Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանի կոչը պատգամավորներին

Հոկտեմբեր 05,2015 11:16

ՀՀ Ազգային ժողովի յարգելի պատգամաւոր
5 հոկտեմբերի, 2015թ.,Երեւան

Այս օրերին Ազգային Ժողովում քննարկւում է բռնութեամբ (որովհետեւ այլընտրանք չթոյլատրուեց) եւ խաբեութեամբ (որովհետեւ սա բարեփոխում չէ, այլ նոր սահմանադրութիւն) պարտադրուած «նախագիծ»։ Թերեւս սա Ձեր կեանքի մեծագոյն հնարաւորութիւնն է ռազմավարական նշանակութեան հարցում դրական դերակատարութիւն ունենալու հայ ժողովրդի կեանքում։

Կարծում եմ Դուք բաւարար չափով տեղեկացուած չեք, եւ իմ պարտքն եմ համարում ձեզնից ինչ-որ բան խնդրելուց կամ Ձեզ որեւէ բան կոչ անելուց առաջ իրազեկել, որ այն գործընթացը, որի մէջ Դուք ներքաշուած եք ի պաշտօնէ, ապօրինի է, աւելին՝ հակասահմանադրական։ 2014 թ․-ի ապրիլի 12-ին ԱԻՄ Ներկայացուցչական խորհուրդն ընդունեց, եւ հունիսի 14-ին ԱԻՄ համահաւաքը հաստատեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերեալ ԱԻՄ Յայտարարութիւնը։ Այն ներկայացուեց նորաստեղծ «Սահմանադրական բարեփոխումների յանձնաժողովին»։ Յանձնաժողովից արձագանք չստանալով՝ 2014թ. սեպտեմբերի 26-ին ԱԻՄ մեծաքանակ պատուիրակութիւնը լրագրողների ուղեկցութեամբ նոյն յանձնաժողովին փոխանցեց ԱԻՄ հայեցակարգը ( 12 օրինակ) եւ այդ հայեցակարգի գաղափարախօսութիւնը ներկայացնող <<Դեպի Բացարձակ Ժողովրդավարութիւն>> աշխատութիւնը (12 օրինակ)։
2015թ. մայիսի 22-ին Յանձնաժողովի նախագահ Գագիկ Յարութիւնեանը մամուլի ասուլիսում պաշտօնպէս խոստովանեց ԱԻՄ հայեցակարգի (սահմանադրական բարեփոխումների տարբերակի) առկայութիւնը։ Սակայն դրանից յետոյ էլ ԱԻՄ առաջարկը չարժանացաւ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՄԲ նախատեսուած պատշաճ վերաբերմունքի։

ԱԻՄ-ը ստիպուած եղաւ եւս մէկ անգամ՝ 2015թ. յուլիսի 17-ին, դիմել Յանձնաժողովին, մասնաւորապէս՝ պահանջելով հանրութեանը ներկայացնել ԱԻՄ հայեցակարգի քննարկման արձանագրութիւնը (կամ դրա բացակայութիւնը) եւ հրապարակաւ ներողութիւն խնդրել ՀՀ քաղաքացիներից ԱԻՄ առաջարկը հանրութիւնից թաքցնելու համար եւ Վենետիկի յանձնաժողովին պաշտօնապէս ներկայացնել նաեւ ԱԻՄ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ այլընտրանքային տարբերակը եւ խնդրել համեմատական գնահատականներ տալ։
Այս դիմումից յետոյ Գագիկ Յարութիւնեանը առաջարկեց, որ Յանձնաժողովի եւ ԱԻՄ պատասխանատուների համատեղ քննարկում տեղի ունենայ 2015թ. յուլիսի 31-ին։ Այդ օրը, սակայն, նա իր աշխատակազմի ղեկավարի միջոցով տասից աւելի լրագրողների ներկայութեամբ ներողութիւն խնդրեց՝ Յանձնաժողովի զբաղուած լինելը վկայակոչելով, եւ առաջարկեց հանդիպումն անցկացնել մէկ շաբաթ անց։
Յանձնաժողովը խուսափեց, ժողովրդական լեզուով ասած՝փախաւ, նաեւ այդ հանդիպումից։ Այժմ աւելի քան ակնյայտ է, որ Յանձնաժողովի փոքր ի շատէ մասնագիտական պատկերացումներ ունեցող անդամները, խուսափում էին քննարկել մեր հայեցակարգն ու նախագիծը, որովհետեւ ամենամակերեսային քննարկումն անգամ ցոյց կտար, որ ԱԻՄ-ի ներկայացրած ժողովրդակենտրոն, քաղաքացիակենտրոն մարդակենտրոն տարբերակը անառարկելի առաւելութիւններ ունի առ այսօր մարդկութեանն յայտնի բոլոր համակարգերի նկատմամբ։ Մենք պահանջել էինք եւ Յանձնաժողովը համաձայնել էր այդ քննարկումը անցկացնել լրագրողների ներկայութեամբ։ Այդ ճանապարհով, այսպէս կոչուած՝ «միակ, այլընտրանք չունեցող» Յանձնաժողովի նախագիծը յայտնուեց ԱԺ-ում։
Տեղի է ունեցել գործող Սահմանադրութեան կոպտագոյն խախտում։ Սահմանադրութեան Յօդուած 27.1 –ում ասուած է. «Իւրաքանչիւր ոք ունի իրաւասու պետական մարմիններին… առաջարկութիւններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկէտում… ՊԱՏՇԱՃ ՊԱՏԱՍԽԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ իրաւունք»։
Մի՞թէ այս պահուածքը դատապարտելի չէ բառի հէնց իսկական իմաստով, եւ այդ է պատճառը, որ մենք դիմում ենք նաեւ դատարան։

Այժմ ԱԺ պատգամաւորներին ընդգրկել են հակասահմանադրական գործընթացի մէջ եւ ուզում են նրանց յանցակից դարձնել։

Ա) Այս առաջաբանից յետոյ ուզում եմ մի փոքր խորանալ նաեւ հարցի էութեան մէջ։ Լեւոն Տէր-Պետրոսեանը 1995թ.-ին իր համար բռնապետին պատշաճող Սահմանադրութիւն գրեց եւ … չվայելեց, 2005թ. նոյն բանն արեց Ռոբերտ Քոչարեանը եւ … խաղից դուրս մնաց։ Դա զուտ հայկական մոլորութիւն չէ. նոյնիսկ Դը Գոլը այդ տեսակէտից խայտառակ ձախողում ապրեց։ Հիմնական պատճառն այն է, որ նրանք, ինչպէս եւ Ձեր այս հարցում անտեղեակ առաջնորդը եւ նրան մոլորութեան մէջ գցող Երրորդ իշխանութեան ղեկավարը, անտեսում են այն սկզբունքը, որ երկրի հիմնական օրէնք գրելիս օրուայ իշխանութիւնը չպէտք է դերակատարութիւն ունենայ։ Դրա համար կայացած ազգերը նոյնիսկ յատուկ մարմին՝ Սահմանադիր ժողով են ստեղծում, ինչը եղել է նաեւ 1918-20թթ. մեր հայրերի երազը եւ ԱՄԿ-ԱԻՄ ծրագրային դրոյթը 1976-1992թթ.։

Բ) Հայաստանի պետական համակարգը «աւելի կատարեալ եւ կառավարումն աւելի արդիւնաւէտ դարձնելու նպատակով» են նախաձեռնուած այս սահմանադրական փոփոխումները, սակայն հէնց առաջին քայլից պարզ է դառնում, որ նախագիծը ոչ թէ բարեփոխում, այլ չարեփոխում է մեր Սահմանադրութիւնը։ Այս գնահատականը հիմնաւորւում է այն ակնյայտ իրողութեամբ, որ նախագիծը երկու անգամ պակասեցնում է քաղաքացիների մասնակցութիւնը համապետական ընտրութիւններին, ինչը հաւասարազօր է քաղաքացիների կրկնակի իրաւազրկմանը։
Կարելի՞ է արդէօք նշել պետութիւն, որտեղ քաղաքացիների քաղաքական իրաւունքների նուազեցումը «բարեփոխում» են համարել։

Չե՞ք նկատել, որ Ձեզ մատուցուած նախագծում խօսւում է կուսակցութիւնների, խորհրդարանի, ընդդիմութեան, վարչապետի ու նախագահի մասին, սակայն չկա քաղաքացին, մինչդեռ բարեփոխման հիմքում պիտի քաղաքացին ու նրա իրաւունքները լինէին։

Խորհրդարանական պետութիւնը՝ հանրապետութիւնը, այո ունի առաւելութիւններ եւ առաջընթաց է միապետութեան ու նոյնիսկ սահմանադրական միապետութեան համեմատութեամբ, սակայն կիսանախագահականի եւ, մանաւանդ, նախագահականի համեմատութեամբ նահանջ է ժողովրդավարութիւնից, որովհետեւ նախագահականի եւ կիսանախագահականի բոլոր տարբերակներում առկայ է խորհրդարանական համակարգն իր ողջ հնարաւորութիւններով՝ գումարած ժողովրդի կողմից ընտրուած գործադիրն ու պետութեան գլուխը։ Համեմատենք նախագահական ԱՄՆ-ի՝ Կոնգրեսի ու խորհրդարանական Գերմանիայի Դաշնութեան՝ Բունդեստագի իրաւասութիւնները, եւ ամեն բան ակնյայտ կդառնայ։

Ինչ որ մէկին պէտք է, 1920թ.-ի պէս թոյլ Հայաստան եւ փորձում են Ձեր միջոցով այն իրականութիւն դարձնել։ Այդ մէկը Ձեր առաջնորդը չէ։ Մի՞թէ մոռացելեք, որ նա «ինքն էլ կողմ չէր խորհրդարանական տարբերակին». Չե՞ք ուզում օգնել նրան ազատուել այս թնջուկից։

Յետոյ, երբ այս «նոր սահմանադրութեամբ» թուլացած Հայաստանը կհանձնուի թշնամու ողորմածութեանը, ինչը նման որակի՝ խորհրդարանական Հայաստանում արդէն տեղի ունեցել է 1920թ., այդ ժամանակ կյիշեք, իմ այսօրուայ նախազգուշացումը։ 1990-91թթ. նորանկախ Հայաստանը խորհրդարանական էր (ինչպէս նախորդ բոլշեւիկեան-կոմունիստականը)։ Ժողովրդի ցանկութեանն ընդառաջ գնալով որոշուեց ընտրովի դարձնել նաեւ երկրի ղեկավարին՝ գլխաւոր հրամանատարին։

Հայաստանում աւելի քան տասը տարի շրջանառութեան մէջ գտնուող ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ (ԲԺՀ) իրականում այլընտրանք չունի։ Այն իր մէջ ներառում է եʹւ խորհրդարանական, եʹւ նախագահական, եʹւ կիսանախագահական համակարգերի բոլոր առաւելութիւնները ու զերծ է այդ համակարգերին առանձին-առանձին բնորոշ թերութիւններից։ Անգամ Ձեր զաւակները Ձեզ չեն ների, որ Դուք ունենալով այդ բացառիկ տարբերակը, որը նաեւ Հայաստանի քաղաքակրթական ներդրումը կլինի ժողովրդավարութեան ճգնաժամ արձանագրող աշխարհում, չսատարեցիք ինձ։ Մի՞թէ այդքան արագ մոռացաք, որ Ձեր հայրերը 1987-88թթ., երբ սկսուեց հրապարակաւ քարոզուել անկախութիւնը, դէմ լինելով, ընդամէնը երեք տարի անց միահամուռ սատարելով «ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ» ռազմավարութիւնը, 1991թ. Սեպտեմբերի 21՝ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ կերտեցին։ Բացարձակ ժողովրդավարութեամբ մենք միասին կկերտենք նաեւ ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ։

Կոչ ենք անում ետ ուղարկել քննարկման ուղարկուած նախագիծը, կազմակերպել նաեւ ներկայացուած այլընտրանքային «Բացարձակ ժողովրդավարութեան» տարբերակի հրապարակային քննարկում, նաեւ այն ներկայացնել համապատասխան միջազգային կառոյցներին եւ միայն դրանից յետոյ ասպարէզում մնացած նախագիծը (կամ նախագծերը) քննարկել ԱԺ-ում։

Ուզում ենք հաւատալ, որ Դուք կկարողանաք վեր կանգնել մասնաւոր նկատառումներից եւ հաւատարիմ մնալ Ձեր երդմանն ու մեր Սահմանադրութեանը։

Պարոյր Հայրիկեան

Յ. Գ. Բացարձակ Ժողովրդավարութեան սկզբունքներին եւ այս ուղերձի հեղինակին Ձեզ ծանօթացնելու նպատակով ԱԻՄ-ը սիրով Ձեզ է նուիրում «ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ» աշխատութիւնը եւ «ԲՌՆԱՊԵՏՈՒԹԻՒՆԻՑ ԿԱՏԱՐԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ» տեսասկաւառակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031