Լրահոս
Օրվա լրահոսը

Բնական բեւեռացում

Հոկտեմբեր 03,2015 10:00

Վերջերս Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեhաժողովը բանաձեւ է ընդունել, որի 11.2 կետում արձանագրվում է Հայաստանում «քաղաքական միջավայրի շարունակվող բեւեռացումը, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների պատճառով» (the ongoing polarisation of the political environment, including over the constitutional reforms): Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ: Մի կողմից՝ ցանկացած բեւեռացում, իհարկե, լավ բան չէ, ցանկալի է համերաշխ ապրել: Մյուս կողմից էլ՝ այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչ է ԵԽԽՎ-ի ուզածը՝ որ սահմանադրական փոփոխությունների հարցում քաղաքական բեւեռացում չլինի՞, որ բոլորը, այդ թվում՝ քաղաքական ուժերը փոփոխությունների նախագծին կա՛մ «այո» ասեն, կամ «ո՞չ»: Այդ դեպքում կարելի է արձանագրել նաեւ, որ, օրինակ, մի տարի առաջ Շոտլանդիայում, երբ անկախության հանրաքվե էր անցկացվում, նույնպես քաղաքական բեւեռացում կար. բնակիչների մի մասը կողմ էր անկախությանը, մյուս մասը՝ դեմ, եւ քաղաքական ուժերը համապատասխան քարոզչություն էին իրականացնում: Ուրիշ հարց, եթե ԵԽԽՎ-ն մտահոգություն հայտներ, որ Հայաստանում հանրաքվեի արդյունքները կեղծվելու են՝ այդ մտահոգությունը, կարծում եմ, միանգամայն տեղին կլիներ:

Քաղաքական բեւեռացումն այս խնդրի շուրջ շատ բնական է: Նորմալ է, որ երկուշաբթի օրը սկսվող քառօրյայում հակադիր ճամբարների պատգամավորներն այս հարցով տարբեր ձեւով են քվեարկելու: Բնական է նաեւ, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրը հնարավորություն տվեց կիսամոռացված գործիչներին եւ մարդ-կուսակցություններին որոշակի ակտիվություն ցուցաբերելու: Հաջորդ նման առիթը կներկայանա միայն մեկուկես տարի հետո՝ խորհրդարանական ընտրություններից առաջ: Եվ այդ գործիչները նույնպես, իրենց շահերից ելնելով, հայտարարում են՝ «մեր կուսակցությունը կողմ է» («դեմ է») սահմանադրական փոփոխություններին (չնայած իրականում ոչ մի կուսակցություն էլ չկա): Այնպես որ՝ այս մակարդակի վրա էլ կա քաղաքական բեւեռացում:

Ինձ համար կարեւոր է միայն մի բան՝ որ այդ բեւեռացումը չվերածվի մարդկային եւ անձնական առճակատման, կյանքի եւ մահու պայքարի: Հնարավո՞ր է արդյոք լինել ինչ-որ բանի դեմ կամ կողմ, բայց թշնամիներ չփնտրել, պիտակներ չկպցնել եւ չփորձել դիմացինին ցավ պատճառել: Ինձ թվում է՝ հնարավոր է: Բայց այդ դեպքում դու պետք է հրաժարվես հրճվանքի ոռնոցներ կամ անգամ ծափահարություններ որսալու գայթակղությունից: Որովհետեւ ոռնոցներ եւ ծափահարություններ հնարավոր է կորզել միայն որոշակի անձնական թիրախ գտնելով ու նրան «շշպռելով»:
Մարդիկ կան, որոնք առանց ծափահարությունների չեն կարող ապրել: Նրանց գործը մեջլիս դուրս գալն է: Կամ՝ մեյդան:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garegin says:

    Պարոն Աբրահամյան, միանշանակ համամիտ եմ, որ բևեռացումը չպետք է վերածվի կյանքի ու մահու պայքարի, սակայն ակնհայտ է նաև մեկ պարզ իրողսություն, որ իշխանություններն այդպես էլ չկարողացան հիմնավորել սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտությունը: Հավանաբար դրա հիմնական պատճառն այն է, որ մեր հասարակությունում, երկրի թե ներքին և թե արտաքին քաղաքական կյանքում, տարածաշրջանում և այլն, դեռևս տեղի չեն ունեցել այն իրադարձությունները, որոնց ազդեցության ներքո անհրաժեշտ լիներ առաջարկվող փոփոխությունները: Չէ որ պետք իրավիճակը թելադրեր այդ փոփոխությունների հիմնական ուղղվածությունը, իհարկե հաշվի առնելով նաև հեռանկարային զարգացումները: Ցանկացած օրենք, այդ թվում նաև սահմանադրական որևէ դրութ, փոփոխության կարիք է ունենում միմիայն այն ժամանակ, երբ հասարակության մեջ առաջանում են այնպիսի հարաբերություններ, որոնք օրենքով կարգավորելու անհրաժեշտություն են ունենում: Երևի թե հենց դա է պատճառը, որ հասարակությունն իր անտարբերությունով է արձագանքում այս ամենին և այն, որ հասարակությունը վաղուց արդեն համոզվել է, որ որոշողն ինքը չէ, իսկ լուրջ ընդվզումները կարող է պետության համար անվտանգության խնդիր առաջացնել:

  2. Մանվել says:

    Հարգելի Ա. Աբրահանյան և մնացածները` երկրի համար կարևորագույն հարց է որոշվում, բայց մտավորականությունը քնած է մեծ ուղտի փոքր ականջում`.արդնացեք և ասացեք Ձեր խոսքը

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031