Ուկրաինական «Подробности недели»-ի կայքի հետ զրույցում «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնի փոխնախագահ Ռիվա Բհալան, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Մասնավորապես՝ լրագրողի այն հարցին, թե կա՞ վտանգ, որ Ռուսաստանը կարող է «ապասառեցնել» հին հակամարտությունները, Բհալան պատասխանել է, որ դա այնքան հեշտ չէ, ինչքան ուղղակի սրացնելը. «Անհրաժեշտ է քաղաքական ժամանակ: Օրինակ՝ եկեք դիտարկենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակը»:
Ըստ նրա՝ Ադրբեջանը տարբեր հարեւանների եւ, հատկապես, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հավասարակշռության պահպանման մասնագետ է. «Բայց եկեք անցյալը հիշենք: Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանն ավելի շատ է սերտացրել հարաբերություները Ռուսաստանի հետ: Եվ մեծ հարց կա, թե ինչի մասին Բաքուն պայմանավորվածություն ձեռք կբերի Մոսկվայի հետ»:
Ռիվա Բհալան նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է ստանալ Լեռնային Ղարաբաղը. «Հարցը միայն նրանում է, թե նա ի՞նչի կգնա, որպեսզի վերադարձնի Ղարաբաղը: Եվ եթե գործը հասնի պատերազմի, նա միայնակ չի գործի: Անիմաստ չէ Հայաստանի վախը, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը կարող են պայմանավորվել»:
Կարդացեք նաև
«Ստրատֆորի» փոխնախագահի կարծիքով՝ Ռուսաստանը ցանկանում է իր դիրքերն ամրապնդել Կովկասում եւ նա բավականին ամուր հարաբերություններ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Թուրքիան եւ Իրան նույնպես մեծ դերակատարում ունեն այս տարածաշրջանում:
«Եթե մենք դիտարկենք Մերձդնեստրը, որտեղ շատ ռուսական զորք կա, ապա այնտեղ էլ հնարավոր է սրացում: Այս ամենից Ռուսաստանը կօգտվի Արեւմուտքի հետ բանակցություններում ճնշում գործադրելու համար: Բայց ավելի կարեւոր են Սիրիայում Ռուսաստանի գործողությունները: Նա փորձում է փորձում է ամրապնդվել միջերկրական տարածաշրջանում, որպեսզի բանակցի ԱՄՆ-ի հետ»,- ավելացրել է Ռիվա Բհալան:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ