Գիտության պետական կոմիտեի, ԵՊՀ-ի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության նախաձեռնությամբ` Երևանի պետական համալսարանում սկսվեց «Հայ-գերմանական գիտության օր» միջոցառումը, որին մասնակցում են նշյալ նախարարության պատվիրակության անդամները:
Ինչպես փաստեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, հայ-գերմանական գիտական կապերը զարգացել են հատկապես վերջին տարիներին. «Մեծացել է համատեղ հետազոտությունների եւ տպագրվող նյութերի թիվը: Հայաստանում իրականացվող ծրագրերից մեկի՝ «Քենդել»-ի առաջին փուլն իրականություն է. գործարկվեց տարածաշրջանում համարժեքը չունեցող «Ալիալ» գիտահետազոտական գծային արագացուցիչը»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ կրթության եւ հետազոտությունների ոլորտում գերմանական կառույցների հետ գործակցությունը արժևորվում է հայաստանյան պատասխանատուների կողմից: «Գերմանիան կրթության գերազանց ծառայություններ մատուցելու դարավոր ավանդույթներ ունեցող երկիր է, որն աշխարհի շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի գիտակրթական հանրույթի համար բազմաթիվ ծրագրերի միջոցով ստեղծում է համաշխարհային գիտական տարածքին ինտեգրվելու հնարավորություն»,-հավելեց ռեկտորը:
Կարդացեք նաև
Նշենք, որ «Հայ-գերմանական գիտության օր»-ը ԵՊՀ-ում կշարունակվի նաեւ վաղը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ