Ինչպես նշում է Healthy Food Team-ը՝ եւ՛ սուրճը, եւ՛ ծխախոտը գրգռիչ միջոցներ են համարվում, բայց մինչ այս երկուսից մեկը սահմանափակում է արյան հոսքը, մյուսը արագացնում ու մեծացնում է այն: Այս երեւույթը սրտի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում:
Սուրճը՝ չափավոր օգտագործման դեպքում (2-4 բաժակ օրվա ընթացքում), առողջության համար որեւէ վտանգ չի ներկայացնում: Մինչդեռ ծխախոտի վնասակարության մասին ավելորդ է խոսել:
Կոֆեինը մոտավորապես մի ժամ է պահանջում ազդեցություն թողնելու համար (գուցե ավելի քիչ, եթե ձեր ստամոքսը դատարկ է), եւ դրա ազդեցությունը տեւում է 4-6 ժամ: Սուրճը նպաստում է մտավոր եւ ֆիզիկական աշխատունակության աճին եւ չի բարձրացնում զարկերակային արյան ճնշումը՝ չնայած տարածված հակառակ կարծիքի, բայց եթե շատ մեծ չափաքանակով է օգտագործվում, կարող է առաջացնել նյարդային դեպրեսիա, քնկոտություն եւ հոգնածություն:
Երկար ժամանակ սուրճ օգտագործելը ժամանակի ընթացքում կարող է նվազեցնել ոսկրային խտությունը, բայց եթե ամեն օր դուք ընդունում եք 1000 մգ կալցիում, այս դեպքում սուրճ խմելը ձեր ոսկորների համար վտանգ չի ներկայացնում:
Առավոտյան առաջին սուրճը պետք է խմել նախաճաշից առնվազն կես ժամ առաջ, քանի որ կոֆեինի ազդեցությամբ սննդի տեղաշարժումը աղեստամոքսային համակարգով արագանում է, որի հետեւանքով սնունդը երբեմն ամբողջությամբ չի մարսվում:
Սուրճը ավելացնում է ստամոքսահյութի արտադրությունը: Սննդաբանները բացատրում են, որ սուրճի ու ծխախոտի համակցությունն ավելի է բարձրացնում օրգանիզմի թթվայնությունը եւ հետագայում քայքայում ստամոքսը:
Մյուս կողմից՝ ծխախոտի ծխի ներս շնչելը վնասում է կենտրոնական նյարդային համակարգը, բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը, արյան անոթները կծկվում, իսկ զարկերակները վնասվում են:
Սուրճի եւ ծխախոտի միաժամանակյա օգտագործման դեպքում օրգանիզմը սկսում է աշխատել ինքն իր դեմ եւ էներգիայի կորստի համար անհամաչափ միջավայր է ստեղծում, դեպրեսիա առաջացնում, որը պատճառ է դառնում, որպեսզի մարդու մոտ սուրճ եւ ծխախոտ օգտագործելու ֆիզիկական եւ հոգեբանական ցանկություն առաջանա: Այսպիսով՝ մեծացնելով կախվածությունը այս երկուսից:
Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
03.10..2015