Մեր երկիրը վավերացրել է երեխաների իրավունքներին առնչվող մի շարք միջազգային փաստաթղթեր, սակայն, ինչպես այս ոլորտի մասնագետներն են փաստում, երեխաները մնում են հասարակության տնտեսապես ամենախոցելի խմբի մեջ: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը երեխայի իրավունքների իրավիճակի վերլուծություն է կատարել եւ եկել այն եզրակացության, որ Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության խոչընդոտներից մեկը շարունակում է մնալ տնտեսական վիճակն ու աղքատությունը:
Ուսումնասիրությունների արդյունքները տեղ են գտել «Երեխայի իրավունքների իրավիճակի վերլուծություն. Հայաստան» զեկույցում, որտեղ կազմակերպության մասնագետները մտահոգություն են հայտնել, որ հենց աղքատության բարձր մակարդակն է խոչընդոտ հանդիսանում, որպեսզի երեխաները կրթություն, առողջապահական խնամք եւ սնուցում ստանան: Մասնագետները նշում են, որ հաշմանդամություն ունեցող երեխաները նրանցից ամենախոցելին են: Սրանով հանդերձ՝ կրթության եւ առողջապահության պետական ֆինանսավորումն աննշան է: Մասնագետները փաստում են, որ վերջին տարիներին կրթության եւ առողջապահական ծախսերի տոկոսն անկում է ապրել: Հղում անելով ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությանը, որտեղ ամրագրված է, որ ամենակոռումպացված ոլորտները կրթությունը, առողջապահությունը, դատական, իրավական եւ մաքսային ծառայություններն են, զեկույցի հեղինակները նշում են, որ մասնավորապես՝ կրթության եւ առողջապահության ոլորտներում կաշառակերությունն ազդում է առաջին հերթին երեխաների վրա, քանի որ նրանք չեն ստանում համապատասխան ծառայությունները:
Զեկույցում մտահոգություն են հայտնում նաեւ Հայաստան ներգաղթած սիրիահայ ընտանիքների երեխաների մասով, համաձայն որի՝ 6 տարեկանից ցածր Սիրիայից ներգաղթած երեխաների 50 տոկոսը չի հաճախում ոչ մի նախակրթարան:
Զեկույցի հեղինակները չեն ողջունում նաեւ պետության վարած քաղաքականությունը մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունների մասով. «Պետական նախադպրոցական հաստատություններում գոյացած հերթագրումները հանգեցնում են նրան, որ որոշ ծնողներ հարկադրված են իրենց երեխաներին տանել մասնավոր հաստատություններ: Պետության կողմից իրականացվող քաղաքականությունը այդքան էլ արդյունավետ չէ այս առումով, քանի որ մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունների գերծանրաբեռնվածությունը հանգեցնում է որոշ երեխաների նախակրթական ծրագրերից դուրս մնալուն՝ հաշվի առնելով մասնավոր հաստատությունների վճարովի լինելը»:
Անդրադառնալով երեխաների դաստիարակությանը եւ այդ նպատակով կիրառվող մեթոդներին՝ մասնագետները նշում են, որ հարցումների ընթացքում պարզել են, որ այդ հաստատություններում երեխաների իրավունքների ոտնահարման դեպքեր հաճախ են լինում. մասնավորապես՝ երեխաներին դաստիարակում են ծեծի մեթոդով: Բացի այդ, զեկույցի մասնագետները նշում են, որ նման հաստատություններում տարբեր սոցիալական խմբերի երեխաների նկատմամբ խտրական դրսեւորում է նկատվում. հատուկ կարիքավոր երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերվում եւ այլն. «Մինչդեռ որոշ կառույցների ներկայացուցիչներ պնդում էին, որ նման դեպքերը ՀՀ-ում համարյա բացակայում են»:
Մասնագետների մեկ այլ դիտարկմամբ էլ՝ Հայաստանում երեխային վիրավորանքից, հոգատարության բացակայությունից, անուշադրությունից կամ կոպիտ վերաբերմունքից զերծ պահելու վերաբերյալ օրենսդրությունը հստակ չէ. «Հարկ է նշել, որ ՀՀ-ում բռնության ոչ բոլոր դրսեւորումներն են քրեորեն պատժելի, հետեւաբար ներկայացվող պաշտոնական վիճակագրությունը արտացոլում է այն հատվածը, որը վերաբերում է բռնության հանցավոր դրսեւորումներին, մինչդեռ ՀՀ-ում առավել հաճախ հանդիպում են երեխաների նկատմամբ բռնության քրեորեն չպատժվող դրսեւորումները: Ցավոք սրտի, երեխայի նկատմամբ ծեծը, ֆիզիկական այլ բռնությունը, հոգեբանական բռնությունը որպես դաստիարակչական մեթոդներ դեռ կիրառվում են»:
Կարդացեք նաև
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.10..2015