Լրահոս
Օրվա լրահոսը

Բալետի արտիստ-վարչական աշխատողը՝ մեր բալետի հիմնահարցերի մասին

Հոկտեմբեր 03,2015 12:30

Հազվադեպ է պատահում, որ առաջատար արտիստը մշակութային նույն օջախում վարում է նաեւ վարչական աշխատանք:

«Առավոտը» հանդիպեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, բալետային խմբի վարիչ Բորիս Էմինյանի հետ:

Մեր զրուցակիցը թատրոնում է արդեն 15 տարի: Այդ ընթացքում հանդես է եկել խաղացանկային բոլոր ներկայացումներում: Թատրոնի բալետային խմբի հետ հյուրախաղերով մեկնել է տարբեր երկրներ, իսկ անձամբ պայմանագրային կարգով հանդես եկել այլ թատրոններում: Վերջին բացակայությունը թատրոնից 2013 թվականին էր: Բորիս Էմինյանը հրավիրվել էր Կարելիայի երաժշտական թատրոն ու հանդես եկել Չեզարե Պունիի «Սապատավոր ձիուկը» ներկայացման մեջ:
Արվեստագետի հետ մեր զրույցի թեման արտիստի վարչական աշխատանքն էր: Այսօր թատրոնի բալետային խումբը բաղկացած է 70 արտիստից: Միանշանակ հասկանալի է, որ թատրոնի հենց այս կոլեկտիվում պետք է որ վաստակավորները (էլ չենք խոսում ժողովրդականի մասին), ինչպես ընդունված է ասել, թիվ կազմեին: Բայց պարզվում է՝ այսօր գործող բալետի արտիստներից վաստակավորի կոչման է արժանացած ընդամենը 4 արտիստ՝ Ժակլին Սարխոշյանը, Սոնա Առուստամյանը, Մարիա Դիվանյանը եւ Զավեն Հարությունյանը: Մինչդեռ խորհրդային տարիներին արդեն դեռեւս բեմական-ստեղծագործական կյանքով էին ապրում ժողովրդական արտիստներ Բելլա Հովնանյանը, Էլվիրա Մնացականյանը, Վիլեն Գալստյանը, Հովհաննես Դիվանյանը: Մեր այս դիտարկումը սահուն շրջանցեց Բորիս Էմինյանը եւ ընդամենն ասաց, որ խաղացանկային ներկայացումներում կարող ենք հանդիպել իսկապես ճանաչված ու վաստակաշատ պարողներ Մերի Հովհաննիսյանին, Սյուզի Փիրումյանին, Ռուբեն Մուրադյանին, Սեւակ Ավետիսյանին: Հավելեց, որ նշված անուններն ավելի քան 10 տարի բեմում են, իսկ բալետի արտիստի համար դա շոշափելի ժամանակահատված է: Հետաքրքրվեցինք, թե ինչու կոչման ներկայացնելու հայտով հենց ինքը չի «անհանգստացնում» տնօրինությանը: Արտիստը պատասխանեց. «Տնօրինությունը կամ ղեկավարությունը, հավատացնում եմ, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի կոնկրետ մեր դեպքում՝ բալետի յուրաքանչյուր արտիստ ստեղծագործական ճանապարհին չհանդիպի եւ ոչ մի խոչընդոտի: Բայց կարծում եմ, եւ վստահ եմ, որ նույնիսկ ձեզ է հայտնի, կան բաներ, որ միայն տնօրինությունից կախված չէ…»: Մեր զրուցակիցը հավելեց, որ բալետի արտիստով հետաքրքրված է ոչ միայն տնօրինությունը, այլեւ հանրապետության նախագահը, փաստելով այն ճշմարտությունը, որ զինակոչիկային տարիքի բալետի արտիստներին, որպես բացառություն, հնարավորություն է տրվում ծառայել կամ Երեւանում, կամ ինչպես ասում են՝ Երեւանի մոտ՝ չկտրվելով ստեղծագործական կյանքից:

Picture-7-2--
Եթե հավատանք բալետային խմբի վարիչի խոսքերին, ապա ինչպես բացատրել, որ արեւմտյան թատրոններում վերջին շրջանում բալետի հայ տղամարդ արտիստների թիվը հասնում է 60-ի: Խոսքը իսկապես բարձրարվեստ եւ բարձրակարգ արտիստների մասին է, որոնց ելույթը ժամանակ առ ժամանակ ըմբոշխնում ենք մեր թատրոնում: Այս առիթով մեր զրուցակիցը նշեց, որ լինում են կարճաժամկետ, երկարաժամկետ պայմանագրեր կամ՝ այս կամ այն արտիստը հնարավոր է, որ ինչ-ինչ պատճառներով՝ նույնիսկ անկախ իր ցանկությունից, այո, հայտնվի եվրոպական թատրոններում: Հարցին, թե վերջերս, կոնկրետ՝ ինչո՞ւ Նարեկ Մարտիրոսյանը նախընտրեց ամերիկյան, իսկ Տիգրան Մանուկյանը՝ ռուսաստանյան բեմը, մեր զրուցակիցը ընտրելով «վարչական» կեցվածք, կարճ ու կոնկրետ ասաց. «Այդ հարցը իրենց պետք է ուղղել»:

Picture-7-2-
Թատրոնում 15 տարիների ընթացքում Բորիս Էմինյանն աշխատում է արդեն 4-րդ գլխավոր բալետմայստերի հետ՝ Հովհաննես Դիվանյան, Արմեն Գրիգորյան, Ռուդոլֆ Խառատյան եւ Վիլեն Գալստյան: Մի կողմից հասկանալի է, թե ցանկացած պաշտոն ի վերջո կաթողիկոսական աթոռ չէ, մյուս կողմից՝ «հերթով գալիս, անց են կենում» գլխավոր բալետմայստերները՝ բալետային խմբի՞ պահանջով կամ ցանկությամբ, թե՞… եւ հարցրինք՝ արդյո՞ք գլխավորների հաճախակի փոփոխությունը չի ազդում բալետային խմբի մակարդակի կամ որակի վրա: «Ինչ-որ չափով ազդում է, ինչ-որ չափով էլ օգտակար է: Համոզված եմ, որ հանդիսատեսը ցանկություն ունի առնչվել հաճախակի նոր ներկայացումների հետ եւ, որ ամենակարեւորն է՝ տեսնել նոր ձեռագրեր: Այս խոսակցությունները կուլիսային են եւ վերաբերում են կոնկրետ արտիստներին: Կրկնում եմ՝ հանդիսատեսի մտահոգությունը պետք է լինի միայն դիտել բարձրարվեստ ներկայացումներ, իսկ այդ ուղղությամբ մեզ հետ աշխատում են փորձավարներ, որոնցից յուրաքանչյուրը հայկական բալետային արվեստի երախտավոր է, նրանք են՝ Էլվիրա Մնացականյանը, Նադեժդա Դավթյանը, Բելլա Հովնանյանը, Էմմա Նահապետյանը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Քանի որ հաճախ հանդիսատեսին հուզում է նաեւ գլխավորի հարցը, հետաքրքրվեցինք՝ օրինակ, բալետային խմբում ինքը կամ իր կոլեգաները ո՞ւմ են տեսնում ապագա գլխավոր բալետմայստերի դերում: «Այս հարցին կարող եմ միայն սուբյեկտիվ կարծիք հայտնել: Հաշվի առնելով, որ դեռեւս 16 տարեկանից այսօր արդեն ճանաչված մենապարողը թատրոնում է, միջազգային մրցույթներից մրցանակներով է վերադարձել եւ բազմաթիվ արտերկրյա առաջարկներից հրաժարվել է ու մինչ օրս էլ մեր կողքին է, դա միանշանակ բոլորին հայտնի Ռուբեն Մուրադյանն է»,- հայտնեց Բորիս Էմինյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝
Նաիրուհի Մարգարյանի

«Առավոտ» օրաթերթ
02.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031