Լրահոս
Օրվա լրահոսը

Նռան հյութը` ախորժաբեր, ստամոքսի գործունեությունը կանոնավորող, հակաբորբոքիչ եւ հականեխիչ հատկությամբ

Հոկտեմբեր 05,2015 11:30

Նռան բուժիչ հատկությունը նույնպես հայտնի է շատ վաղուց։ Այսպես, օրինակ, բժշկության նախահայր Հիպոկրատը նռան հյութն օգտագործել է ստամոքսի հիվանդությունների, իսկ կեղեւը դիզենտերիայի եւ վերքերի բուժման նպատակով։ Ներկայումս էլ նռան բուժիչ հատկությունները չեն ժխտվում, որովհետեւ նրա կեղեւը, ինչպես նաեւ նռան ծառի չորացրած կեղեւը շատ հարուստ են (մոտ 25%) դաբաղիչ նյութերով (տանին), որոնք հիանալի ազդեցություն են թողնում ստամոքս֊աղիքային խանգարումների` մասնավորապես փորլույծի ժամանակ։

Նռան ծառի կեղեւը պարունակում է պելտերին եւ իզոպելտերին նյութերը, որոնք ճիճվամուղ (տափակ երիզորդներ) հզոր միջոցներ են։ Հենց այդ պատճառով էլ դրանք առանց բժշկի հսկողության չի կարելի օգտագործել։ Վայրի պայմաններում աճած նռան մեջ հատկապես շատ է կիտրոնաթթուն։ Հետաքրքիր է այն փաստը, որ վայրի նռան հյութի մեջ կիտրոնաթթուն կազմում է մոտ 9%, այսինքն՝ ավելի շատ, քան կիտրոնի մեջ։ Նրա նատրիումական աղը որպես հակամակարդիչ օգտագործվում է արյան փոխներարկման ժամանակ։ Եթե նռան վայրի տեսակները մանր են եւ հարուստ կիտրոնաթթվով, ապա այգում աճեցրածները, ընդհակառակը, խոշոր են, կիտրոնաթթու քիչ են պարունակում, սակայն շաքարի տոկոսը հասնում է 8-19֊ի: Նռան մեջ կան նաեւ ֆիտոնցիդներ եւ վիտամին C` 7-10 միլիգրամ-տոկոս։
Նռան հյութն ախորժաբեր է, կանոնավորում է ստամոքսի գործունեությունը, ունի հակաբորբոքիչ եւ հականեխիչ հատկություն։ Նրա ծաղիկներից պատրաստած թրջոցները օգտագործվում են որպես բորբոքական ինֆիլտրատների ներծծումն արագացնող, ինչպես նաեւ ոսկորների կոտրվածքների ու մկանների վնասվածքների դեպքում ուժեղ ցավերը հանգստացնող միջոց։ Բացի այդ, փորձերը ցույց են տվել, որ նռան հյութի եւ նրա չորացրած կեղեւի փոշու խառնուրդը հրաշալի արդյունք է տալիս այրվածքների բուժման դեպքում։

nur-2

Նռան հյութը համարյա լրիվ փոխարինում է կիտրոնին։ Այն օգտագործվում է հատկապես ձկնեղենի, քյաբաբի, խորովածի եւ այլ ճաշատեսակների հետ։ Նռան հյութից ու շաքարից պատրաստում են հատուկ օշարակ՝ «նառշարաբ» կամ «գրանադին», որն ունի չափազանց դուրեկան համ եւ օգտակար հատկություն։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031