«Ես կառանձնացնեի Սահմանադրությունը եւ իշխանությունը. մի բան է, երբ կուսակցությունը որոշակի վերաբերմունք ունի ներկայացված նախագծին, այլ բան` իշխանության հետ համագործակցությունը»,- ասաց ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` արձագանքելով «Առավոտի» այն դիտարկմանը, որ «այո» ասելով սահմանադրական բարեփոխումների նախագծին՝ ինքը, փաստորեն, գործող իշխանության հետ է:
«Սահմանադրությունը երկրի Հիմնական օրենքն է, որը եթե ընդունվի, մի ողջ ժողովուրդ դրա ներքո պիտի ապրի տարիներ շարունակ: Ինչպե՞ս կարելի է անտարբեր մնալ մի գործընթացի, որը ժողովրդի ճակատագիրն է որոշում: Մեկը կարծում է, որ պետք է պահպանել գործող Սահմանադրությունը: Մենք կարծում ենք, որ գործող Սահմանադրությունը շատ թերի չէր, նախագահական կառավարման համակարգը մինչեւ այս փուլը միգուցե ընդունելի էր, բայց կարող ենք նաեւ փաստել, որ գործող Սահմանադրությամբ ընտրություններ էին կեղծվում, իշխանությունը կարողանում էր վերարտադրվել: Նոր նախագծով առաջարկվող մեխանիզմները, կարծես, ավելի զսպող են. միաբեւեռ, մարդակենտրոն իշխանություն, որը իրեն չի արդարացրել, չի լինելու: Ճիշտ է փորձել կառավարման համակարգի փոփոխության միջոցով երկրում կառավարման բարքեր փոխել»,- ասաց նա:
«Առավոտ» օրաթերթ
03.10..2015