Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահի լիազորությունները մեծացրել են. կարող է նշանակել գլխավոր դատախազ, ՄԻՊ, ԿԲ, ԿԸՀ նախագահներին

Հոկտեմբեր 05,2015 14:37

ԱԺ-ում մինչ քվեարկության կդրվեր ու կընդունվեր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը ներկայացրեց այն բոլոր փոփոխությունները, որոնք ընդունվել են՝ պատգամավորների առաջարկությունների հիման վրա:

89 հոդվածը բավականին բուռն քննարկումների տեղիք էր տվել: Այնտեղ ամրագրված է, որ ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ըստ վերջնական տարբերակի, այն չի կարող փոփոխվել ԱԺ-ի միջոցով, անհրաժեշտ է, որ խորհրդարանի ձայների 2/3-րդի մեծամասնության առկայության պարագայում դրվի հանրաքվեի: Վարդան Պողոսյանն ասաց, որ ընդունվել է ՀՅԴ-ի առաջարկը: Ամրագրվել է, որ երկրորդ փուլի դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձեւավորումը: Սա շատ կարեւոր է, որպեսզի ավելի մեծ հասարակական աջակցություն ապահովվի ձեւավորվող կառավարությանը:

ՀԱԿ խմբակցությունը մտահոգություն էր ներկայացրել, որ ԱԺ նախագահն է ներկայացնում վարչապետի թեկնածուին, եթե վարչապետի պաշտոնը թափուր է մնում: Այդտեղ կատարվել են փոփոխություններ: Վարչապետի թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ոչ թե ԱԺ նախագահին, այլ ԱԺ-ում ներկայացված ուժերին: Վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին, եթե որեւէ թեկնածու չի ստանում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առաջադրման իրավունքը ստանում է համեմատաբար մեծաթիվ պատգամավորներ ունեցող խմբակցություններին: Եթե ԱԺ պատգամավորների առնվազն 1/3-ը առաջարկում է վարչապետի թեկնածուներ, որոնցից որեւէ մեկը չի ստանում ձայների մեծամասնությունը, ապա ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվում է:

Վարդան Պողոսյանն այս դրույթի հետ կապված ընդգծեց, որ ԱԺ քաղաքական ուժերը լիակատար հնարավորություն են ստանում ԱԺ-ի ներսում համաձայնությունների հասնել որեւէ վարչապետի թեկնածուի շուրջ:

Ինչ վերաբերում է կառավարության կայունության հետ կապված հոդվածին, վարչապետին անվստահություն կարող է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո, որպեսզի ընտրված վարչապետը եւ նրա կառավարությունը բավարար ժամանակ ունենա իրականացնելու իր ծրագիրը:

Նախագահի ընտրության համար հնարավորինս բարձր շեմ է նախատեսվում՝ ¾-րդ: Այս առաջարկությունը ներկայացվել է ՕԵԿ-ի կողմից: Ընտրության երկրորդ փուլն անցկացվում է պատգամավորների 3/5-րդի մեծամասնությամբ, եթե չկա մեծամասնություն որեւէ թեկնածուի շուրջ, ապա նախագահն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարդան Պողոսյանը նշեց, որ կարեւոր փոփոխություններ են կատարել ՀՀ նախագահի լիազորություններում: ՀՀ նախագահը հնարավորություն է ստանում ժամանակավորապես պաշտոնի նշանակել այն անձանց, որոնց ընտրության համար Սահմանադրությունը նախատեսում է պատգամավորների 3/5-րդ-ի մեծամասնություն, բայց ինչ-ինչ պատճառներով ԱԺ-ն չի կարողանում համաձայնության գալ որեւէ թեկնածուի շուրջ: Խոսքը գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, ԿԸՀ -ի, ՀՌԱՀ-ի, Հաշվեքննիչ պալատի եւ ԿԲ ընտրությունների մասին է:

Շատ էին դժգոհությունները այն մասին, որ նախագահն առանց որեւէ նախարարի կրկնաստորագրության չի կարող քայլ անել: Ուստի կրկնաստորագրությունների պահանջը հանվել է:

177 հոդվածում առաջադրվել են որոշակի պահանջներ գլխավոր դատախազին, որոնք մինչ այդ չեն եղել. «Գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներ ունեցող առնվազն 10 տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբան»:

Ամրագրվել է նաեւ, որ ԿԲ-ն առանց հանրաքվեի չի կարող հայկական դրամի անվան հետ կապված որեւէ փոփոխություն կատարել: Սա առնչություն ունի վերպետական կազմակերպություններին միանալու դրույթի հետ, որի շուրջ նույնպես դժգոհություններ կային:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031