«Զորավարժությունների բոլոր նպատակներն իրականացվել են: Առաջին հերթին ուզում եմ ասել, որ այս զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ հենց կովկասյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանի տարածքում, խաղաղապահ գործողություններ նախապատրաստվեցին եւ իրականացվեցին առաջին անգամ»,- այս մասին, ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների եզրափակիչ փուլից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ նախարարի՝ հատկանշական է, որ այս զորավարժություններին, բացի ՀԱՊԿ անդամ պետությունների ուժերից, մասնակցում էին նաեւ Կարմի խաչի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են խաղաղապահ գործունեության համար. «Այս զորավարժությունների 5 գործողությունների ընթացքում մենք նկատեցինք, որ ստորաբաժանումները շատ ներդաշնակ գործեցին: Մեծ նախապատրաստական աշխատանք է կատարվել»:
Խոսելով զորավարժությունների դրական ազդեցությունների մասին` Սեյրան Օհանյանն ասաց, որ կատարելագործվել են հրամանատարների եւ նրանց շտաբների խաղաղապահ գործունեություն նախապատրաստելու եւ իրականացնելու ունակությունները:
«Դուք գիտեք, որ մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ ռազմաքաղաքական իրավիճակը շատ բարդ է: Եվ մեզ համար շատ կարեւոր է պահպանել խաղաղությունը, Հայաստանի սահմանին ռազմական հերթապահություն կատարել, պահպանել սահմանը եւ բացի դրանից հնարավորություններ ունենալ, որոնք կապահովեին ոչ միայն մեր տարածաշրջանի անվտանգությունն, այլեւ՝ այնտեղ, որտեղ մեր պետությունը կուղարկի»,- հավելեց Սեյրան Օհանյանը:
Կարդացեք նաև
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ ավելացրեց, որ այսօր աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը, պետությունների ղեկավարները հատուկ ջանքեր են ներդնում արդյունավետ ուժային համակարգ ստեղծելու համար. «Այս տարի շատ լուրջ միջոցառումներ են անցկացվել հավաքական ուժերի ռազմական պատրաստության համար»:
Նա նույնպես կարծում է, որ «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունները շատ հաջող էին, շատ մեծ աշխատանք է կատարվել:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ