Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզեցի, որ Նարեկին ճանաչեն այնպիսին, ինչպիսին ինքը կա»

Հոկտեմբեր 05,2015 13:30

Աննա Մնացականյանը՝ մարդ եւ նկարիչ Նարեկ Առուշանյանի մասին

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի վաղամեռիկ նկարիչ Նարեկ Առուշանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Նախաձեռնության հեղինակը Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանն է՝ նկարչի կինը:

«Առավոտի» հետ զրույցում տիկին Մնացականյանը նշեց, որ ցուցահանդեսում ներկայացվելու են ամուսնու այն աշխատանքները, որոնք առկա են Հայաստանում, պահպանվում են Առուշանյանի ընտանիքի, նրա ընկերների ու հարազատների մոտ:
Աննա Մնացականյանն ասում է, որ անհատական ցուցահանդես կազմակերպելու գաղափար վաղուց է եղել. նախ Հայաստանում մի 10 տարի առաջ էր Նարեկ Առուշանյանի ցուցահանդեսը բացվել, ինքն ավելի շատ դրսում է ներկայացել: «Փորձում ենք բոլորս իրեն ճանաչել… Կարծում եմ՝ ընկերները, ազգականներն այդ համատեքստում իրեն չեն տեսել: Վստահ եմ, որ ասելիք ունի Նարեկը, նաեւ իր ղեկավարած Թերլեմեզյանի քոլեջի ուսանողները եւ շրջանավարտները, որոնք իր հետ շփվել եւ սիրում են իրեն, առիթ կունենան նորովի տեսնելու նկարչին իր ստեղծագործություններում: Մի խոսքով, ցուցահանդեսը լավ առիթ է ներկայացնելու մարդու ներաշխարհը: Մի բան էլ կա՝ այն տպավորությունը, կարծրատիպերը, որ վերջին տարիներին ցավալի հանգամանքների բերումով Նարեկի շուրջ ձեւավորվել էին, նրա հետ կապ չունեին: Ես ուզեցի, որ Նարեկին բոլորը ճանաչեն այնպիսին, ինչպիսին ինքը կա: Դա առաջին հերթին ցուցահանդես է իր տղաների, իր ընտանիքի համար»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Narek_Arushanyan-2
Հարցրինք՝ ինչպիսի՞ նկարիչ է Նարեկ Առուշանյանը, եթե նրա ստեղծագործությունը դիտարկելու լինի ո՛չ տիկնոջ աչքերով: Աննա Մնացականյանն ասաց, որ ինքը արվեստաբան կամ նկարիչ չէ, որպեսզի մասնագիտական դատողություններ անի, հետեւաբար դա թողել է մասնագետներին՝ Վահան Քոչարին, Ելենա Մովսիսյանին, Կարեն Միքայելյանին ու նկարիչ ընկերներին. «Ալբոմի ձեւավորողը Վահան Քոչարն է: Նրա կարծիքը կարեւոր է, ինքը դատողություններ անելու իրավունքի տեր մարդ է, մենք հարցեր ենք տվել մասնագետներին ու նոր ենք եկել ցուցահանդեսի: Վահան Քոչարն այնքան քմայքոտ է, որ եթե մի բան դուր չգար, չէր անի: Կամ, օրինակ, Կարեն Միքայելյանը: Նա քաղցրախոս չէ եւ չի սիրում անհարկի գովաբանություն: Նրան նույնպես հարց տվինք՝ արդյոք ճի՞շտ է ներկայանալ անհատական ցուցահանդեսով: Նա ոչ միայն հիմնավորեց դա, այլեւ համաձայնեց խոսք գրել, որը զետեղեցինք ալբոմում: Այսինքն, որպեսզի սուբյեկտիվ կարծիք չլինի, մենք ամեն ինչ ճշտել ենք մարդկանց հետ, որոնք իրավունք ունեն մասնագիտական կարծիք հայտնելու: Ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր ցուցադրություն կլինի»:

Կա՞ր աշխատանք, որից Նարեկ Առուշանյանը ոչ մի կերպ չկարողացավ բաժանվել: «Մի նկար կա, որը «Ուրբաթ» է կոչվում, եւ ցուցահանդեսին կտեսնեք: Բազմիցս դիմել են, ցանկացել են գնել այն, բայց Նարեկը մերժել է, երբ հենց այդ պահին ընտանիքում նույնիսկ կար նյութական խնդիր ու շատ գայթակղիչ էին նկարը վաճառելու առաջարկները…Ընդհանուր առմամբ, ոչ թե այս կամ այն նկարն է եղել սրտին մոտ, այլ այն փուլերը, որոնք ինքը ապրել է ու որոնց մեջ ստեղծագործել: Օրինակ, նա լուրջ փուլ ունեցավ, երբ առաջին անգամ Նարեկը, ես եւ տղաս այցելեցինք Արեւմտյան Հայաստան՝ Կարին: Դրանից հետո բավականաչափ հետաքրքիր շարք ծնվեց, դա հոգեվիճակ էր, իր զգացմունքներն էին, կար ընտանեկան պատմություն…Ու ինչն ամբողջական արտացոլումը գտավ այդ աշխատանքներում… Դա այն գունային գամման էր, որը ստացել է այն միջավայրում, որտեղ ինքը մեծացել է՝ ընտանիքից սկսած՝ վերջացրած մշակութային միջավայրով»,- ասաց Աննա Մնացականյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Նարեկ Առուշանյանի ու Աննա Մնացականյանի վերջին լուսանկարներից:

«Առավոտ» օրաթերթ
03.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031