Հոկտեմբերի 2-4-ը Ծաղկաձորում կայացավ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) հավաքը, որին մասնակցում էին ՀՀԿ ԵԿ տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները՝ մոտ 140 պատվիրակ։ Վերջիններս ներկայացրին տարեկան հաշվետվություններ 2014-2015թթ. գործունեության վերաբերյալ:
ՀՀԿ ԵԿ ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշում է, որ տարեկան հաշվետվությունների ներկայացումն ու քննարկումը լավագույն ձևն է կառույցների ակտիվությունը, գործունեությունը ստուգելու, խնդիրները վեր հանելու համար։ Հավաքի բացման խոսքում ՀՀԿ ԵԿ ղեկավարն անդրադարձավ ՀՀԿ ԵԿ առաքելությանը, ինչպես նաև՝ հավաքի բուն նպատակին։
«Մարզերի տարածքային կազմակերպությունները և Երևանի խորհուրդը մեր հենասյուներն են, որտեղ հավաքվում են երիտասարդներ, ովքեր ասելիք ունեն: Ակտիվ, խելացի, նվիրված և ազնիվ մարդը միշտ տեղ ունի մեր շարքերում: Մեզ համար շատ կարևոր է Երիտասարդական կազմակերպության առողջ լինելը, և այս հավաքի ամբողջ գաղափարախոսությունն է պարզել, թե որքանով է առողջ մեր ԵԿ-ն, որքանով է մրցունակ և ինչպես է նոր մարտահրավերներին դիմակայելու,- նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը: Նա ընդգծեց, որ անցնող տարում փոխվել են շեշտադրումները՝ մեծացել է մարզեր ուղղորդվող միջոցառումների թիվը, և այս գործընթացը շարունակական է լինելու։
Այնուհետև անցում կատարվեց հաշվետվությունների ներկայացմանը, որի ժամանակ ՀՀԿ ԵԿ մարզային, Երևանի տարածքային և ՀՀԿ ԵԿ խորհրդի հանձնաժողովները խոսեցին իրենց գործունեության, ձեռքբերումների, իրականացրած ծրագրերի և միջոցառումների մասին, ներկայացրին այն խնդիրները, որոնք եղել են կառույցներում և լուծում են ստացել կամ առկա են ու դեռ լուծման կարիք ունեն: Հատուկ ընդգծվեցին Երիտասարդական կազմակերպության հաջողությունները միջազգային համագործակցության ոլորտում, անդամակցությունները մի շարք եվրոպական քաղաքական, ուսանողական կառույցներին։
Կարդացեք նաև
Հաշվետվությունների բուն հատվածի ներկայացմանը հաջորդեցին հարցերն ու պատասխանները, կատարվեցին առաջարկներ խնդիրների համատեղ լուծման, թերությունների շտկման և հետագա արդյունավետ աշխատանքի համար:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն