Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ խախտի խորիմաստ լռությունը Պուտինը

Հոկտեմբեր 03,2015 12:00

Երբ ոմանց հայրենիքը Ռուսաստանն է,
ոչ թե Հայաստանի Հանրապետությունը

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն օրերս պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում, որտեղ ընթանում էին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» խորագիրը կրող զորավարժությունները, ուշագրավ հայտարարություն էր արել ՀԱՊԿ անդամ երկրների՝ ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ անհաղորդ կեցվածքի առիթով՝ նշելով, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանը նույնիսկ բարոյական աջակցություն չի ստանում դաշնակիցներից:

«Անշուշտ, ցանկալի կլիներ, որ ՀԱՊԿ անդամ երկրները Ադրբեջանի հարձակումների առնչությամբ ավելի ակտիվ լինեին, բայց առայժմ, ցավոք, լուրջ արձագանք չկա: Ցանկալի կլիներ լսել նման արձագանք: Մենք անվտանգության նույն կառույցի, նույն համակարգի մեջ ենք, ուստի պետք է որ գոնե արձագանք հնչի:

Առայժմ մենք օգնություն չենք խնդրում, սակայն ցանկալի կլիներ ունենալ զուտ մարդկային աջակցություն»,- ասել էր ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը: Խաչատուրովը նաեւ հավելել էր, որ հայկական կողմը հայ-ադրբեջանական շփման գծում խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում. «Մենք ինքներս կարող ենք լուծել այն խնդիրները, որոնք մեզ համար ամեն օր ստեղծում է Ադրբեջանը: Ուղղակի տեղեկության համար ասեմ՝ նախորդ 15 օրվա ընթացքում նրանք մի քանի հազար արկ ու ական են ուղղել մեր դեմ, դրանք պայթել են մեր գյուղերում, դիրքերում, 10 կիլոմետր խորության վրա: Մենք համարժեք պատասխանել ենք, այժմ խոսքը նրանցն է, նրանք լուրջ կորուստներ ունեն»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին, որը ներկա էր զորավարժություններին, լրագրողները հարցրել էին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի արձագանքում, երբ արդեն հարձակման են ենթարկվում Հայաստանի սահմանները: Վերջինս պատասխանել էր, թե անձամբ է ներկա եղել, թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունը այս հարցը բարձրացնում ՀԱՊԿ գագաթնաժողովներում, սակայն դրանց արդյունքում աջակցության մասին որեւէ որոշում չի կայացվել, եթե լիներ նման որոշում, իրենք, իհարկե, կպատրաստվեին, կիրականացնեին: Սեմերիկովը, սակայն, դարձյալ խոսել է դաշինքի միասնականությունից՝ պատմելով, թե որքան արագ կարող են արձագանքել, եթե հարձակման ենթարկվի դաշինքի անդամ որեւէ երկիր:

Այսպիսով, ՀԱՊԿ հիմնադիր անդամ Հայաստանի իշխանությունների կոչերը, հորդորները ՀԱՊԿ-ի հանդիպումներում մնում են «օդում կախված». դա են վկայում նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի արտահայտած մտքերը: Փոխարենը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, թե նրա տեղակալը նախընտրում են դիտարկումներ անել այն մասին, թե ինչպես կարող է ՀԱՊԿ-ը արձագանքել, եթե հարկ լինի:

Փաստորեն՝ այն, ինչ կատարվում է վերջին մի քանի ամիսներին Հայաստանի սահմաններում, ՀԱՊԿ-ում կամ լուրջ չեն համարում, կամ համարելով լուրջ` իրենց պարտավորված չեն զգում փորձել անգամ սաստել Ալիեւի պահվածքը:
Հետեւաբար տրամաբանական հարց է ծագում` ի՞նչ գործ ունի Հայաստանը մի անվտանգության համակարգում, որտեղ նշյալ կառույցին չանդամակցող Ադրբեջանի շահերը, ինչպես երեւում է, ավելի հետեւողականորեն են պաշտպանվում, քան Հայաստանինը:

Եվ առհասարակ՝ ո՞ւմ են պետք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» խորագիրը կամ այլ խորագրեր կրող զորավարժությունները: Ի՞նչ արժեք ունեն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ու նրա տեղակալի հայտարարություններն այն մասին, թե ինչ կարող է անել ՀԱՊԿ-ը` «եթե հարկ լինի»:

Խնդիրը իսկապես ռազմական գործողություններով Ադրբեջանին պատասխանելը չէ, այլ հրապարակավ դիրքորոշում արտահայտելը, միասնական հայտարարությամբ իրավիճակին համարժեք արձագանքելը: Մենք միայնակ ենք, ու դրանում նոր չէ, որ պետք է համոզվենք: Պարզապես որերորդ անգամ մենք ակնհայտ տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ում մենք դաշնակից չունենք, անգամ Ռուսաստանն առանձին` որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, չի ցանկանում Ալիեւին մի «թթու խոսք» ասել:

Ավելին՝ ընդամենը օրեր առաջ ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը խոսեց Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի մասին: Բայց այս անգամ էլ դաշինքի անդամ երկրները ծպտուն չհանեցին, իսկ գագաթնաժողովի ընդունած համատեղ հայտարարության մեջ որեւէ անդրադարձ չեղավ ղարաբաղյան հակամարտությանը:

Ի՞նչ կլինի, եթե արկածախնդիր Ալիեւը, որը, ըստ էության, վաղուց արդեն խախտել է զինադադարի ռեժիմը, անցնի ավելի լայնածավալ գործողությունների: Այսպե՞ս են Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը պաշտպանելու Հայաստանի անվտանգությունը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրերս ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում ունեցած ելույթում ուշագրավ դիտարկում էր արել. «Ռուսաստանն իսկապես տասնամյակների ընթացքում իր շուրջը միտումնավոր ստեղծել է անկայունության գոտի, որպեսզի պահպանի իր ազդեցությունը հարեւան երկրներում: Սա կարելի է ասել Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղրիմի, Դոնբասի մասին»: Գործնականում արդեն գրեթե երկու տարի մենք համոզվում ենք, որ ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն խախտելու, իրավիճակը շփման գծում շարունակաբար լարելու հարցում Ադրբեջանի քաղաքականությունը Ռուսաստանը լռելյայն ընդունում է, եթե չի ողջունում:

Ցավալին այն է, որ Ռուսաստանի անտարբեր կեցվածքը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում որոշ մարդիկ դեմքի լուրջ արտահայտությամբ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության համատեքստում դատողություններ են անելու, թե` «ԱՄՆ-ը խնդիր ունի ամբողջ աշխարհում լարվածության օջախներ ստեղծել, իսկ այս տարածքում՝ առավել եւս, դա ԱՄՆ-ի խնդիրն է, ոչ թե ՌԴ-ի, որովհետեւ խնդիր ունի քայքայել Ռուսաստանը»:

Մոսկվան կշարունակի վերաբերվել մեզ նույն ձեւով այնքան ժամանակ, քանի դեռ վստահ է, որ որոշ հայ պաշտոնյաներ ու նախկին պաշտոնյաներ արդարացնելու են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի բազմամիլիարդանոց գործարքները` դա բնական համարելով, իսկ ադրբեջանական բանակից քաջատեղյակներն էլ տեղեկացնելու են, թե Ադրբեջանը միայն ռուսական զենքով չի զինվում, այլեւ այլ երկրների, եւ արեւմտյան երկրների արտադրության զենքով են մեր զինվորներին կրակում:

Ինչո՞ւ փոխի Ռուսաստանն իր կեցվածքը, եթե վստահ է, որ խոշոր հաշվով որոշ հայաստանցիների հայրենիքը միեւնույնն է՝ Ռուսաստանն է, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Շատ լավ հոդված է ,շատ ճիշտ շեշտադրումներով: Եվ սա էլ բացարձակ ճշմարտություն է: Շատ ցավալի ճշմարտություն “Ինչո՞ւ փոխի Ռուսաստանն իր կեցվածքը, եթե վստահ է, որ խոշոր հաշվով որոշ հայաստանցիների հայրենիքը միեւնույնն է՝ Ռուսաստանն է, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը:”

  2. Հարութ says:

    Հիանալի ելույթ,բայց մի բանն է ցավալի,երբ իրենք նույնպես ընդունում են,որ հերթը ադրբեջանինն է,սա ինչ ասելու բանա?խաղ եք խաղում? Չհասկացա

  3. Հրանտ Պապիկյան says:

    Հիմա վերջը ՀԱՊԿ-ից դուրս գա՞նք, թե հլը մի քիչ էլ մնանք Էմմա ջան… չբռնե՞նք Պուտինին ինադու միանգամից ՆԱՏՈ մտնենք… կամ սանկցիաներին միանանք գոնե, մի բան անենք էլի Պուտինին ինադու, չէ՞…)))))
    Ոմանց հայրենիքն էլ Ռուսաստանը չի, բայց մեկ ա՝ էլի Հայաստանի Հանրապետությունն էլ ՉԻ

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031