Դիլիջան քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Արմեն Շվերնիկի Հովհաննիսյանը Դիլիջանում ունի դեղատների ցանց, 4 դեղատներում զբաղվում է դեղերի վաճառքով: Նա նպատակ ունենալով Թբիլիսի քաղաքից դեղամիջոցներ ձեռք բերել եւ Դիլիջանում վերավաճառել, 2015թ. մայիսի 13-ի առավոտյան իր եւ իր եղբոր «Միցուբիսի» մակնիշի ավտոմեքենաներով ուղեւորվել են Թբիլիսի:
Վրաստանի մայրաքաղաքում Արմեն Հովհաննիսյանը դեղերի մեծածախ առեւտրի սրահներից մեկում գնել է ընդհանուր 3 միլիոն 664 հազար 15 դրամ արժողության դեղեր, դրանց մի մասը՝ 1 միլիոն 576 հազար 200 դրամ արժողության դեղերը, տեղադրել է իր ավտոմեքենայի բեռնախցիկի, իսկ մյուս մասը՝ 2 միլիոն 87 հազար 815 դրամ արժողության դեղերը, տեղավորել եղբոր՝ Արթուր Հովհաննիսյանի ավտոմեքենայի բեռնախցիկի՝ երրորդ շարքի համար նախատեսված խոռոչներում:
Այնուհետեւ Արմեն Հովհաննիսյանը եղբորն ասել է, թե ինքն առաջինը կհասնի Բագրատաշենի մաքսակետ, երկու ավտոմեքենաներում առկա դեղամիջոցները կմաքսազերծի: Սակայն հասնելով Բագրատաշենի մաքսակետ՝ նա մտափոխվել է դեղերը հայտարարագրել եւ մաքսազերծել: Մտածելով, որ մաքսային տեսուչը չի կարող նկատել դրանք, թաքցնելով՝ նա հատել է Բագրատաշենի մաքսակետի մաքսային տարածքը, դուրս եկել ուղեփակոցից եւ սպասել եղբորը: Արթուր Հովհաննիսյանը հասնելով Բագրատաշենի մաքսակետ, մտածելով, որ եղբայրը՝ Արմենն արդեն հայտարարագրել է երկու ավտոմեքենաներում առկա դեղամիջոցները, անձամբ չի հայտարարագրել դրանք եւ հատելով մաքսային հսկողության գոտին՝ դուրս է եկել մաքսային տարածքից: Դրանից հետո Արթուր եւ Արմեն Հովհաննիսյանների ավտոմեքենաները վերադարձվել են մաքսակետի տարածք, կրկնակի զննության են ենթարկվել, եւ բեռնախցիկներից հայտնաբերվել են մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված 3 միլիոն 664 հազար 15 դրամ ընդհանուր արժողության դեղերը: Դատարանում Արմեն Հովհաննիսյանն իրեն մեղավոր է ճանաչել մաքսանենգության մեջ:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սեպտեմբերի 28-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Արմեն Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 1 միլիոն դրամ տուգանքի: Դատարանի վճռով մաքսանենգության առարկա հանդիսացող 3 միլիոն 664 հազար 15 դրամ արժողության դեղերը բռնագրավվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ