Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահի ելույթը շրջադարձային չեղավ համաշխարհային քաղաքականության մեջ»

Հոկտեմբեր 03,2015 15:30

Արմեն Բադալյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի
խնդրի կարգավորումը կախված է Ադրբեջանից եւ Ռուսաստանից

Միավորված ազգերի կազմակերպության ԳԱ 70-րդ նստաշրջանին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստանում դարձավ քննարկման առարկա. սոցիալական ցանցերում հիմնականում քննարկվեցին ելույթում հնչեցված «հաղորդագրությունները», մեծ ուշադրություն դարձվեց հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրին վերաբերող հատվածին՝ հաշվի առնելով, որ սահմանում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանն «Առավոտի» հետ զրույցում միանգամից բացառեց, որ ՀՀ նախագահի ելույթը կարող էր մեծ ուշադրության արժանանալ միջազգային հանրության կողմից. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան էր, եւ ամեն երկրի ղեկավար բարձրացնում է այն խնդիրը, որը նպատակահարմար է գտնում: Մեր գործող նախագահի ելույթը շրջադարձային չեղավ համաշխարհային քաղաքականության մեջ, սովորական ելույթ էր»,- ասում է Արմեն Բադալյանը:

Նա նկատում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ուշադրության կենտրոնում գլխավորապես Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների ելույթներն էին. «Իսկ մնացածը, թե մոտ երկու հարյուր երկրների ղեկավարները ինչ կհայտնեն, ոչ ոքի չի հետաքրքրում: Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը ՄԱԿ-ի հովանու ներքո չի լինելու, եւ այդտեղ որեւիցե մի շրջադարձային ելույթ չէր կարող փոխել Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած կոնֆլիկտային իրավիճակը»,- ասում է պարոն Բադալյանը:
Այս ընթացքում նախագահի աշխատակազմի եւ արտգործնախարարության կողմից տարածվող հաղորդագրությունները ակտիվորեն ներկայացնում են մեր երկրի պատվիրակության հանդիպումները տարբեր երկրների ներկայացուցիչների եւ կառույցների հետ, հաղորդագրություններում նշվում են, որ քննարկվում են նաեւ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Այս հարցին էլ պարոն Բադալյանը վերապահորեն է վերաբերվում. «ՄԱԿ-ի ասամբլեան այն տեղը չէ, եւ այնտեղ այն գործիչները չեն, որոնք որ կարող են ինչ-որ բան փոխել: Հիմնականում բոլորը սպասում եմ Օբամա-Պուտին հանդիպմանը, որի շուրջ մեծ հետաքրքրություն կա: ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագահները հանդիպեցին տարբեր երկրների ղեկավարների հետ. դրանք որոշ դեպքերում արարողակարգային հանդիպումներ էին, որոշ դեպքերում ինչ-որ հարցեր ճշտվեցին, բայց Հայաստանի պարագայում այն վայրը չէր, որ ներկայացվեր Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Դրա համար կա արտգործնախարարություն, դրա համար կան դիվանագետներ, եւ դրա համար կան հանգիստ պայմաններ»,- ասում է պարոն Բադալյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին՝ նա ասում է, որ Հայաստանը շատ թույլ պետություն է որեւէ բան անելու համար, կոնֆլիկտի կարգավորման գործընթացում ներգրավված են այլ պետություններ, նշում է, որ Ադրբեջանի հետ գերտերությունները հաշվի կնստեն. «Լեռնային Ղարաբաղի հարցը կախված է Ադրբեջանից եւ Ռուսաստանից: Կհամաձայնվի՞ Ադրբեջանը խաղաղապահ զորքերը տեղակայել ԼՂՀ սահմաններում, ուրեմն կստանա հինգ շրջանները: Այս երկու պետություններից է ամեն ինչ կախված, նաեւ Թուրքիայից, եւ պետք է հաշվի առնվեն Իրանի շահերը: Երբ որ այդ հարցերը լուծեն, Ռուսաստանը տեղյակ կպահի Հայաստանին, եւ Հայաստանը կասի, թե որ տարբերակին է համաձայն»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031