Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի աշխատակիցը հարեւաններին նեղն է գցել

Հոկտեմբեր 05,2015 14:30

Հաշմանդամության թոշակով ապրող Չարչօղլյանները իրավապահներից
պահանջում են հասարակ քաղաքացիների շահերն էլ պաշտպանել

«Արմեն Բախալբաշյանի համար, որն աշխատում է Գյումրիի ԱԱԾ-ում, փակ դռներ չկան»,- «Առավոտին» ուղղված իր դիմումում գրում է Գյումրիի բնակիչ Ռուբինա Չարչօղլյանը: Բնակչի պատմելով՝ ուժային կառույցի աշխատակիցը, օգտագործելով կապերը, հնարավորություններն ու դիրքը, մեկ տարի է՝ Չարչօղլյանների ընտանիքի անդորրը խախտել է՝ սեփական տան կոյուղագիծն անցկացնելով այս ընտանիքի պարսպի տակով: Ըստ տիկին Ռուբինայի՝ Արմեն Բախալբաշյանը բնակվում է 44/2 տանը եւ երեք տուն շրջանցելով՝ կոյուղագիծն անցկացրել է պարսպի հիմքը քանդելով: Այս առնչությամբ Չարչօղլյանները դիմել են Շիրակի մարզի դատախազին, ոստիկանությանը, ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին:

«Քանի որ ճեղքվել էր իմ պատը՝ հիմքը փորելու եւ կոյուղագիծ անցկացնելու պատճառով, Շիրակի դատախազը վերջապես հարուցել էր քրեական գործ: Քննչական վարչության քննիչ Էդուարդ Թումասյանը իր սեւ գործը արել էր՝ մեղադրյալ Արմեն Բախալբաշյանը դարձել էր վկա, իսկ ես՝ մեղադրողս, դարձել էի մեղադրյալ: Առերեսման ժամանակ քննիչը կանչել էր անծանոթ տղայի, որը կեղծ ցուցմունք է տվել ոչ իմ ներկայությամբ, կեղծ վկա բերել էր մի կնոջ, որը ապրում է Ռիժկովի շենքում, եւ որն ապօրինի ավտոտնակ է տեղադրել իմ տանը կից»,- ասում է տիկին Ռուբինան: Նրա խոսքերով՝ առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ դատախազության շենքից իրեն անգիտակից վիճակում շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել. «Երեւանում բուժումներս թողնելով կիսատ՝ եկա Գյումրի՝ բողոքներիս գործընթացին հետեւելու համար: Եկա, որպեսզի խոչընդոտեմ մի պարիսպը քանդած սեփականատիրոջ ապօրինի գործողություններին, բայց ամեն ինչ եղավ ապարդյուն: Արմեն Բախալբաշյանը հասավ իր ուզածին: Արդեն վախենում ենք, քանի որ վտանգված է մեր անվտանգությունը մեր հարազատ քաղաքում, որովհետեւ Արմեն Բախալբաշյանի թիկունքին կանգնած են թե՛ ՀՀ ոստիկանությունը, թե՛ ՀՀ դատախազությունը, թե՛ ջրմուղը, թե՛ քաղաքապետարանը, որը թույլ է տալիս նորմերի խախտում, որի համար պատասխանատվության չի ենթարկվում»:
Շիրակի մարզի դատախազին հասցեագրած տիկին Ռուբինայի նամակին դատախազ Կ. Հովհաննիսյանը պատասխանել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով: Դատախազը մերժել է նաեւ Ռուբինա Չարչօղլյանին ընդունել՝ պատճառաբանելով, որ արդեն մեկ անգամ այդ հարցի շուրջ ընդունելություն եղել է, եւ նույն հարցի շուրջ ընդունելությունը նպատակահարմար չէ:

4-1

Տիկին Ռուբինան իրավապահ մարմիններից պահանջում է, որպեսզի միջամտեն եւ ստիպեն Արմեն Բախալբաշյանին Չարչօղլյանների պարսպի տակից հանել իր կոյուղագծերը եւ ջրահեռացման խողովակները եւ տեղափոխել իր տանը կից: Տիկին Ռուբինան նաեւ պահանջում է հատուցել պատճառված վնասները. «Իմ պատը ճեղքվել է եւ կարող է փլվել: Մեր հարազատ երկրում, քաղաքում չենք կարող հանգիստ, ապահով ապրել, մեր քրտինքով ստեղծածը վայելել: Այդ ամենը կառուցվել է հարազատներիս տանջանքով: Մենք ապրում ենք հաշմանդամության թոշակներով, ոչ թե ուրիշի վաստակածն ենք խլում: Խնդրում ենք ձեր օգնությունը՝ վերականգնելու մեր՝ որպես ՀՀ քաղաքացու, իրավունքները, որն ամեն քայլափոխի ենթարկվում է «տեռորի» մեր իսկ անբարեխիղճ ղեկավարների մեղքով: ԱԱԾ-ի աշխատակիցն ինքն է պարտավոր պահպանել օրենքը, այլ ոչ թե խախտել, բա ուրիշներից ի՞նչ պահանջենք»:

4-i-2

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
03.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031