Լրահոս
Օրվա լրահոսը

«Սխալ կլինի չօգտագործել այս հնարավորությունը»

Հոկտեմբեր 05,2015 10:39

Լյուդմիլա Սարգսյանը «կողմ» կքվեարկի
սահմանադրական բարեփոխումների նախագծին

Երկուշաբթի օրը մեկնարկող քառօրյայում արդեն քվեարկության պետք է դրվի սահմանադրական բարեփոխումների նախագիծը. կողմնորոշվե՞լ եք, թե ինչպես պետք է քվեարկեք՝ «Առավոտի» հարցին երեկ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Միանշանակ կողմնորոշվել ենք: Միգուցե, մի փոքր ուշ, որովհետեւ տարակարծություններ կային եւ վարչության ներսում, եւ կուսակցական շարքերում: Բայց ուսումնասիրելով ներկայացված նախագիծը, ունենալով բազմաթիվ վերապահումներ՝ նաեւ չենք կարող չգնահատել, որ սահմանադրական փոփոխությունների նախագծում կան մի շարք առաջադիմական դրույթներ թե մարդու իրավունքների, թե դատական իշխանության ոլորտում, որոնք կարելի է համարել մեկ քայլ առաջ` ներկայիս Սահմանադրության համեմատ: Նույնը վերաբերում է նաեւ կառավարման ձեւի առաջարկվող փոփոխությանը:

Անցումը խորհրդարանական կառավարման ձեւի ունի քաղաքական համակարգն առողջացնելու եւ համակարգային փոփոխությունների ներուժ: Հետեւաբար սխալ կլինի չօգտագործել այս հնարավորությունը»: Մեր զրուցակիցը փաստում է, որ գործող Սահմանադրությունը հայաստանյան բոլոր իշխանություններին վերարտադրության հնարավորություն տվել է, որեւէ խնդիր չի տեսնում գործող Սահմանադրությամբ այդ հարցը մեկ անգամ եւս լուծելու համար: Ուստի այդքան էլ լուրջ չի համարում մոտեցումը, որ բարեփոխումների հիմնական նպատակը գործող իշխանության վերարտադրությունն է: Ավելին՝ գտնում է, որ բացառապես այդ թեզով առաջնորդվելն ու նախագծում առկա դրական շեշտադրումները չտեսնելը` սխալ կլինի: «Կառավարման համակարգի փոփոխությունը եւս միտված է ապագային, եւ եթե նույնիսկ այս փուլում իշխանության ներսում ձեւավորված բազմաթիվ արատներ հնարավոր չլինի շատ արագ կերպով լուծել-վերացնել, ապա ժամանակի ընթացքում այդ խնդիրները, վստահ եմ` կլուծվեն»,- ասաց նա:

Պատգամավորը դրվատանքով խոսեց նաեւ 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին նախատեսված անցման մասին եւ ասաց, որ այն շատ բան կարող է փոխել հայաստանյան ընտրական գործընթացներում, եթե առաջիկայում քննարկվելիք Ընտրական օրենսգիրքը համապատասխանի իրենց սպասելիքներին: Նա կգերադասեր, եթե ԸՕ-ի հիմնական դրույթները սահմանադրական բարեփոխումների նախագծի հետ ներկայացված լինեին:

Ելնելով վերոասվածից՝ ՍԴՀԿ վարչությունը Լյուդմիլա Սարգսյանին լիազորել է «կողմ» քվեարկել սահմանադրական բարեփոխումների նախագծին:
«Առավոտը» հետաքրքրվեց` մտավախություն չունի՞ պատգամավորը, որ ՀԱԿ-ի գործընկերների կողմից ավելի կոշտ հակազդեցության կարժանանա: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ՀԱԿ-ականները տարատեսակ պիտակավորումներ եւ գնահատականներ տվեցին Լյուդմիլա Սարգսյանին եւ ՎՍԴՀԿ-ին: Լյուդմիլա Սարգսյանը գտնում է, որ իր գործընկերները շատ սխալ վարվեցին, երբ կոշտ գնահատականներ հնչեցրեցին. «Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե հանդուրժողաբար վերաբերվեին մեր այդ քայլին եւ գիտակցեին, որ մենք անկախ կուսակցություն ենք ու ինքնուրույն ենք որոշումներ կայացնում: Բնականաբար, կլինեն գնահատականներ, ու ՀԱԿ-ից ես միակը չեմ, ում հասցեին դրանք հնչեցին: Բայց եթե վախենաս դրանցից, ուրեմն քաղաքականության մեջ անելիք չունես: Վերջին հաշվով՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր առաջնահերթությունը, նպատակները, կուսակցական շահը, որոնք էլ մեզ համար առաջնային են»: Լյուդմիլա Սարգսյանը հավելում է` այն, որ իրենք սկսեցին հարվածել ՀԱԿ խմբակցության անդամին, ՀԱԿ կուսակցությունը դրանից չուժեղացավ, ոչ էլ ՀԱԿ խմբակցությունը շահեց, մինչդեռ կարելի էր բարեկիրթ պահվածքով հարգել գործընկեր կուսակցության որոշումը` պահպանելով համագործակցությունը եւ մարդկային շփումները:

Այս առիթով ՎՍԴՀԿ վարչության անդամ Համբարձում Եղիազարյանն էլ ասաց. «ՀԱԿ-ից հնչած գնահատականները քաղաքական հենքից զուրկ էին, ավելի նման անձնական վիրավորանքների: Ինչեւէ, մենք առաջնորդվում ենք կուսակցության շահերով եւ կուսակցության վարչության որոշումներով: Իսկ վարչությունը որոշել է, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը քայլ առաջ է: Իբրեւ ՎՍԴՀԿ ատենապետ՝ վարչությունը լիազորել է, որ տիկին Սարգսյանը խորհրդարանում կողմ քվեարկի նախագծին»: Համբարձում Եղիազարյանը դասագրքային ճշմարտություն է համարում այն, որ ընդդիմության գործը իշխանության ձգտելն է, իսկ իշխանության գործը` իշխանությունը պահելը: Ուստի անհեթեթ եւ ծիծաղելի է որակում մեղադրանքները, թե իշխանությունը փորձում է վերարտադրվել:
Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեցինք նաեւ` ինչո՞ւ ՀԱԿ-ում ավելի մեղմ արձագանքեցին Սերժ Սարգսյան-Հրանտ Բագրատյան հանդիպմանը, քան իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպմանը: Ինչո՞ւ այդքան չեն սիրում Ձեզ` հարցին նա պատասխանեց. «Ես հակառակ կարծիքի եմ. երեւի ինձ ավելի շատ էին սիրում, որ ավելի ուժեղ հարվածեցին: Բացատրություն չունեմ, բայց հավանաբար դեր խաղաց նաեւ այն, որ Հրանտ Բագրատյանը նախկինում եղել է իշխանության մեջ եւ իբրեւ նախկին գործընկեր՝ նրան ավելի մեղմ վերաբերվեցին: Ես նախկին իշխանությունների հետ չեմ եղել, ու հավանաբար մտածեցին, որ թույլ օղակ եմ, ու ինձ հարվածելը հեշտ է: Ես այդ կարծիքին չեմ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031