«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Բիշքեկից մեկ օր շուտ է վերադարձել, որպեսզի այսօր «ոչ» ասի սահմանադրական բարեփոխումների նախագծին: Քիչ հետո, հիշեցնենք, խորհրդարանում կմեկնարկի քառօրյան, որի օրակարգային առաջին հարցը սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությունն է: Մեր տեղեկություններով, սակայն, հնարավոր է, նախագիծը քվեարկության դրվի 14.30-ին:
Բիշքեկում Տիգրան Ուրիխանյանը եւ Էդմոն Մարուքյանը դիտորդական առաքելությամբ էին գտնվում: Էդմոն Մարուքյանը, սակայն, չի վերադարձել: Նա Հայաստանում կլինի այսօր երեկոյան, երբ արդեն սահմանադրական բարեփոխումների նախագծի ճակատագիրը որոշված կլինի:
Aravot.am-ի տեղեկություններով, քվեարկությանը չմասնակցելու համար Հայաստանից մեկնել է նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը: Նա եւ Էլինար Վարդանյանը հայտարարել էին, որ «դեմ» են քվեարկելու նախագծին, նույնիսկ այն բանից հետո, երբ ԲՀԿ մամուլի խոսնակը հայտարարեց, որ խմբակցությունը որոշել է «կողմ» քվեարկել ու խմբակցության որոշումը տարածվում է խմբակցության անդամ բոլոր պատգամավորների վրա:
ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայկ Խաչատրյանն իսկապես բացակայում է Հայաստանից: Ըստ Վահան Բաբայանի, նա մեկնել է բուժման`ԱՄՆ:
Կարդացեք նաև
«Դեմ»-ական համարվող Վահե Հովհաննիսյանը որեւէ հրապարակային կարծիք չի հայտնել: «Դեմ»-ականներից է համարվում նաեւ Ստեփան Մարգարյանը, որը սակայն, ըստ լուրերի, փոխել է դիրքորոշումը: Նա ևս խուսափում է լրագրողների հետ շփումներից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ