«Փաստորեն, այն թեւավոր խոսքը, որը հնչեց շուրջ 1 տարի առաջ վերջին բոլշեւիկի մասին, այսօր այդ վերջին բոլշեւիկի նախաձեռնությունը իր ճամբարում հավաքել է ՀՀ ԱԺ-ում ներկայացված պատգամավորներին եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին եւ այդ բոլշեւիզմով, անունը դնելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ցանկանում է մեր ժողովրդից գողանալ իշխանությունը: Ցավալին այն է, որ թե՛ առաջին հանրապետության ներկայացուցիչներն են այդ բոլշեւիկների ճամբարում հանգրվանել, թե՛ նաեւ նրանք, ովքեր գիտեն, թե ով է այդ բոլշեւիկը: Բոլշեւիկն այն անձն է, ով 96-ի կեղծված ընտրություններից հետո հավաքված ժողովի ժամանակ ասում էր՝ ճիշտ է, մենք պետք է ճնշենք ժողովրդին: Այդ բոլշեւիկն այն անձն է, ով 2008-ի կեղծված ընտրություններից հետո համամիտ էր, որպեսզի մեր ժողովրդի նկատմամբ նորից կիրառեին ուժ եւ փաստորեն բռնի ուժով, կրակելով ժողովրդի վրա, նորից գողանային ժողովրդի քվեն»,- «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսպիսի ելույթ ունեցավ ԱԺ-ում՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցի քննարկման ժամանակ:
Նրա խոսափողը անջատել տվեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Անջատե՛ք խոսափողը, ի՛: Սա շուկա չի, Ազգային ժողով է»:
Գալուստ Սահակյանը ներկայացրեց նիստերի օրակարգը եւ տեղեկացրեց, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը ցանկություն էր հայտնել ԱԺ նիստին մասնակցել, բայց չի կարողացել, ուստի նրա խոսքը ԱԺ-ում ընթերցեց Շարմազանովը:
Ըստ Վենետիկի հանձնաժողովի նախագահի խոսքի, կառավարման ցանկացած համակարգ կարելի է ներդաշնակեցնել ժողովրդավարական չափանիշներին. «Այս Սահմանադրությունը պատրաստել են Հայաստանի պայծառագույն իրավական մտածողները, որոնք հաշվի են առել Հայաստանի Սահմանադրական պատմությունը: Կարող եմ ասել, որ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները ՀՀ Սահմանադրության մասնիկն են: Անկախ բարեփոխումները նախաձեռնելու դրդապատճառներից, Սահմանադրական բարեփոխումը հիասքանչ հնարավորություն կարող է լինել, եթե այն համապատասխանում է եվրոպական եւ միջազգային չափանիշներին: Սահմանադրական նոր կանոնները կարող են շարժիչ ուժ դառնալ՝ ժողովրդավարության ավելի բարձր մակարդակի անցում կատարելու համար: Եթե ընդունեք այս փոփոխությունները, ապա բարեփոխում իրականացնելու կամ չիրականացնելու իրավունքը վերապահված է հայ ժողովրդին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ