Լրահոս
Օրվա լրահոսը

Պե՞տք է արդյոք նշել Երեւանի տոնը

Հոկտեմբեր 05,2015 15:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են  Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը եւ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Արամ Աբրահամյան.– Սահմաններում իրավիճակը հերթական անգամ լարվել էր, մի քանի տներում վիշտ է… Հիմնականում այդ պատճառաբանությունն է բերվում, որ պետք չէ նշել Երեւանի տոնը, այդպես չէ՞:

Անահիտ Բախշյան.– Նաեւ այդ պատճառաբանությունը: Անցած տարի այս ժամանակ Երեւանի տոնին նախորդող օրերին ես նորից Տավուշում էի: Բարեբախտաբար, այն ժամանակ իրավիճակը այսքան լարված չէր, բայց Տավուշի ժողովուրդը սրտնեղում էր՝ դուք Երեւանի տոնը ամեն տարի նշում եք այնքան ճոխ, այդքան ծախս եք անում, բայց մենք մարզերում եւ սահմանամերձ գյուղերում ունենք այնքան լուրջ պրոբլեմներ, որոնք կարելի է այդ ծախսի մի մասով լուծել: Վերադառնալով Տավուշից՝ դիմեցի քաղաքապետին՝ եկեք 5 տարին մեկ նշենք, չպատասխանեցին, այս տարի նույն խնդրով արդեն բարձրաձայնեցի` հատկապես, երբ շատ լարված էր իրավիճակը, եւ զոհեր ունեինք: Երեկ գիշեր Նախիջեւանի կողմից են փորձել հարձակվել, եւ անընդհատ էլի վախը սրտումդ ասում ես` Աստված, այսօր վատ լուր չլսենք, եւ այս ֆոնի վրա, ես կարծում եմ, տոնակատարությունները պետք է կրճատել: Չեմ ասում` չնշենք, որովհետեւ Երեւանի մասին օրենքն էլ ասում է, որ տոնը օր ունի, բայց պետք է շատ ավելի համեստ նշել: Ամեն տարի ես ասում էի` Երեւանի այսինչ ամյակի առթիվ այսինչ գյուղին եկեք ինչ-որ նվեր անենք ու այդպես էլ հայտարարենք:

Ա. Ա.– Մերուժան, Դուք երեւի կողմ եք, որ Երեւանի տոնը նշվի, ինչպես միշտ նշվում է:

Մերուժան Տեր-Գուլանյան.– Ասեմ, որ ես կողմ եմ, որ նշվի:

Ա. Բ.- Բայց ես դեմ չեմ, որ նշվի:

Մ.Տ.-Գ.– Բայց ոչ այնպիսի ճոխությամբ, ինչպես մինչ այս է եղել, այո, համեստությունը լավ բան է ընդհանրապես:

Ա. Բ.- Այսինքն` դուք ինձ հետ համախոհ եք այս դեպքում:

Մ.Տ.-Գ.– Չի կարելի Երեւանի պես քաղաքի, որ Հռոմից մեծ է, օրը չնշել, մի հետաքրքիր բան էլ ասեմ` ինչու է մեզ թվում, թե ուրախությունը կամ տոնը ունեցվածք չի, դա էլ է ունեցվածք, ճիշտ է՝ դա բարոյական ունեցվածք է: Այս տարի ես լսեցի Արամ Սուքիասյանի հարցազրույցը, հետաքրքրիր բան են որոշել, որ 2797 ընտանիքների օգնեն:

Ա. Ա.– Երեւանո՞ւմ, թե՞ մարզերում էլ:

Մ.Տ.-Գ.– Երեւանում, որովհետեւ Երեւանը իրավունք չունի իր բյուջեն ծախսել շրջանների վրա:

Ա. Բ.- Դա անցյալ տարի էլ է եղել, դա քաղաքապետի նախաձեռնությունն է, որը շատ ողջունելի է, այս տարի էլ 2797 սոցիալապես անապահով ընտանիքներ ինչ-որ նվերներ կստանան: Շատ լավ է, դա կազմում է 50-55 մլն, բայց միայն հրավառությունը 3 մլն է կարծեմ, սահմանամերձ գյուղի մեկ մանկապարտեզը տարեկան 3,5 մլն դրամ է ուզում, եւ օրական լսում եմ` այսինչ գյուղի մանկապարտեզը փակվեց, որովհետեւ համայնքը չի կարողանում իր հարկերը հավաքել եւ պահել մանկապարտեզը: Ասում եմ՝ եկեք 3.5 միլիոնով, ասենք, Դեբեդավանի մանկապարտեզը պահենք, թող չփակվի, 20 երեխա է գնում ընդամենը:

Ա. Ա.– Իրավունք ունե՞ք Երեւանի բյուջեն ծախսել ուրիշ բնակավայրի վրա:

Ա. Բ.– Ասեմ` եթե ավագանու որոշում լինի, կարծում եմ` կարող ենք:

Մ.Տ.-Գ.- Դա պետք է համարել բացառիկ դեպք:

Ա. Բ.– Այո, թող լինի բացառիկ դեպք, բացառիկ դեպքով նախադեպ ունենանք: Այնքան բաներ կան, որ չի թույլատրվում, բայց արվում է:

Մ.Տ.-Գ.- Ենթադրենք՝ այդպես է, ես բան չունեմ ասելու, իսկապես շատ բաներ կան, որ չի կարելի, բայց արվում է, բայց ինչո՞ւ ենք ուզում եւս մի չի կարելի բան անենք, եւս մի հատ էլ ավելացնենք:

Ա. Բ.- Ես մեծ սիրով կասեի` եկեք չանենք, եթե օրենքը արգելում է: Բայց երբ տեսնում ես` այսպես հայտարարվում է, բայց ինչ-որ բան արվում է, ասում եմ` դե որ այդքան բան անում եք, եկեք այս մեկն էլ անենք, ու ինչքան օգտակար կլինի, որովհետեւ հայտնի չէ՝ մյուսները ինչքանով են արդյունավետ ծախսում:

 

Քննարկումն ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031