Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի ելույթը խաղաղություն քարոզող առաջնորդի եւ տարածաշրջանում եւ Մերձավոր Արեւելքում սրվող իրավիճակով մտահոգ առաջնորդի ելույթ էր
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 2-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հանդիպեց լրագրողներին: Նա նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել է Սերժ Սարգսյանի այցը Նյու Յորք, նրա հանդիպումները, հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը:
«Այցը արդյունավետ էր: Թե՛ այցը, թե՛ հանդիպումները, թե՛ ելույթները ցույց տվեցին, որ համահայկական առաջնորդի ելույթ էր եւ այց եւ տարածաշրջանային խնդիրներով մտահոգված առաջնորդի հանդիպում էր եւ ելույթ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի ելույթը խաղաղություն քարոզող առաջնորդի եւ տարածաշրջանում եւ Մերձավոր Արեւելքում սրվող իրավիճակով մտահոգ առաջնորդի ելույթ էր:
Կարդացեք նաև
Անդրադառնալով սահմանամերձ գոտում իրավիճակին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ վերջին մի քանի օրերի ընթացքում սահմանում, համեմատաբար, անդորր է տիրում. «Ես ինքս երկու օր առաջ եղել եմ Տավուշի մարզում, եղել եմ Բերդավան համայնքում, հանդիպել եմ մեր քաղաքացիներին, հենց առաջին գծում ապրող քաղաքացիներին, մեր եղբայրների եւ քույրերի եւ հիացած եմ նրանց տոկունությամբ եւ հերոսությամբ: Նրանք բոլորը ամուր կանգնած են իրենց հողի վրա, բոլորը պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը եւ որեւէ նշույլ անգամ ադրբեջանական կրակոցները չեն ընկճել այնտեղ ապրող հայերի ոգին: Ես ինքս իմ գործընկերների հետ մեկնել էին այնտեղ, որպեսզի նրանց ոգեշնչեմ, բայց նրանք ինձ ոգեշնչեցին, եւ իրենք, ժողովրդական խոսքով ասած, ինձ «դուխ տվեցին» եւ ճանապարհեցին: Կարող եմ ասել, որ Բերդավանում եւ առաջին գծում կանգնած մեր տավուշցիները ամուր կանգնած են իրենց պատմական հողին եւ այստեղ որեւէ խնդիր չկա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ