Երեւանյան 1-ին կիսամարաթոնին մասնակցեց նաեւ Արշակ Ամիրզյանը՝ Նոյեմբերյանի Կողբ գյուղից, որը վազքից ստացած տպավորություններով կիսվեց Aravot.am-ի հետ:
«Հիմա ես բնակվում եմ Ռուսաստանում եւ կարճ ժամանակով եմ եկել հայրենիք: Պատահաբար տեղեկացա, որ այսօր Երեւանում առաջին անգամ կիսամարաթոնյան միջազգային վազք է կազմակերպվելու, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Սա իմ կարծիքով կարեւոր նշանակություն ունի մեր ժողովրդի համար ինչպես առողջության պահպանման, այնպես էլ՝ համախմբման տեսակետից: Ես ինքս սիրում եմ սպորտը եւ ամեն օր զբաղվում եմ: Ժամանակին սիրողական ֆուտբոլ եմ խաղացել, բարձրացել եմ Բիբլիական Արարատի եւ Արագածի գագաթները: Առաջին անգամ մասնակցեցի կիսամարաթոնյան վազքի ու արդյունքս իմ սպասածից ավել էր: Ուրախ ու բավարարված եմ: Ցանկանում եմ, որպեսզի մեր լեգենդար հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի երազանքը՝ այս վազքարշավը դարձնել ավանդական ու կազմակերպել նաեւ Հայաստանի տարբեր մարզերում եւ Արցախում, իրականանա», – ասաց սահմանամերձ գյուղի ներկայացուցիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ