Լրահոս
Օրվա լրահոսը

443 միլիոն դոլարով պետական պարտքը եկող տարի ավելանում է

Հոկտեմբեր 05,2015 15:00

2016 թվականի պետական բյուջեի նախագիծը ոչ մի լավ բան չի հուշում. ըստ նախագծի՝ եկող տարի մեր կառավարության անդամները, բյուջե կազմողները ավելի շատ ծախսեր են նախատեսել, քան եկամուտներ: Ընդ որում, այդ ծախսերն ապահովելու համար պարտքեր-վարկեր են վերցնելու դրսից, որի սպասարկումը, մեծ հաշվով, մեր բնակչության վրա ավելի է ծանրանում:

Ըստ եկող տարվա բյուջեի նախագծի, որը դեռ Ազգային ժողովը պիտի հաստատի, բյուջեի եկամուտները կազմում են 1,2 տրիլիոն դրամ, ծախսերը՝ 1,4 տրիլիոն դրամ, իսկ 192,4 միլիարդ դրամ էլ կլինի դեֆիցիտը, որի ֆինանսավորմանը կուղղվի 190 միլիարդ դրամ: Այս 190 միլիարդ դրամ պակասուրդը ֆինանսավորելու համար կառավարությունը նախատեսում է 70 միլիարդ դրամը ներքին աղբյուրների հաշվին անել, իսկ 120 միլիարդը՝ արտաքին աղբյուրների:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում համեմատեց 2015-2016 թվականների բյուջեի կառուցվածքը, ծախսերն ու եկամուտները:
Ըստ տնտեսագետի՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների համար նախատեսված ծախսերը եկող տարի ավելանալու են, այս տարի այն կազմում է 238 միլիարդ դրամ, եկող տարի հասցնելու են 261 միլիարդ դրամի. «Սրանք օրենսդիր, գործադիր, կառավարման համակարգ, արտաքին հարաբերությունների հետ կապված, անձնակազմի կադրերի գծով ընդհանուր բնույթի ծախսերն են, կարճ ասած՝ պետական ապարատի համար նախատեսված ծախսերն են»:

Եկող տարի պաշտպանության գծով նախատեսված ծախսերը 9 միլիարդ դրամով ավելացրել են, ինչպես նշեց տնտեսագետը՝ այս տարի պաշտպանությանն է ուղղվել 199 միլիարդ դրամ, եկող տարի կլինի 208 միլիարդ: Հասարակական կարգ, անվտանգություն, դատական գործունեություն գրեթե նույնն է մնացել, 600 միլիոն դրամով նվազեցրել են այս տարվա համեմատ: Տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերը այս տարվա 85 միլիարդ դրամից մյուս տարվա համար հասցրել են 114 միլիարդի: Բնակարանային շինարարություն եւ կոմունալ ծառայությունների ծախսերն այս տարի եղել են 28 միլիարդ, մյուս տարի կլինի 26 միլիարդ դրամ: Առողջապահությանն ուղղվող ծախսերն ավելացրել են 3 միլիարդ դրամով՝ 83 միլիարդից հասցնելով 86-ի: Կրթության ոլորտի ծախսերն էլ ավելացրել են 5 միլիարդով՝ այս տարի 127 միլիարդ դրամ է, եկող տարի կլինի 132 միլիարդ դրամ: Սոցիալական պաշտպանության գծով ծախսերն այս տարի 385 միլիարդ դրամ է, եկող տարի կհատկացնեն 405 միլիարդ դրամ: Աշխատավարձերի ծախսերն էլ եկող տարի մոտ 2 միլիարդ դրամով աճել են: Բյուջեի նախագծով՝ ապրանքների եւ ծառայությունների ձեռք բերմանն այս տարի ուղղվել է 203 միլիարդ դրամ, եկող տարի այն կկրճատեն 81 միլիարդով, եւ ինչպես նշեց տնտեսագետը՝ սա բավականին մեծ թիվ է, եկող տարի այն կլինի 122 միլիարդ դրամ:

«Տոկոսավճարներն այս տարի եղել են 73 միլիարդ դրամ, եկող տարի տոկոսավճարների ծախսերը կհասցնեն 99 միլիարդի: Այսինքն՝ ավելի շատ ենք տոկոս փակում՝ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին: Հատկապես արտաքին տոկոսները՝ 38 միլիարդից 62 միլիարդ է եկող տարի դարձել: Մենք լուրջ պարտքերի տակ ենք ընկնում»,- նշեց Խաչատրյանը:

Կառավարությունը, ինչպես երեւում է եկող տարվա բյուջեի նախագծից, ավտոմոբիլային պարկը թարմացնելու ու այդ մեքենաները սպասարկելու համար ծախսեր կրճատելու միտք չունի: Ըստ տնտեսագետի՝ այս ծախսերն էլ ավելացել են. «Տրանսպորտային միջոցների, մեքենաների, սարքավորումների ձեռք բերում, պահպանում եւ հիմնանորոգում գծով ծախսերը 12 միլիարդ դրամից հասցրել են 26 միլիարդ դրամի»:

Վիլեն Խաչատրյանը նկատեց, որ եկող տարվա բյուջեն նպաստներ ու կենսաթոշակներ վճարող բյուջե է, ինչը լավ բանի մասին չի խոսում. 2016-ի բյուջեի ծախսերի մեծ մասն ուղղվելու են մեր նշած ոլորտին. «Սոցնպաստներ եւ կենսաթոշակներ գծով ծախսերն այս տարի 392 միլիարդ են, եկող տարի հատկացնելու են 413 միլիարդ դրամ: Սա լուրջ բեռ է»: Սուբսիդիաներին, ըստ բյուջեի նախագծի, 122 միլիարդ դրամ է ուղղվելու, այս տարի այս ծախսերին 33 միլիարդ է ուղղվել, դրամաշնորհները այս տարվա 129 միլիարդից հասնելու են 131 միլիարդ դրամի:

Տնտեսագետը մի ուշագրավ ծախս էլ ներկայացրեց. ինչպես նշված է բյուջեի նախագծում՝ էլեկտրաէներգիայի ոլորտի ծախսերը 2015 թվին 1 միլիարդ 347 միլիոն դրամ են, եկող տարի 13 միլիարդ 503 միլիոն են դարձել: Վառելիքի եւ էներգետիկայի ձեռք բերում ծախսային գծով՝ այս տարի 2 միլիարդ է, եկող տարի կլինի 20 միլիարդ դրամ:

Անդրադառնալով պետական պարտքի սպասարկմանն ուղղվող ծախսերին՝ Վիլեն Խաչատրյանը նկատեց, որ այն մեզ համար ավելի թանկ է դառնում, ինչը բացասական ցուցանիշ է. «Պետական պարտքի մեջ արտաքին պարտքը կազմելու է 4 միլիարդ 818 միլիոն դոլար, որը 2015 թվին սպասվողից ավելի է 329 միլիոն դոլալով: Այսինքն՝ եկող տարի 329 միլիոն դոլարով ավելացնելու են մեր արտաքին պարտքը, իսկ ներքին պարտքն ավելանալու է 114 միլիոն դոլարով: Պետական ընդհանուր պարտքը՝ եւ արտաքին, եւ ներքին, 2015-ին միասին կկազմի 5 միլիարդ 122 միլիոն դոլար, իսկ եկող տարի այն կավելանա 443 միլիոն դոլարով, այսինքն՝ եկող տարի կունենանք 5 միլիարդ 565 միլիոն դոլարի պարտք»:

Տնտեսագետն ասաց, որ եկող տարվա բյուջեն պրոբլեմատիկ է, եթե զարգանար տնտեսությունը, մասնավոր հատվածը, ապա ավելի շատ հարկ կվճարվեր, ուստի բյուջեի եկամուտների մասը կրճատվել է, եւ ծախսերի համար նախատեսված պակասուրդը փակելու հույսը հիմնականում արտաքին միջոցներն են. «Մենք մեր հաշվին մեր բյուջեն կազմելու հիմքեր չունենք: Այսինքն՝ հարուստ պետություններից պարտք ենք վերցնում ծախսեր անելու համար: Հաշվի առնելով, որ մեր աշխատանքային ռեսուրսները 4 տարում կրճատվել են 210 հազարով, նշանակում է՝ ամեն աշխատողի հաշվով պարտքի սպասարկումն ավելանում է, Հայաստանից յուրաքանչյուր գնացողը մյուսի վրա ավելի շատ պարտք է թողնում»:
Եկող տարի տնտեսական աճն ընդամենը 2.2% է լինելու. սա, ըստ տնտեսագետի, եւս բացասական միտում է, այսինքն՝ ամեն հաջորդ տարի ավելի քիչ աճ է նախատեսվում նախորդ տարվա համեմատ: Օրինակ՝ 2014-ին ավելի բարձր աճ է եղել, քան 2015-ին, իսկ 2016-ին ավելի ցածր աճ է կանխատեսվում, քան այս տարի է. այս տարի նախատեսում են տարին 2.5% տնտեսական աճով փակել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031