Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2015 թ. հունիսի 26-ի որոշման դեմ բերված բողոքը:
Հիշեցնենք, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցը ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողմից սպանության, բռնաբարության սպառնալիքներ տալու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել:
Մասնավորապես, Առաքել Մովսիսյանը ՀՀ պաշտպանության նախարարի և նրա ընտանիքի մասին տարածված տեղեկությունների վերաբերյալ հարցազրույց տալու ընթացքում հայտնել է, որ «Աստված տա, իմ ձեռքը որ ընկնի, ես անձամբ կգլխատեմ…», այնուհետև նշում է. «…Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են»:
Արթուր Սաքունցը իր բողոքը հիմնավորել էր նրանով, որ պատգամավորի սպառնալիքը եղել է կոնկրետ և իրական՝ պնդելով, որ այդ հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարի և նրա ընտանիքի մասին համացանցում որևէ այլ հրապարակում չի կատարվել, այսինքն՝ հնչեցված սպառնալիքից հետո այլևս հրապարակավ կարծիքներ չեն արտահայտվել:
Կարդացեք նաև
Այսօր դատարան չէին ներկայացել ոչ Արթուր Սաքունցը, ոչ դատախազը ոչ էլ ՀՔԾ քննիչը, որը Սաքունցի հաղորդման հիման վրա քննել է գործը: Դատարանը նախ ընդմիջում հայտարարեց, ապա հրապարակեց որոշումն առանց կողմերի ներկայության:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ