Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում հենց իրենք կապահովե՞ն իրենց իրավունքները եւ կհայտնվեն «դրախտո՞ւմ»

Հոկտեմբեր 05,2015 14:00

Դեռ մեկ տարի առաջ հրապարակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգն անթաքույց կանխորոշեց ապագա նախագծի հակաիրավական բովանդակությունը: Ընդ որում, աչքակապության դասական օրինակով հայեցակարգի հենց սկզբում զետեղվեց 1789թ. օգոստոսի 26-ին ընդունված «Մարդու եւ քաղաքացու իրավունքների ֆրանսիական հռչակագրից» հատված, ըստ որի. «Յուրաքանչյուր հասարակություն, որտեղ ապահովված չէ իրավունքների երաշխավորումը եւ հաստատված չէ իշխանությունների բաժանումը, ընդհանրապես չունի Սահմանադրություն»: Իրականում այս ամպագոռգոռ նախաբանը մոսկվաբնակ իրավաբան Հայկ Մանուկյանի կարծիքով. «զուտ քողարկված ահազանգ էր այն մասին, որ հանրությանը հրամցվելու ու պարտադրվելու է ճիշտ այնպիսի նախագիծ, որում բացարձակապես ապահովված չեն լինելու մարդու իրավունքները, իշխանությունը կենտրոնացվելու է գործադիրի ձեռքում, իսկ դատական իշխանության անկախությունը վերածվելու է մեծ ֆիկցիայի»:

Զրուցակցիս դիտարկմամբ, այս նախագծով արվել է «ամեն ինչ, որպեսզի մարդն իր իրավունքների պաշտպանության հարցերով «բազմազբաղ» իշխանություններին չանհանգստացնի, համակերպվի իր վիճակի հետ եւ Սահմանադրական դատարանին ավելորդ չծանրաբեռնի ու պարբերաբար մերժումներ ստանալու հետեւանքով չհայհոյի: Տպավորությունն այն է, որ հատկապես գործադիր իշխանության եւ Սահմանադրական դատարանի «պատասխանատուները» փորձել են լոբբինգ անել այն հաշվով, որպեսզի սահմանադրական փոփոխությունների արդյունքում հենց իրենք ապահովեն իրենց իրավունքները եւ, անտարակույս, հայտնվեն «դրախտում»:
Նախագծում ամենավիճահարույցը շարունակում է մնալ մարդու իրավունքների պաշտպանության, դրա երաշխավոր դատական ատյանների խնդիրը: Արդյոք նրանք կունենա՞ն գոնե «գործող» անկախությունը:

Իրավաբան զրուցակիցս ուշադրություն է հրավիրում Սահմանադրության անփոփոխելի 1-ին հոդվածին, համաձայն որի, Հայաստանի Հանրապետությունը «սոցիալական» է: Առաջարկվող նախագծում առանց աչք թարթելու հանված են բոլոր սոցիալական իրավունքները, ասել կուզի` դրանք այսուհետ սահմանադրական չեն, իսկ դրանց խախտման դեպքում քաղաքացիները այլեւս չեն կարող դիմել Սահմանադրական դատարան:

«Պարզ է, որ իշխանություններին այնքան էլ չի հուզում, որ մարդիկ իրենց խախտված իրավունքների կապակցությամբ հարկադրված են լինելու արդեն անմիջականորեն դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս դեպքում հաշվի է առնվել նաեւ այն, որ մարդիկ այնքան էլ հակված չեն լինի դիմել միջազգային դատական ատյաններ, քանի որ դրանցում դիմումների քննարկման տեւական ժամկետներ կանխորոշող անտանելի կուտակումներ են գոյացել, հայեցակարգում ապագա նախագիծը «հրապուրիչ» դարձնելու ակնկալիքով զգուշավոր ներառվել էին մի շարք հիմնադրույթներ, որոնք այս կամ այն չափով գուցե նպաստեին իշխանության գերկենտրոնացման եւ կամայականությունների դեմ պայքարին, սակայն հենց գործը հասավ կոնկրետ նախագծին, ապա դրանք հնարավորինս արագ մոռացության մատնվեցին»,- ասում է «Առավոտի» զրուցակիցը:

Ի դեպ, ըստ իմ շատ զրուցակիցների, աբսուրդը նրանում է, որ նախագծի հեղինակները դեռ իներցիայի ուժով խոսում են այդ դրույթների մասին, սակայն անտեսում են, որ կլինեն կարդացողներ եւ կնկատեն, որ շարունակում ենք խոսել մի բանի մասին, որն արդեն անդառնալիորեն գոյություն չունի: Մասնավորապես, հարցնում են, թե վերահսկողություն իրականացնող մարմինների, հատկապես Վերահսկիչ պալատի կազմում ի՞նչ ընդդիմադիր ուժերի մասնակցության մասին է խոսքը, երբ նախագծում, ի տարբերություն հայեցակարգի, անգամ ակնարկ չկա այդ մասին: Եթե պետք է բավարարվեին միայն ԱԺ նախագահի մի տեղակալի հաստիք հանձնելով, այդպես էլ ի սկզբանե ասեին: Կամ՝ ի՞նչ իմաստ ուներ պնդել, թե իբր ներդրվելու է սահմանադրական պատասխանատվության ինստիտուտ, եթե որեւէ փորձ անգամ չպետք է արվեր այդ ուղղությամբ:

Իրավաբան Արա Սարգսյանի դիտարկմամբ էլ, միայն դատական իշխանության համակարգը իսկապես անկախ ու արդարացի դարձնելու խոստումը բավարար կլիներ, որպեսզի հանրությունն անգամ հաշտվեր կայուն, անցնցում իշխանություն պահելու անթույլատրելի նպատակների հետ: Բայց այս հարցում նախագծով ոչ միայն փորձ չի արվել շտկելու իրավիճակը, այլեւ, ըստ զրուցակցիս, որդեգրվել է դատական համակարգը քավության նոխազ դարձնելու անթաքույց քաղաքականությունը: Նախ, դատարանների նախագահների նշանակման գործընթացն անհիմն քաղաքականացվել է, դրանում լայն լիազորություններ է վերապահվել, չգիտես ինչու, Ազգային ժողովին ու հանրապետության նախագահին: Առաջարկվում է ստեղծել «Բարձրագույն դատական խորհուրդ», որն իբր պետք է երաշխավորի դատական իշխանության անկախությունը, սակայն դրա կազմում դատավորներն անգամ մեծամասնություն չեն կազմում, թեպետ դատավորների մեծամասնություն ապահովելու պահանջը համարվում է միջազգային իրավական չափանիշ:
Իրավաբան զրուցակիցներիս գնահատմամբ, ցանկացած, անգամ իրավաբանական լուրջ կրթություն չունեցող անձ գիտի, որ դատավորների անձեռնմխելիությունը համարվում է անկախության երաշխիքներից, մինչդեռ՝ նախագծով միանգամայն անսպասելի սահմանափակվել է դատավորների անձեռնմխելիությունը, որը նկատելի նահանջ էր անգամ գործող Սահմանադրությունից, որը հայեցակարգով քննադատության լուրջ թիրախ էր դարձել հենց դատավորների անկախությունը անհիմն թույլատրելի դարձնելու տեսանկյունից: Այսպիսով, նախագծի ընդունումից հետո մենք կունենանք մի իրավիճակ, երբ դատավորին առանց որեւէ իրավասու կառույցի համաձայնության, հնարավոր կլինի ենթարկել քրեական պատասխանատվության, օրինակ, կոնկրետ գործ քննող եւ որոշակի ինքնուրույնություն դրսեւորող դատավորին կարող են «հիշեցնել», որ ինքը տարիներ առաջ ճանապարհային երթեւեկության կանոնների այնպիսի խախտում է արել, որի համար կարելի էր քրեական գործ հարուցել եւ այլն:

Անհասկանալի է նաեւ, թե այդ ինչ մեզ՝ հասարակ մահկանացուներիս համար դեռեւս անհասանելի պատճառաբանությամբ է ամրագրվել ակնհայտ բարեհաճ կարգավորում դատախազի նկատմամբ, միաժամանակ՝ անվստահություն արտացոլվել դատարանների նախագահների նկատմամբ: Հետաքրքիր է, հարցնում են նրանք, թե այդ ի՞նչ տրամաբանությամբ գլխավոր դատախազը պետք է պաշտոնավարի երկու ժամկետով՝ 6-ական տարի, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահն ընդամենը մեկ անգամ՝ դարձյալ 6 տարով: Ընդ որում, առաջին ատյանի դատավորների համար «բավարար» է համարվել անգամ 3 տարին:
Ոչ մի ակնարկ այն մասին, թե ինչ երաշխիքներ պետք է սահմանվեն դատավորների աշխատավարձի կապակցությամբ, ինչը անտեղի չէ, եթե հաշվի առնենք, որ դատավորների աշխատավարձի ու կենսաթոշակի նվազումը բացառություն չէ, դրանք նկատելիորեն նվազել են վերջին տարիներին:

Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ նախագծում չներառվեց երդվյալ ատենակալների ինստիտուտը, այն դեպքում, երբ դատավորներն իրենք էին բազմիցս նկատում, որ դա կնպաստեր դատարանների նկատմամբ վստահության ամրապնդմանը:

Ընդհանրապես դատական իշխանության վերաբերյալ դրույթների քննարկումը բացահայտ անցնում էր ահաբեկման մթնոլորտում՝ մեկ խոսվում էր երկաստիճան դատական համակարգի անցնելու անհրաժեշտության մասին, ինչը, պարզվեց, ձեւական քննարկում էր, այնուհետեւ հրատապ համարվեց իբր դատական ակտերի նկատմամբ սահմանադրական վերահսկողությունը եւ այդպես շարունակ:
Ի վերջո, դատարանների նախագահների պարագայում ընտրվեց աննախադեպ չափանիշ՝ անտեսելով վատթարացնող օրենքի հետադարձ ուժի արգելքը, սահմանվեց, որ վերջիններս չեն պաշտոնավարելու մինչեւ գործող օրենսդրությամբ նախատեսված ժամկետը, այլ կվերընտրվեն, եւ վերջապես՝ ինչո՞ւ է հետեւողականորեն առաջ քաշվում խորհրդարանում կայուն մեծամասնություն ունենալու հարցը, անգամ՝ բերվում են օրինակներ, որ իբր որոշ երկրներում մեծամասնությունն ավտոմատ է շնորհվում, այսպես կոչված, բոնուսային կարգով: Այն, որ կայուն մեծամասնությունը բոլորովին կայուն իշխանություն իրականացնելու երաշխիք չէ, ակնհայտ է յուրաքանչյուրին, սակայն այս դեպքում կարող են կիրառման մեջ դրվել մի քանի, ոչ մի լավ արդյունքի չհասցնող տարբերակներ: Այսպես, կարող է փորձ արվել ստեղծված քաոսային վիճակում մարդկանց համոզել, թե, այնուամենայնիվ, որքան անհրաժեշտ է «ուժեղ ձեռքի» գաղափարը, ինչին կարելի է հասնել միայն իշխանության կենտրոնացման միջոցով: Մեկ այլ տարբերակով էլ ավելի արհեստականորեն կխորացվի քաղաքական ճգնաժամը, որպեսզի կուսակցական լիդերները իշխանությամբ օժտված պաշտոնյաների նկատմամբ ուժեղացնեն իրենց ազդեցությունը եւ կարողանան իրականացնել քողարկված կուսակցական ղեկավարում:

Իրավաբանների կարծիքով, տպավորությունն այնպիսին է, որ բոլոր հնարքները միայն մի գերնպատակի են ծառայում՝ քողարկված գերկենտրոնացնել իշխանությունը, փոշիացնել ընդդիմադիր կուսակցությունների ուժերը եւ հնարավորինս անտեսել «գլխացավանք» առաջացնող այնպիսի ժողովրդավարական լծակներ, որոնց արդյունքում հանկարծ Սահմանադրությունը կարող է դառնալ «մարդակենտրոն»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031