Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը գտել է Բաղրամյան պողոտայում իրականացված բռնությունների արդարացումը

Հոկտեմբեր 03,2015 16:00

Դա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գրությունն է

Պարզվում է՝ ՀՀ ոստիկանությունն արդեն գտել է այն հիմնավորում-փաստաթուղթը, որն օգտագործում է հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում կատարած բռնությունները հիմնավորելու համար: Դա Տարոն Մարգարյանի գրությունն է, որտեղ նա նշում է, թե ցուցարարներն իրավունք են ունեցել այսքան ժամանակ այս տեղում՝ տվյալ դեպքում Ազատության հրապարակում, իրականացնել իրենց բողոքի ակցիան, որը խախտելու դեպքում այլ վայրում իրենց բողոքի ձայնը բարձրացնելու իրավունք չունեին:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այս գրության մասին իրենք իմացել են դեռ հունիսին, սակայն այդպես էլ իրեն չի հաջողվել ավագանու օրակարգ մտցնել այս հարցը ու հիմնավորել, որ նման փաստաթուղթը չէր կարող ծառայել նման բռնությունների իրականացման համար: Պարոն Սաֆարյանը ապշած է. «Միջազգային պրակտիկայում չտեսնված բան է, որեւէ միջազգային կոնվենցիայի նորմով դու չես կարող մարդու իրավունքների եւ ազատությունների իրացումը պայմանավորել այսքան ժամանակում, այսքան տեղում: Իսկ Տարոն Մարգարյանի գրությունը նշանակում է, որ ուզում է լուծվի խնդիրը, ուզում է՝ ոչ, կարեւորը ես քեզ այսքան ժամանակ եմ տալիս: Մինչդեռ այդ գրությունը հիմք էր ծառայել հունիսի 23-ի ջրցանի գործողությունների օրինականացման համար: Երբ նայում ես ոստիկանության գործողություններին, իրենք հղում են կատարում Տարոն Մարգարյանի գրությանը, քանի որ նա ասել է, որ մինչեւ ժամը 24.00-ը միայն Ազատության հրապարակում ձեր խնդիրը լուծեք ու գնացեք տուն, ու քանի որ չեք արել, մենք ձեզ ցրել ենք: Հենց դրանից էլ երեւում էր անհամաչափությունը»:
Ստեփան Սաֆարյանը ժամանակին Տարոն Մարգարյանին ասել է, որ այդ գրությունը հիմք է հանդիսացել մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար: Ու դեռ պողոտան փակ էր, եւ սպասելի էին նույնատիպ գործողություններ, ուստի առաջարկել է այդ հարցը ավագանիում քննարկել, բայց ապարդյուն: Ու թեեւ Ստեփան Սաֆարյանը հասկացրել է, որ այս գրությունը կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ եւ նոր բռնությունների պատճառ դառնալ, բայց ավագանու անդամները կտրականապես դեմ են եղել նման հարց օրակարգ մտցնելուն: Պարոն Սաֆարյանը մտահոգություն է հայտնում, որ ի տարբերություն խորհրդարանի՝ ավագանիում հրատապ հարցի ինստիտուտ գոյություն չունի:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը չգիտեր էլ այս գրության մասին: Նա այն անօրինական է համարում ու նշում. «Դա ոչ իրավական փաստաթուղթ է: Ընդամենը քաղաքապետարանն իր իրավասություններից ու լիազորություններից դուրս փաստաթուղթ է տվել, որի հիման վրա գործողություններ են արվել, ինչը չի եղել իրավական դաշտում»: Սա ռեժիմին բնորոշ գործելաոճ է համարում ու նշում. «Հաշվի առնելով ռեժիմի գործելաոճը, որ սովոր չեն օրենքի դաշտում գործել, այլ «Տարոն, սիրուն չի» նմանատիպ գործելաոճն է իրենց մոտ ընդունված, նորմալ է, որ առանց իրավական հիմքի՝ պահանջ են դրել, ոստիկանությունն էլ դրա վրա է հիմնվել: Ոստիկանությունը համագործակցում է ռեժիմի հետ: Ոչ թե օրենքից ելնելով է գործել, այլ ինչ-որ քաղաքապետի գրությունից, որի մեջ օրենքին հղում չկա»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    “Բաղրամյան պողոտայում կատարած բռնություններ” ?!

    ի՞նչ բռնութեան մասին է խօսքը

    եթէ նոյն անկարգութիւնը տեղի ունենար այլ երկիրներում,
    բառացիօրէն՝ գլուխներ կը ջարդուէին

    ընդհակառակն, այս միջադէպը առիթ եղաւ որ Հայաստանի ոստիկանութիւնը սովորի – եւ ցուցաբերէ – ինքնազսպում, պաղարիւնութիւն եւ համբերանք, տպաւորիչ աստիճանի

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031