Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին գործարքներ կատարել ինքնուրույն

Հոկտեմբեր 05,2015 10:50

«ՀՀ բանկային համակարգի հետագա զարգացումը հիմնված է գործունեության արդյունավետության և աշխատուժի որակի բարձրացման վրա: Այսօր բիզնես գործընթացների օպտիմիզացումը, ավտոմատացումն ու նոր տեխնոլոգիաների լայն կիրառումը բանկի կառավարման ու բանկային սպասարկման գործում անհրաժեշտություն են: Ու առաջին հերթին դա բանկից պահանջում է հենց մեր հաճախորդը»,- լրագրողների հետ զրույցում այս կարծիքն հայտնեց «Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության նախագահ Վարդան Աթայանը: Նա նշեց, որ հաճախորդների ժամանակակից սպասարկումը և գործընթացի ավտոմատացումը հետզհետե բացառում է «ձեռքով» աշխատանքն ու մասնագետի սուբյեկտիվ կարծիքը, ինչը նախընտրելի է և՛ հաճախորդի, և՛ բանկի համար: Այդ կերպ հաճախորդը ստանում է արագ և հարմարավետ սպասարկում, իսկ բանկը բարձրացնում աշխատանքի արդյունավետությունը և կրճատում ծախսերը: Այսօր Յունիբանկը հնարավորություն է տալիս իր հաճախորդին ոչ միայն բանկային աշխատակցի մոտ սպասարկվել` այցելելով բանկի 45 մասնաճյուղերից մեկը, այլ նաև գործարքներ կատարել ինքնուրույն ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների միջոցով:

«Այժմ հաճախորդների մեծամասնությունը նախընտրում է հենց ինքնուրույն սպասարկումը և անգամ պահանջում, որպեսզի բանկն ապահովի նման հնարավորություն բոլոր ուղղություններով: Այսօր հաճախորդը ցանկանում է իր բանկային գործարքները կատարել իր նախընտրած վայրում և իր համար հարմար ժամանակ: Եվ մենք ձգտում ենք ապահովել սպասարկման առավելագույն արագությունը և հնարավորինս շատ գործարքներ իրականացնել առանց բանկային աշխատակցի միջամտության», – ասում է Վարդան Աթայանը:

2013թ.-ից Յունիբանկը գործարկեց սպառողական վարկերի ուսումնասիրման CRM համակարգ, որը վարկի վերաբերյալ հայտի պատասխանը տրամադրում է ավտոմատ կերպով ընդամենը մեկ րոպեում: Համակարգի միջոցով արդեն մշակվել է 500 000 վարկային հայտ: Բանկն անցել է վարկատեսակների սպասարկման ավտոմատացման հաջորդ փուլին, որի համաձայն CRM-համակարգը կուսումնասիրի բիզնես վարկերի հայտերը ևս:

Յունիբանկը գործարկել է նաև վճարային տերմինալներ, որոնց միջոցով հաճախորդներն ինքնուրույն կատարում են վարկերի մարում, հաշվի համալրում և կոմունալ վճարումներ: Ընդ որում, որոշ տերմինալներ աշխատում են շուրջօրյա` ապահովելով սպասարկում առանց հանգստյան օրերի, 24 ժամ շարունակ:

Յունիբանկը ներդրել է նաև Asseco միջազգային խմբի անդամ R-Style Softlab ընկերության տեղեկատվավերլուծական համակարգը, որը մշակվել է RS-DataHouse հարթակի հիման վրա: Մասնավորապես, ստեղծվել է կենտրոնացված շտեմարան և ավտոմատացվել են բանկային ռիսկերի կառավարման, բյուջետավորման և կառավարչական հաշվետվության ուղղությունները: Տեղեկատվական անվտանգության կառավարման բարձր մակարդակը պահելու համար, բանկն այս տարի ներդրեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտը:

«Ավտոմատացման և բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացումն իր հերթին հանգեցնում է աշխատուժի որակի վերանայման անհրաժեշտությանը: Բոլորս էլ գիտենք, որ ժամանակակից աշխարհում որոշ մասնագիտությունների հանդեպ պահանջարկը փոխվել է: Եվ, եթե նախկինում մենք լինելով խոշոր բանկ` մեծ թվով վարկային մասնագետների կարիք ունեինք, որոնք ուսումնասիրում էին վարկային հայտերն ու փաթեթները, ու դա կարող էր երկար ժամանակ պահանջել և բանկից, և հաճախորդից, ապա հիմա մեզ մոտ դա կատարում է ավտոմատացված համակարգը: Ուստի, արդեն այդ համակարգը ներդնող և սպասարկող ՏՏ ոլորտի մասնագետի պահանջ է առաջանում: Այս իրողությունը տնտեսության ցանկացած ոլորտում է, դա զարգացման և մրցունակության հիմնաքարն է: Եվ պետական մակարդակով պետք է կարողանանք կազմակերպել մասնագետների վերապրոֆիլավորման, վերապատրաստման գործընթացը, որպեսզի նրանք պահանջված լինեն: Պետք է քայլես ժամանակի հետ զուգընթաց, իսկ հնարավորության դեպքում մի փոքր էլ ավելի արագ, որպեսզի ճիշտ կանխատեսես հաճախորդի պահանջմունքները», – ընդգծեց Վարդան Աթայանը:

Անդրադառնալով Յունիբանկի կողմից առաջին անգամ Հայաստանում նախնական հրապարակային առաջարկի միջոցով «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում բաժնետոմսերի տեղաբաշխմանը, Վարդան Աթայանը նշեց, որ հանրային, «ժողովրդական» բանկ դառնալը Յունիբանկի զարգացման հաջորդ էտապն է և համահունչ է համաշխարհային տնտեսության զարգացմանը:

«Այսօր Յունիբանկն ունի այն կայուն ֆինանսական վիճակը, արդյունավետության մակարդակը և ճանաչվածությունը, որ կարողանա հետաքրքրություն առաջացնել ներդրողի մոտ: Բանկն արդեն հասել է զարգացման և վստահության այն մակարդակին, որ իր բաժնետոմսերի գինը որոշվի բորսայում` ելնելով դրանք ձեռքբերելու բնակչության պատրաստակամությունից», – հավելեց բանկի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031