Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Կուրսկի փոխնահանգապետ Լյուդմիլա Գրեբենկովայի գլխավորությամբ Գյումրի էր այցելել 16 հոգանոց պատվիրակություն՝ Գյումրիում Կուրսկի անվան հրապարակը պաշտոնապես բացելու, քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու համար:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պատվիրակության անդամներից մի քանիսին Գյումրու խորհրդանիշը դարձած մուշուրբա նվիրեց՝ պարզաբանելով, որ եթե ջուրը լցնեն ու խմեն, բաժակը կսկի երգել: Հյուրերը զարմացած արձագանքեցին՝ կարելի՞ է այդ բաժակով գինի խմել: «Գինի՞, այն էլ ինչպես»,- պատասխանեց մարզպետը:
Կարդացեք նաև
Հյուրերն այնպես էին գայթակղվել, որ նախքան մարզպետարանից հեռանալը ուզում էին տեղում փորձել բաժակը: Մարզպետարանից պատվիրակությունը շտապեց Գյումրու քաղաքապետարան, որտեղ Գյումրու քաղաքապետը պատվիրակության անդամներից ոմանց դարձյալ մուշուրբա նվիրեց՝ տեղյակ չլինելով, որ Շիրակի մարզպետն արդեն իսկ հասցրել է նվիրել ու պարզաբանել, թե դա ինչ է:
Գյումրու քաղաքապետն ասաց, որ սա ձեռքի աշխատանք է, սա մեր քաղաքի խորհրդանիշն է, ջուր խմելուց զրնգում է: Հյուրերը այլեւս չզարմացան, քանի որ հասցրել էին «կլկլալով» ջուր խմելու դասեր առնել մարզպետից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ