Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում բացվել է նկարիչ Հրաչյա Ռուխկյանի կյանքին եւ գործունեությանը նվիրված ցուցադրություն: Այսօր մի խումբ արվեստագետներ մասնակցեցին Ռուխկյանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ցուցադրվեց Ռուբեն Գեւորգյանցի՝ մեծանուն նկարչին նվիրված ֆիլմը: «Ռուխկյանն այսօր իսկապես գնահատված է: Նա շատ բարի էր, այդպես կարող եմ բնորոշել: Կարողանում էր նկարներով համոզել»,-լրագրողների հետ զրույցում ասաց նկարչի դուստրը՝ Անահիտ Ռուխկյանը:
1945թ.-ին՝ Սայաթ-Նովայի մահվան 150-րդ տարելիցին նվիրված մրցանակաբաշխությանը ներկայացվել է Ռուխկյանի վրձնի «կերտած» դիմանկարը. «Ժյուրիի կազմում էին Ավետիք Իսահակյանը, Նաիրի Զարյանը, Մարտիրոս Սարյանը: Նրանք կանգնեցին հայրիկիս «Սայաթ-Նովայի» առջեւ եւ ասացին՝ սա է Սայաթ-Նովան: Դրանից հետո ժողովրդի մեջ ընդունվեց ռուխկյանական Սայաթ-Նովան»,-հիշեց Անահիտ Ռուխկյանը՝ հավելելով, որ 1945-ից հետո հանճարեղ նկարիչը Սայաթ Նովայի եւս մի քանի դիմանկար է ստեղծել:
Նշենք, որ Հրաչյա Ռուխկյանի վրձնին է պատկանում նաեւ «Բույլ հանճարաց» նկարաշարը, որը ներառում է Մաշտոցի, Խորենացու, Հերացու, Ռոսլինի, Նարեկացու դիմանկարները: Ռուխկյանը նաեւ 120 եկեղեցի է նկարել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ