Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Գաբրիելյան. «Ռիոյում բոլորս էլ մեր մարզիկներից լուրջ սպասելիքներ ունենք»

Հոկտեմբեր 05,2015 12:30

Մոտ մեկ ամիս առաջ Ռիո դե Ժանեյրոյում կայացած ազգային օլիմպիական կոմիտեների շեֆ միսիաների խորհրդակցությանը մասնակցել է նաեւ 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում ՀԱՕԿ-ի հանձնակատար Դերենիկ Գաբրիելյանը: Այդ առիթով «Առավոտը» զրուցել է պարոն Գաբրիելյանի հետ:

– Օլիմպիական խաղերը այս քառամյա ցիկլի գլխավոր մարզական իրադարձությունն է: Հետեւաբար, խորհրդակցությունը պետք է որ ներկայացուցչական կազմ ունենար:

– Ճիշտ նկատեցիք: Ռիոյում էին ազգային օլիմպիական կոմիտեների ռեկորդային թվով ներկայացուցիչներ 206 երկրներից:

– Կազմակերպիչներն այս փուլում որքանո՞վ են պատրաստ ընդունելու օլիմպիական խաղերի մասնակիցներին, մրցումները պատշաճ ձեւով անցկացնելուն:

– Ասեմ, որ Լատինական Ամերիկայում առաջին անգամ է անցկացվում ամառային օլիմպիական խաղեր, ուստի այդ տարածաշրջանի բոլոր երկրները եւ հատկապես Բրազիլիան դրան նախապատրաստվում են լրջորեն ու պատասխանատվության զգացումով: Շինարարական աշխատանքների 80-85 տոկոսն արդեն կատարված է: Մարզիկների համար բրազիլացիները ստեղծել են մարզվելու եւ մրցակցական գործընթացի բոլոր պայմանները: Եղանք Օլիմպիական ավանում, որտեղ վեր են հառնել 17 հարկանի 31 հյուրանոցային շենքեր: Դա մի խոշոր համալիր է՝ պատվիրակությունների համար բնակության, առօրյայի, հանգստի բոլոր հարմարություններով: Ես մանրամասն ուսումնասիրել եմ Օլիմպիական ավանը, մարզաբազաները, որոնցում հանդես են գալու Հայաստանի մարզիկները: Եվ կարող եմ ասել, որ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ամեն բան լավագույն ձեւով հասցնեն Խաղերի բացմանը, որը կայանալու է 2016 թվականի օգոստոսի 5-ին:
Ես, որպես պատվիրակության ղեկավար, կազմակերպիչներին դիմել եմ, որպեսզի մեր օլիմպիականները բնակվեն հարմարավետ պայմաններում, բայց որքան հնարավոր է՝ մեր հարեւաններ Ադրբեջանից եւ Թուրքիայից հեռու: Կարծում եմ, կազմակերպիչները չեն անտեսի մեր այս առաջարկը եւ այդպես էլ կլինի:

– Երբ Ռիո դե Ժանեյրոն ընտրվեց ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք, Բրազիլիայի ժողովուրդը միանշանակ չարձագանքեց դրան: Որքան տեղյակ ենք արտասահմանյան լրատվամիջոցներից, բրազիլացիների մեջ օլիմպիական խաղերն իրենց երկրում անցկացնելուն դեմ բավականին մեծ խավ կա:

– Ռիոյի բնակչության շուրջ 75 տոկոսը կողմ է օլիմպիական խաղերին եւ միայն 25 տոկոսն է դեմ:

– Օլիմպիական խաղերի մեկնարկին դեռ 11 ամիս կա: Բայց կարո՞ղ եք ասել, թե մեր մարզական պատվիրակությունը երբ է մեկնելու Ռիո դե Ժանեյրո:

– Բնական է՝ բացումից առնվազն մի քանի օր առաջ: Բայց ես, որպես Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար, իմ տեղակալը, որի ով լինելը դեռ որոշված չէ, եւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Ռիո կմեկնենք ավելի վաղ, մոտավորապես՝ հուլիսի 24-25-ին: Պետք է հավատարմագրումները անցկացնենք, կարգավորենք փաստաթղթային բոլոր հարցերը, զբաղվենք մեր օլիմպիական պատվիրակությանը պատշաճ մակարդակով դիմավորելու հարցերով: Բացի մարզական պատվիրակությունից, օլիմպիական խաղերում պետք է դիմավորենք նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, բարձրաստիճան պաշտոնյաների:

– Օլիմպիական խաղերում ավանդական արարողակարգ կա, երբ կոնկրետ մի օր պաշտոնապես բարձրացվում է մասնակից երկրի կամ երկրների պետական դրոշը: Մեր երկրի ղեկավարությունը ներկա լինելո՞ւ է Հայոց եռագույնի բարձրացման արարողությանը:

– Պետական ներկացուցչություն անպայման կլինի: Բայց Հայաստանի եւ մյուս երկրների դրոշների պաշտոնական բարձրացման կոնկրետ օրերը դեռ հայտնի չեն: Կազմակերպիչները կորոշեն եւ մեզ պաշտոնապես տեղյակ կպահեն:

– Անկասկած, շատ երկրներ իրենց առաջարկներով էին մեկնել շեֆ միսիաների խորհրդակցություն: Դուք Հայաստանի անունից որեւէ ասելիք ունեի՞ք:

– Ռիոյի խորհրդակցությունում իսկապես քիչ առաջարկներ չեղան: Դրանք նաեւ հընթացս քննարկվում էին: Բարձրացված բոլոր հարցադրումներին եւ առաջարկներին կազմկոմիտեն կրկին անդրադառնալու է եւ կայացրած որոշումների մասին գրավոր տեղեկացնելու է երկրներին: Ես այնտեղ նույնպես մեզ մտահոգող խնդիրներ բարձրացրել եմ: Մասնավորապես, որպեսզի մարզիկներն իրենց զգան ինչպես տանը: Խոսքը հենց օդանավակայանում հավատարմագրումն անցնելու, ուղեբեռները ժամանակին ստանալու, սննդի, ջրի եւ կազմակերպչական, տեխնիկական այլ հարցերի մասին է, ինչը շատ կարեւոր է միայն մարզումների ու մասնակցության վրա կենտրոնանալու եւ հնարավորին չափ լավ հանդես գալու համար: Իսկ մենք բոլորս, ինչպես հայտնի է, այս օլիմպիական խաղերում մեր մարզիկներից բավականին սպասելիքներ ունենք:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031