Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքը ռոմանտիկ սիրո կարիք չունի»

Հոկտեմբեր 03,2015 13:30

Հայրենասիրություն՝ ըստ գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն ու նրա որդին՝ Արան, Հայաստանի անկախության տոնին նվիրված ցուցահանդես են ունեցել Արցախում՝ Շուշիում ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 20-ին: Արվեստագետին առաջարկն արվել է Շուշիի հյուրանոցային համալիրներից մեկի տնօրեն Սարգիս Գալստյանի կողմից, վերջինս հասարակական-քաղաքական գործիչ, արեւելագետ Գուրգեն Մելիքյանի հետ ամեն տարի նաեւ պոեզիայի տոն է կազմակերպում Արցախում: Հաղթանակ Շահումյանը պատմում է, որ Գալստյանն ասել է, թե Արցախում երբեք Հայաստանի անկախության տոնը չի նշվել, հնարավո՞ր է ցուցահանդեսով նշվի, ինքն էլ սիրով համաձայնել է: «Ես էլ լսել էի, որ Շուշիում նոր ցուցասրահ է բացվել, իսկ Շուշին ինձ համար հոգեւոր քաղաք է, հատուկ վերաբերմունք ունեմ նրա հանդեպ: Այն դարեր շարունակ եղել է մեր մշակութային կենտրոններից մեկը: Մի խոսքով, ցանկացա իմ մասնակցությունը բերել Շուշիի մշակութային կյանքի աշխուժացմանը, Սարգսի աջակցությունն ունենալով՝ նախաձեռնությունն իրականացրինք: Սեպտեմբերի 20-ի առավոտվանից ցուցահանդեսը բաց էր, շուտ էինք սկսել, որպեսզի ավելի շատ մարդ կարողանա այցելել, նաեւ նկատի էինք ունեցել այն հանգամանքը, որ շատերը մեկնեն Հայաստան: Հրաշալի օրեր ունեցանք: Իմիջիայլոց, այդ նորաբաց ցուցասրահի առաջին ցուցահանդեսը Նիկոլայ Նիկողոսյանինն էր, 95 տարեկանում է քանդակագործի ցուցահանդեսը կայացել Արցախում: Ինչ վերաբերում է ինձ, ես մի նկար նվիրեցի Շուշիի գործող թանգարանին, այն տարիներ առաջ Շուշիում արած պեյզաժներից մեկն էր: Անընդհատ ցուցասրահում ներկա չեմ եղել, բայց լսել եմ, որ շատ այցելուներ ենք ունեցել, այդ թվում՝ օտարերկրացիներ, ֆրանսիացի զբոսաշրջիկներ, 20 աշխատանք ես էի ներկայացրել, 13-ը՝ տղաս, հիմնականում յուղաներկ ու գրաֆիկա եւ մի քանդակ էի տարել, որը «Կենաց ծառ» էր կոչվում»,- նշեց պարոն Շահումյանը:

Haxtanak_Shahumyan
Նա հավելեց, որ Արցախից Երեւան վերադառնալիս ցանկացել է անպայման Լաչինով գալ, որի պատկերասրահում էլ երկու աշխատանք ունի: 12-13 տարի առաջ էր այդ պատկերասրահը հիմնադրվել, եւ որոշ նկարներ էլ ՀՀ մշակույթի նախարարության հավաքածուներից է տրամադրվել: Գեղանկարիչը հիասթափությամբ փաստեց, որ Լաչինի պատկերասրահն այսօր էլ նույնքան անխնամ տեսք ուներ, ինչպես 12-13 տարի առաջ. «Ջրերը լցվել էին ներս, դուռը փակ էր, թեեւ տանիքը փոխել էին, բայց որեւէ այլ բարեկարգման աշխատանք չիր կատարվել, իսկ արվեստը անխնամ միջավայրում չի կարող լինել: Ժողովուրդը պատկերասրահ մտնելիս պետք է հասկանա, որ եկել է քաղաքակիրթ միջավայր, իսկ ախոռի վիճակում նկարներ ցուցադրելը պատվաբեր չէ ոչ տեղի իշխանությունների, ոչ ցուցադրվող արվեստագետների համար: Նման վերաբերմունքն արժեզրկում է արվեստը, ինչը ցավալի է: Ճիշտ է, հիմա բարոյազուրկ ժամանակներում ենք ապրում, նյութականը դարձել է տոտեմ, բայց միշտ էլ եղել են արվեստասեր մեծահարուստներ, որոնք հարկ եղած դեպքում տեր են կանգնել արվեստին: Բացի դրանից, նյութապաշտությունը խորթ է մեր ժողովրդին, հայը արարող, ստեղծող ժողովուրդ է, իրեն չի կարելի պահել էդ վիճակում: Շատերն ասում են՝ ժամանակն է այդպիսին, իրականում ժամանակը կապ չունի: Ես կարող եմ բերել Գալուստ Գյուլբենկյանի օրինակը: Այն ժամանակ էլ աշխարհը նյութապաշտական թոհուբոհի մեջ էր, ու մի առիթով Գյուլբենկյանին նախատում են, թե մեծ միջոցներ է տրամադրում արվեստին, մինչդեռ կարող էր դրանով իր բիզնեսն ավելի զարգացնել: Գյուլբենկյանն էլ պատասխանում է, թե գումարը, հարստությունն իր համար գեղեցիկի հետ առնչվելու միջոց են: Արցախն էլ ունի ինտելեկտուալ փողատերեր, օրինակ՝ նույն Լեւոն Հայրապետյանը, որ այդքան բան է արել Արցախի համար:

Մի առիթով էլ նա է ասել, որ ամոթալի բան է աղքատ լինելը, բայց շատ ավելի ամոթալի է ընչազուրկների մեջ հարուստ լինելը: Նա կարծում էր, որ ամեն հարուստ մարդը պետք է իր ունեցվածքի հաշվին ստեղծի բարեկարգ միջավայր ժողովրդի համար»: Գեղանկարիչը տպավորված է Արցախի մշակույթի նախարարի վերաբերմունքով, արցախցիների մշակութասիրությամբ: Նա բոլոր արվեստագետներին կոչ է անում գնալ մարզեր ու Արցախ, հնարավորությունների չափով աշխուժացնել այդ վայրերի մշակութային կյանքը ու լինել սրտացավ ու պարտավորված զգալ երկրի հանդեպ: «Սրտացավությունն արդյունք է մարդու՝ երկրի նկատմամբ պարտավորության, պարտավորության զգացումը շատ ավելի կարեւոր է, քան ռոմանտիկ սերը: Հայրենիքը ռոմանտիկ սիրո կարիք չունի: Ասենք՝ Անդրանիկը ժամանակին նեղացավ, թողեց գնաց, բայց ինքը պարտավորություն ուներ երկրի հանդեպ ու արեց այն, ինչը հնարավոր է»,-կարծում է Հաղթանակ Շահումյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031