Արդեն պարզից էլ պարզ է, որ Արցախյան հարցում Մինսկի խմբի եւ զանազան այլ խմբերի նախաձեռնությունները շուտ թե ուշ հօդս են ցնդելու: Արցախի հարցում որեւէ նախաձեռնություն որեւէ արդյունք չի տա, քանի որ էդ հարցում հայերի ու ադրբեջանցիների ցանկություններն ու հավակնությունները որեւէ ընդհանրություն չունեն:
Արցախի հարցում միակ նորությունն ու նորարարությունը Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական սրամտությունն էր. Հայաստանը պետք է պաշտպանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց` առանց Արցախի տարածքի:
Ինչքան էլ ինքնավստահորեն կատակներ անենք ու ժամանակ առ ժամանակ լրջանալով ինքնավստահորեն հայտարարենք, թե Հայոց բանակը տարածաշրջանում ամենամրցունակն է, եւ ինչքան էլ Ալիեւի հոխորտանքներին կրկնակի ու տասնապատիկ հոխորտանքներով պատասխանենք, ժամանակ առ ժամանակ հնարավորինս լրջանալով` ժամանակ առ ժամանակ հասկանում ենք, որ երկու հարեւան ժողովուրդների համար, այնուամենայնիվ, ամենաանցանկալի տարբերակից խուսափելու տարբերակը վերստին բանակցություններն են` Մինսկի կամ մեկ այլ խմբի միջնորդական հովանու ներքո. անպայման ինչ-որ խմբի միջնորդական առաքելության ներքո, այնքան ժամանակ, քանի դեռ հայերի ու ազերիների ցանկությունները որեւէ կետում ընդհանուր եզրեր չեն գտել, եւ քանի դեռ առանձնապես հույս չկա, որ հայերն ու ադրբեջանցիք Արցախի հարցում համաձայնության ընդհանուր եզրեր կգտնեն, էլի միջնորդական առաքելությամբ Մինսկի եւ այլ անվանումներով խմբեր ի հայտ կգան, որոնք իրենց համար հաճելի առաքելությունը հաճելիորեն ձգձգելով` ժամանակ առ ժամանակ կհայտարարեն, թե ահա-ահա, ուր որ է` հայերն ու ադրբեջանցիք իրար հետ ընդհանուր լեզու կգտնեն, եւ եթե նույնիսկ իրենք իրենց էդ լավատեսական հայտարարություններին ժամանակ առ ժամանակ հավատան, եւ եթե նույնիսկ ամբողջ աշխարհն էլ էդ հայտարարություններին հավատա, էլի հայերն ու ադրբեջանցիք չեն հավատալու, որովհետեւ փոխզիջումը թե՛ հայերի համար է պարտության հոմանիշ, թե՛ ադրբեջանցիների, եւ չնայած երկու կողմերն էլ Արցախի հարցում մաքսիմալիստ են, այդուհանդերձ, Ադրբեջանի ու անձամբ Ալիեւի մաքսիմալիզմն անհամեմատ ծիծաղելի ու անլուրջ է, քան մերը, որովհետեւ եթե մեր մաքսիմալիզմն ընդամենը Արցախի ներկա ու դե ֆակտո իրավիճակն է արտահայտում, Ադրբեջանի ու անձամբ Ալիեւի մաքսիմալիզմը հավակնում է էն ամենին, ինչից Ադրբեջանն էս պահի դրությամբ ամբողջովին է զրկված, եւ չնայած «Քաջ Նազարն» ավելի հայկական հեքիաթ է, քան ադրբեջանական, այնուամենայնիվ, կրտսեր Ալիեւի պերմանենտ զարմանքն ավելի քան քաջնազարյան է` «էս հարեւաններն ինչի չեն ուզում իրանց հողերը մեզ տան»:
Հայերս էլ Արեւմտյան Հայաստանի կորստի հետ ոչ մի կերպ չենք հաշտվում, բայց նաեւ տեսլականներ չունենք, թե որեւէ միջնորդական խմբի միջնորդությամբ մեր պատմական տարածքները սկուտեղի վրա մեզ կմատուցեն: Էլ չենք խոսում այն մասին, որ Արցախը ոչ թե ադրբեջանցիների բնօրրանն է, այլ արցախահայերինը:
Այդուհանդերձ, ցանկալի չէ սրել առանց այդ էլ մշտապես սրված իրավիճակը: Ադրբեջանցիների համար նույնպես իրավիճակի սրումը ցանկալի չէ՝ ճիշտ այնպես, ինչպես որ երկու ժողովուրդների համար հավասարապես ցանկալի չէ պատերազմի վերսկսումը:
Անկասկած է, որ եթե Ալիեւը հաղթանակի հարցում համոզված լիներ, վաղուց պատերազմ կսկսեր: Բայց հավանաբար Ալիեւը հասկանում է, որ հայերն իրենց հայրենիքի համար վերստին կկռվեն, իսկ ադրբեջանցիները հանուն Ալիեւի` դժվար թե: Մնում է` հույսները վերստին նայոմնիկների վրա դնեն: Բայց դա եւս չափազանց թույլ հույս է:
Կարդացեք նաև
Պատերազմից խուսափելու միակ միջոցը թերեւս դեմ-դիմաց` առանց միջնորդների եւ ղարաբաղցիների մասնակցությամբ սեղանի շուրջ նստելն է: Որովհետեւ միջնորդներով միայն ոխերիմ թշնամիներն են խոսում:
Այդուհանդերձ, չենք կարծում, թե միջնորդական առաքելություններն այլեւս անելիք չունեն: Ընդհակառակը՝ քանի դեռ հայերն ու ադրբեջանցիք իրար ոխերիմ թշնամի են համարում, միջնորդները կան ու պետք է լինեն: Ինչքան շատ` էնքան լավ:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
03.10..2015
Երբ մի խելքը գլխին պետություն մեկ այլ պետություն է գրավում, գլխավոր իմաստը նրանումն է, որ գրավված պետության ազգին զորակոչում է իր բանակը ու ավելի ուժեղ է դառնում, ազգի վրա հարկ դնում ու ավելի հարուստ է դառնում ու իր պետական օրենքները մտցնում այդ պետության տարածքում, որոնք այնքան արդյունավետ են, որ հնարավորություն են տալիս այլ պետություններ գրավել, այսինքն՝ անում այն ինչ իր ազգի հետ է անում: Իսկ անխելք պետությունները երբ գրավում են ուրիշի տարածք, հարկ ու զորակոչ են անում, բայց ոչնչացնում տեղացիների ազգային արժեքները, իսկ ծայրահեղ դեպքում՝ ցեղասպանություն իրագործում:
Օրենքի իմաստը՝ դառնալ ուժեղ, հարուստ ազգ ու պահպանել ու պաշտպանել տեղացիների ազգային տեղական յուրահատկությունը:
Հետեւություն՝ միջպետական համաձայնության հասնելու համար պետք է իրար ներկայացնել իրենց պետությունների ներսում արդյունավետ գործող օրենքներն ու ճանաչել այդ օրենքները կամ ընդունել մյուսի առավել արդյունավետ օրենքը, ստեղծել վերպետական միավորում ընդհանուր փողի կաթսայով ու ուժային համակարգով: Դա պետք է արվի Մարդուց սկսած, գյուղով, շրջանով, քաղաքով, պետության, վերպետական միավորման ու միավորումների միավորվան մակարդակով վերջացրած: