Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգիստ թողնենք կանանց

Հոկտեմբեր 03,2015 22:54

Ես միշտ հորդորել եմ եւ շարունակում եմ հորդորել «Առավոտի» լրագրողներին՝ կանանց մասին գրելիս, եթե նույնիսկ բացասական գնահատական կամ քննադատություն կա, կիրառել փոքր-ինչ այլ լեզու՝ ավելի զուսպ, ավելի նրբանկատ: Որովհետեւ կինը, ինչպիսին էլ նա լինի, կյանքի շարունակողն է՝ իմ կարծիքով, նրա վրա միշտ, բոլոր հասարակություններում, ավելի ծանր պարտականություններ են դրված:

Նույնը՝ պաշտոնյաների կանայք: Մի կողմից, իհարկե, պարզ է, որ նրանք պետք է լինեն հասարակության ուշադրության կենտրոնում: Եթե պաշտոնյայի կինը «մերձավոր բարեկամից» 100 հազար դոլար «նվեր» է ստանում, ապա հիմքեր կան ենթադրելու, որ իրականում այդ գումարը ստացել է նրա ամուսինը, եւ այստեղ հիմքեր կան խոսելու կոռուպցիայի մասին:

Խոսքս սակայն կանանց վրա ԱՆՁՆԱԿԱՆ հարձակումների մասին է, որոնց նպատակը պարզապես ամուսիններին «խփելն» է: Հիշում եմ, թե ինչպես էր ժամանակին ընդդիմադիր մամուլը թիրախ դարձրել Առաջին նախագահի տիկնոջը (որին, ի դեպ, անձամբ ճանաչում եմ եւ նրա մասնագիտական՝ լրագրողական որակները բարձր եմ գնահատում): 1996 թվականի ԱԺՄ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ մի բոցաշունչ տիկին հայտարարեց, որ Հայաստանին ազգությամբ հայ առաջին տիկին է պետք՝ ահա թե ինչու Տեր-Պետրոսյանը չպիտի վերընտրվեր: Բնականաբար, հավաքված զանգվածն այդ «ազգային ոգով տոգորված» ելույթին ջերմորեն արձագանքեց:

Հիմա էլ են նմանատիպ դեպքեր պատահում: Եվ ես մտածում եմ՝ եկեք խոսենք այն մասին, թե որքան անհաջող են մեր իշխանավորները, որքան վատ են նրանք կատարում իրենց պարտականությունները: Նրանց կանանց՝ եթե խոսքը կոռուպցիայի կամ այլ հանցագործությունների կասկածի մասին չէ, աշխատենք հանգիստ թողնել:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մարդը ոչ միայն շատ կենդանիների ընտանի դարձրեց՝ զրկելով ինքնուրույն բնական պայմաններում զարգանալու ունակությունից, այլեւ ինչ որ ազգեր սովորեցին ընտանի դարձնել նաեւ ուրիշ ազգերի, որոնք ինքնուրույն զարգանալու ունակությունը կորցնելով ամբողջովին կախված են այդ՝ իրենց բարձր դասող ազգերի քմահաճույքից։
    Կարծում եմ իսկական հայ կինը շատ ավելի մոտ է հայոց բնությանը քան մնացած հայերը եւ ուրիշ ազգերի կողմից հնարավոր չի նրանց ընտանի դարձնել ու մի կտոր հացի համար չեն ուրանա իրենց բնությանը՝ էությանը ու չեն դառնա ինչ որ կապիկների հրամաններ կատարող։ Համոզված եմ, նույնիսկ այսօրվա անհաջող ընտանի ղեկավարության իսկական հայ կանայք շատ ավելի արդյունավետ կղեկավարեն հայ ազգին, վերջապես հին ազգ լինելով մեր մեջ դեռ պահպանվել են մայրիշխանության բնազդը։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031