«Բայց դու էն ասա՝ մարդա 250 կգ կարտոֆիլ են ուտո՞ւմ»
«Վիճակագրությունը խայտառակ վիճակում է»,-կարծում է ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ դատելով ՀՆԱ-ի ընթացիկ աճի տեմպերից, ասում է, որ ՀՆԱ աճը գտնվում է 1990 թ. 163 %-ի վրա: Այսօր այդ մասին նա հայտարարեց տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ` դիմելով ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանին: Վերջինս, ներկայացնում էր ԱՎԾ եռամյա ծրագրի նախագիծը :
Նա զուգահեռներ անցկացրեց` 1990-93 թվականը ՀՀ-ի տնտեսությունն անկում է ապրել 53 տոկոս, Վրաստանինը, որն ունեցել է ավելի խորը անկում, այսօր ՀՆԱ-ն 1990թ-ի համեմատ 73% է, Ուկրաինան 64%-ի վրա է, Ադրբեջանը՝ 250%-ի, ԼՂՀ-ն 270%-ի: Նիստը նախագահող Վարդան Այվազյանը ուզեց հեգնել, թե ինքն է եղել վարչապետ, դրա համար: Բագրատյանը նկատեց, որ ինքը 1993-ին է վարչապետ եղել, իսկ անկում 1992-ին է եղել ու ԱՊՀ-ում առաջին վարչապետն է եղել, որ աճ է ստացել: 1995-ին ՀՆԱ-ի ծավալներով եւ մեկ շնչին բաժին ընկնող չափով՝ Հայաստանը եւ Վրաստանից, եւ Ադրբեջանից առաջ է եղել:
Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն երկու անգամ ավելի է 90-ականներից, բայց զիջում է Վրաստանին ու Ադրբեջանին: Հրանտ Բագրատյանի խոսքով՝ 1990թ-ին Վրաստանի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 1800 դոլար էր, ՀՀ-ում՝ 600 դոլար. «3 անգամ շեղում կա և աճի երկնիշ տեմպերը արդարացնելու համար գնացել եք, ստիպված եք եղել բազան իջեցնել»: Այս հարցը ոչ միայն ՀՀ կառավարության, այլ ՀԲ-ի առջեւ էլ է պատգամավորը բարձրացրել:
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանն իր հարցի համատեքստում զուգահեռներ տարավ նաեւ խորհրդային միության ժամանակաշրջանի հետ, ինչից բավական վրդովվեց Վարդան Այվազյանն, որը ամեն կերպ ցանկանում էր ընդհատել Հրանտ Բագրատյանին:
Հրանտ Բագրատյանը հիշեցրեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ աշխատավարձի աճի տեմպն ավելի բարձր է, քան ՀՆԱ-ի աճը: Բագրատյանին հետաքրքրում էր` ինչի հիման վրա է դա եւ արդյոք աշխատավարձի աճի տեմպի մեջ կուտակայինը հաշվառված է:
«Էսի արդեն մտաք իմ բախչա, ժամանակի սահմանափակում ունենք»,- միջամտեց Վարդան Այվազյանը:
Թեեւ Վարդան Այվազյանի ըմբոստությանը, Հրանտ Բագրատյանը երրորդ հարցն էլ տվեց ինչո՞ւ նախատեսված չէ գյուղատնտեսության տիեզերական նկարահանում, քանի որ թվերն ուռճացված են, գյուղապետերը իրար հետ մրցում են, իսկ ԱՎԾ-ն պասիվ դերում է: Նրա խոսքով՝ այսօրվա ցուցանիշներով ստացվում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի սպառում է 250 կգ կարտոֆիլ և 150 կգ խաղող. «Դուք «զաշկալիծ» եք արել գյուղատնտեսությունում»:
Ստեփան Մնացականյանը պատճառաբանություններ բերեց, թե 90-ականների անճշտությունները տեղեկատվական աղբյուրների բացակայության, կապերի խզման և տվյալներ ստանալու անհնարինության պատճառով են եղել, անցում էր կատարվում նոր համակարգերի և միայն 1996 թվականից ամփոփվեցին ցուցանիշները, բայց ասաց, որ Բագրատյանի հետ համաձայն է` այդ տարիների համար լուրջ խնդիր կա:
«Մենք փորձում ենք այդ խնդիրները լուծելու ուղղությամբ, նաեւ Ձեր բարձրացրած հարցերով, ՀԲ-ի հետ այդ աշխատանքն առաջ տանել: Ձեր ասած տեղեկատվությունը եւս փորձել ենք ստանալ: Ես համաձայն եմ, լուրջ հարց է, բայց լուծումն է շատ բարդ, որովհետեւ տեղեկատվության աղբյուրների բաց կա: Այդ ցուցանիշների մեջ, ձեր կողմից բարձրացված տրամաբանական անճշտությունները չի բացառվում, որ հետագայում իրենց լուծումները ստանան»,- ասաց Ստեփան Մնացականյանը: Նա չի բացառում, որ առաջիկայում գրանցված շարքերի վերանայումներ արվեն:
Գյուղոլորտում էլ, Ստեփան Մնացականյանի խոսքով, հաշվառումները ունեն լուրջ խնդիր, օրինակ՝ ԵՄ-ում գյուղատնտեսություն չի համարվում մինչև մեկ հեկտար հող ունեցող ֆերմերների գործունեությունը, ԱՄՆ-ում 1 միլիոն ֆերմերների արտադրանք չի հաշվառվում, որովհետև հազար դոլարը չի գերազանցում, հաշվվում է ինքնասպառում. «Մեզ մոտ միայն 35%-ն է մոնետարացվում, մնացածը բարտերի և ինքնասպառման համար է»:
«Բայց դու էն ասա՝ մարդա 250 կգ կարտոֆիլ են ուտո՞ւմ նորածնից սկսած մինչև ծերերը: Ուտո՞ւմ են, թե՞ չեն ուտում»,- Հրանտ Բագրատյանի հարցը պնդեց Վարդան Այվազյանը:
Ստեփան Մնացականյանն ամեն կերպ հարցից խուսափեց` հավելելով, որ արտադրանքի 97%-ը պետք է ինքնասպառում գրանցեն ու կստացվի ՀՀ-ում գյուղատնտեսություն չկա. «Դրա համար համատարած հաշվառում իրականացրինք, որը կամփոփվի 2016 թվականի դեկտեմբերին և ցուցանիշների ստացման աղբյուրը կփոփոխվի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ուղղակի Քոչարյանի մասին բան չգտա, երևի ուշադիր չէի։
թե լրագրքղին էր պետք դիշովի տրյուկ։
առավոտը , իհարկե, բեսամթ օբյեկտիվ ա։
չէ՞, Աննա Իսրայելյան։
Հարգելի Տիգրան Ա.հոդվածու ոչ մի դիշովի տրյուկ չկա, ինչպես Դուք եք արտահայտվել: Ընդամենը տնտեսագիտական նրբություն է: Բացատրեմ:«3 անգամ շեղում կա և աճի երկնիշ տեմպերը արդարացնելու համար գնացել եք, ստիպված եք եղել բազան իջեցնել»,- ասում է Հրանտ Բագրատյանը` նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին արձանագրված երկնիշ տնտեսական աճը: կարծեմ բոլորին է հայտնի, որ Հայաստանը երկնիշ տնտեսական աճ արձանագրել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տրիներին: Իսկ Ստեփան Մնացականյանն, ով այն ժամանակ էլ ԱՎԾ պետ էր, պատասխանում է. «Մենք փորձում ենք այդ խնդիրները լուծելու ուղղությամբ, նաեւ Ձեր բարձրացրած հարցերով, ՀԲ-ի հետ այդ աշխատանքն առաջ տանել: Ձեր ասած տեղեկատվությունը եւս փորձել ենք ստանալ: Ես համաձայն եմ, լուրջ հարց է, բայց լուծումն է շատ բարդ, որովհետեւ տեղեկատվության աղբյուրների բաց կա: Այդ ցուցանիշների մեջ, ձեր կողմից բարձրացված տրամաբանական անճշտությունները չի բացառվում, որ հետագայում իրենց լուծումները ստանան»,- ասաց Ստեփան Մնացականյանը: Նա չի բացառում, որ առաջիկայում գրանցված շարքերի վերանայումներ արվեն:
Ահա եւ ամբողջը: Ավելի պարզ ասել, որ երկնիշ տնտեսական աճը փուչիկ էր, Ստեփան Մնացականյանը չէր կարող: