Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոմիտեն քննարկեց միջազգային խաղաղապահության ոլորտի հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները

Հոկտեմբեր 05,2015 11:13

Ս.թ հոկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նորակառույց մասնաշենքում տեղի ունեցավ «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» գործընկեր պետությունների կոմիտեի նիստը: Ֆորումին անդամակցում են քսաներկու պետություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամները: Կոմիտեն միջպետական համագործակցության մարմին է, ՄԱԿ-ի խաղաղապահության գործող ռազմավարության մշակման համադասողը: Այն ֆորումի ղեկավար մարմինն է, որոշում է Ֆորումի գործունեության հիմնական ուղղությունները: Կոմիտեի աշխատանքների համակարգումն իրականացնում է միջազգային քարտուղարությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Շվեդիայում: Կոմիտեի նիստը նախորդեց հոկտեմբերի 5-ին Երևանում մեկնարկելիք «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» տարեկան համաժողովին:

Կոմիտեում պետությունները ներկայացված են մեկ կամ մի քանի գերատեսչություններով, ինչպես նաև ոչ պետական կազմակերպություններով: Հայաստանի Հանրապետությանը ներկայացնում է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը: Երևանում կայացած Կոմիտեի նիստին մասնակցեցին ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Նորվեգիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Հորդանանից, Եգիպտոսից, Ավստրալիայից:

Նիստի սկզբում Կոմիտեի անդամները շնորհակալություն հայտնեցին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտին, և մասնավորապես՝ ինստիտուտի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին, Ֆորումի տարեկան համաժողովը և Կոմիտեի նիստը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու համար:

Գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը ներկայացրեց Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները, Ինստիտուտի կերպափոխմամբ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման գործընթացը, ինչպես նաև խաղաղապահական գործողությունների բնագավառում ՀՀ հիմնական ձեռքբերումները:

Կոմիտեն քննարկեց միջազգային խաղաղապահության ոլորտի հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները, «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» անցած տարվա գործունեության արդյունքները: Նախանշվեցին նաև առաջիկա տարվա համար Ֆորումի աշխատանքի հիմնական ուղղությունները:

Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031