սենյակներից մեկում: Փաստի առթիվ ՀՀ քննչական մարմինը հարուցել էր քրեական գործ, որը սակայն շուտով կարճվել էր: Պողոսյանը բողոքարկել է կարճման որոշումը բոլոր ներպետական դատական ատյաններում և մերժվել. ԴԱՀԿ-ի բռնարար ծառայակիցները մնացել են անպատիժ:

2014թ մայիսին Մարինա Պողոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «շորթման» հոդվածով: Պողոսյանի դեմ դիմում և ցուցմունքներ էր տվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը, ում գործողություններից տուժած ընտանիքներին «Վելես» հասարակական կազմակերպությունը տրամադրում է իրավաբանական աջակցություն: Երիցյանը իրավապաշտպանին մեղադրում էր մի շարք հանցագործությունների՝ այդ թվում եւ «ղազախական մաֆիա»-ի հետ սերտ համագործակցության մեջ: Քրեական գործի քննությունը տևել է մոտ 8 ամիս, որի ընթացքում բացի Հովհաննես Երիցյանից գործով անցնող բոլոր վկաները հերքել են Պողոսյանի կողմից շորթում կատարելու տեղեկությունը: Քրեական գործի քննությունը կարճվել է, որի հետո` 2014 թվականի սեպտեմբերին Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Հովհաննես Երիցյանը սուտ մատնություն է կատարել վերջինիս նկատմամբ: Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որը կցվել է Պողոսյանի դեմ քննվող «շորթման» գործին: Կարճ ժամանակ անց գործի քննությունը կարճվել է, որից հետո էլ Մարինա Պողոսյանը բողոքարկել է կարճման որոշումը Երևան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: 2015 թ. հուլիսի 29-ին դատարանը բավարարել է Պողոսյանի բողոքը՝ հաստատելով, որ քննչական մարմինը բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն չի իրականացրել:

Նույն օրը Մարինա Պողոսյանը զանգ է ստացել ՀՀ քննչական մարմնից՝ տեղեկանալով, որ իր դեմ նոր քրեական գործ է հարուցվել եւ առանց պաշտոնական ծանուցագրի հրավիրվել է ցուցմունք տալու: Այս ապօրինի պրակտիկան շարունակվել է գործի քննության հաջորդող ամիսներին. Պողոսյանը մինչ օրս հարցաքննության ներկայանալու պաշտոնական ծանուցագիր չի ստացել, թեև բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել քննչական մարմնից, որոնք ուղեկցվել են սպառնալիքներով: Մարինա Պողոսյանը մեղադրվում է «խարդախության» մեջ՝ լիազորագրի հիման վրա անշարժ գույքի վաճառք իրականացնելու համար:

2015թ օգոստոսի 9-ին անհայտ անձինք փորձել են հրդեհել «Վելես» ՀԿ-ի գրասենյակի հոսանքալարերը, իսկ դրանից երկու օր անց` օգոստոսի 11-ին ոստիկանները Երևանի կենտրոնից ստիպողաբար բերման էին ենթարկել Պողոսյանի ավտոմեքենան: Իրավապաշտպանն իր գույքը հետ էր ստացել միայն հաջորդ օրը՝ որ իր գույքը հետախուզվում է ԴԱՀԿ ծառայության կողմից: Վերջինս, սակայն, հետախուզման հիմքերի վերաբերյալ որեւէ պաշտոնական գրավոր տեղեկատվություն մինչ օրս չի տրամադրել Պողոսյանին:

Մենք, ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, խստորեն մտահոգված և խորապես անհանգստացած ենք Մարինա Պողոսյանի դեմ իրականացվող համակարգային և հետևողական ճնշումներով: ՀՀ իրավապահ մարմինների նման վարքագիծը վերստին հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետության կողմից ապօրինի գործողությունների միջոցով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը կոպտորեն խոչընդոտելը, նման գործունեություն իրականացնող անձի նկատմամբ ապօրինի, առանց որևէ իրավական հիմքի քրեական հետապնդման միջոցով ճնշում գործադրելը դարձել է արատավոր երևույթ:

Ելնելով վերը շարադրվածից՝ հորդորում ենք ՀՀ իշխանություններին վերադառնալ օրինականության դաշտ և պահպանել իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքն` ապահովելով իրավապաշտպանների համար ներպետական օրենսդրությամբ և միջազգայնորեն հաստատված պարտավորությունների կատարումը և պահանջում ենք. անհապաղ դադարեցնել Մարինա Պողոսյանի նկատմամբ անօրինական ճնշումներն ու հետապնդումները:

ՀՅՈՒՄԱՆ ՌԱՅԹՍ ՀԱՈՒՍ ԵՐԵՎԱՆ»

 իրավապաշտպան ոչ առևտրային կազմակերպությունների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031