Այսօր մեր բուհերում խնդրահարույց է դառնում դասերին ուսանողների հաճախումները, որն առավել ցայտուն է դրսեւորվում հեռակա կրթական համակարգում եւ մագիստրատուրայում: Եվ պատահական չէ, որ ոչ միայն խոշոր բուհերը, այլեւ նույնիսկ ֆինանսական սուղ միջոցներով աշխատող համալսարանները ստիպված են լինում ուսանողներ հեռացնել` քննաշրջանում ձախողումների եւ վատ հաճախումների համար:
Այսօրվա ուսանողը դժվարակամ է դասի հաճախում, եւ պատճառը միայն սոցիալականը չէ, որ սերտորեն առնչվում է աշխատանք ունենալու եւ ուսման վարձի վաստակի հետ: Դասերին հաճախակի բացակայող ուսանողների մեծ մասը չի էլ աշխատում եւ ուսման վարձի խնդիր չունի, սակայն համալսարանական դասերին իր լիարժեք մասնակցությունը չի համարում նպատակահարմար:
Խնդիրն ավելի խորքային է, եւ պարփակված է համալսարանական միջավայրի հետաքրքրությունների շրջանակում: Դեռեւս չեմ հանդիպել սոցիոլոգիական հետազոտության արդյունքների, որն իրականացված լիներ բուհերից հեռացված ուսանողության շրջանում: Համոզված եմ, որ եթե նման հարցումներ արվեին, պատասխանների զգալի մասում կնշվեր բուհական միջավայրի անհետաքրքրությունը:
Այսօր մեր բուհերում կիրառվում են կրթական հնացած տեխնոլոգիաներ, որոնք այնքան էլ գրավիչ չեն դարձնում ուսումնառության գործընթացը: Դասախոսությունների զգալի մասը համատարած թելադրություններ են, պակասում են դասերի ընթացքում բանավիճային քննարկումները, հազվադեպ են խմբային աշխատանքները, կազմակերպվող կլոր սեղանները, որի արդյունքում դեռեւս գերիշխում է դասախոսակենտրոն ուսուցումը:
Իսկ որքան էլ որ խոսում ենք ուսանողակենտրոն ուսուցման ներդրման անհրաժեշտությունից, միեւնույն է, մեր բուհերում դեռեւս այն մնում է թղթի վրա, եւ ինչպես որ կազմակերպում էինք համալսարանական կրթությունը տասնամյակներ առաջ, այնպես էլ շարունակում ենք մինչեւ այսօր: Ակնհայտ է, որ ուսանողի ներկայությունը դասին հնարավոր չէ ապահովել զուտ վարչական մեթոդներով: Նույնիսկ հասել ենք այնպիսի ծայրահեղության, որ մեր բուհերի մեծ մասում ուսանողների գնահատման վերջնարդյունքում հաշվի է առնվում նաեւ հաճախումների գործոնը, փորձելով դրանով մոտիվացնել ուսանողին դասահաճախումները:
Կարդացեք նաև
Եվ, վերջապես, անընդհատ փորձում ենք պատժել դասի չհաճախող ուսանողներին, բայց ինչու ենք աչքաթող անում այն դասախոսներին, որոնց դասերին են հատկապես գրանցվում շատ բացակայություններ: Չէ՞ որ դասախոսն է, որ պիտի միջոցներ ձեռնարկի հեռաքրքիր դաս կազմակերպելու, լսարանը ուսանողի համար կրթական գրավիչ միջավայր դարձնելու համար: Իսկ եթե դա չի արվում, արդյունքում տուժում է միայն ուսանողը եւ մեր իրականությունում դասախոսը հիմնականում չի ենթարկվում պատասխանատվության:
Կարծում եմ՝ ուսանելի է արեւմտյան բուհերում կիրառվող փորձը, համաձայն որի՝ «լսարարան չհավաքող» դասախոսի հետ հաջորդ տարիներին համալսարանը պարզապես պայմանագիր չի կնքում: Եվ ինչու պետք է շարունակաբար կիրառենք պրոֆեսորադասախոսական անձնակազմի վարձատրման վաղուց իրեն սպառած համահարթեցված համակարգը, դրանով իսկ բացառելով շահադրդումը հետաքրքիր եւ արդյունավետ դասավանդման համար:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ
02.10..2015
Եթե մենք այսօր կենտրոնանանք լսարան չհավաքող դասախոսների վրա և պատժենք նրանց, ապա դասախոսները պարզապես ներկա կնշանակեն բոլոր ուսանողներին: Երևույթն արդեն իսկ գոյություն ունի, խորացնել չարժե: Անշուշտ դասախոսներին ներկայացվող պահանջները պետք է հստակեցվեն և սակայն դրանց իրականացման վերահսկման համար այլ մեխանիզմներ են անհրաժեշտ: